‘Նալբանդյանին «չի մտահոգում» ՄԻԵԴ-ի որոշումը’

1014

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է Ադրբեջանի մի քանի քաղաքացիների հայցն ընդդեմ Հայաստանի։ Լաչինի մի քանի նախկին բնակիչներ իրենց հայցում նշել էին, թե արցախյան հակամարտության պատճառով չեն կարողանում վերադառնալ իրենց տները ու փոխհատուցում էին պահանջել ՀՀ-ից։ Դատարանը կողմերին մեկ տարի ժամանակ է տվել՝ համաձայնության գալու համար։

Անդրադառնալով այս հարցին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նշել է. «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի շրջանակներում, կամ հովանու տակ, կամ միջնորդությամբ չէ, որ ընթանում են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հանգուցալուծման բանակցությունները։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափն է, որը զբաղվում է հիմնահարցի կարգավորմամբ։

Չիրագովի հայցով կայացված որոշումը վերաբերում է անհատական դատական գործին, որը չի կարող ազդել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցային գործընթացի վրա։

Ադրբեջանի կողմից վերոհիշյալ որոշման շահարկումը կարող է միայն վնաս հասցնել խաղաղ հանգուցալուծման ջանքերին։

Փախստականների և տեղահանված անձանց վերադարձի իրավունքի հետ կապված հարցերը բանակցային գործընթացի բաղկացուցիչ մաս են կազմում, դրանք կարող են լուծում ստանալ հիմնախնդրի համապարփակ կարգավորման արդյունքում։ Այս մասին նշվում է նաև ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ եռանախագահող երկրների ղեկավարների կողմից արված հայտնի հայտարարություններում»:

Նշենք, որ Ադրբեջանի քաղաքացիների՝ ազգությամբ քուրդ Չիրագովների, Ջեբրայիլովների ու այլոց հայցերը նախադեպային էին, որոնք կարող են առիթ հանդիսանալ Ադրբեջանի մյուս քաղաքացիների համար եւս, որպեսզի վերջիններս նույնպես դիմեն ՄԻԵԴ՝ Հայաստանից փոխհատուցում ստանալու պահանջով: 

Նախորդ հոդվածը‘ԱՆ. Կոմայի մեջ գտնվող փոքրիկի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր’
Հաջորդ հոդվածը‘Մեղրիում հրդեհից տուժած ընտանիքները բնակարան կստանան’