‘Նալբանդյան. Բանակցությունները պետք է շարունակել’

3103

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ՝ այսօր Երեւանում կայացած ասուլիսում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է, որ տեղի ունեցած հանդիպման ընթացքում իրենք հատուկ ուշադրություն են դարձրել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին:

«Հատուկ ուշադրություն է դարձվել Հայաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերին՝ ուղղված 2016-2017թթ. ղարաբաղյան խնդրի շուրջ Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի եւ Ժնեւի գագաթնաժողովներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը՝ ուղղված իրավիճակի լարվածությունը կանխելուն, հրադադարի մասին եռակողմ համաձայնագրերի պահպանմանը, հակամարտության գոտում լարվածության նվազեցման նպատակով լրացուցիչ միջոցառումների ձեռնարկմանը եւ բանակցային գործընթացի ակտիվացմանը: Մեր բանակցություններն անցել են լիակատար փոխըմբռնման մթնոլորտում, ինչը եւ բնական է դաշնակից երկրների համար»,- հայտարարել է Նալբանդյանը:

Նա նշել է, որ «կարգավորման հիմնական սկզբունքները եւ տարրերն արդեն դրված են սեղանին», որ կան աշխատանքային փաստաթղթեր, հակամարտության հիմնական սկզբունքների շուրջ բանակցությունները շատ երկար են վարվել, ու այդ ֆոնին Ադրբեջանն ասում է, որ կարիք չունի բանակցելու հիմնական սկզբունքների հարցով:

«Եվ չնայած Ադրբեջանի այս, մեղմ ասած, ոչ կառուցողական դիրքորոշմանը, անշուշտ պետք է շարունակել բանակցությունները, որովհետեւ չկա այլընտրանք բանակցային գործընթացին»,- ասել է Նալբանդյանը:

 

Նախորդ հոդվածը‘Վաղվանից կմտնենք հզոր ցիկլոնի ազդեցության գոտի’
Հաջորդ հոդվածը‘«Ռոսհիդրոմետ»-ը հաստատել է Չելյաբինսկում ճառագայթման բարձր մակարդակը’