‘Նալբանդյան. ՆԱՏՕ-ի հռչակագրում տեղ գտած մոտեցումը վնասում է ԼՂ բանակցային գործընթացին ‘

908

ՆԱՏՕ-ի Ուելսի գագաթնաժողովում ընդունված հռչակագրի՝ ԼՂ հիմնախնդրին վերաբերող դրույթն ընդհանրացված կամ ընտրովի մոտեցում է արտահայտում, ինչը վնաս է հասցնում բանակցային գործընթացին, այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Իր ավստրիացի գործընկեր Սեբաստիան Կուրցի հետ համատեղ ասուլիսում, պատասխանելով լրագրողների հարցերին, Նալբանդյանը նշել է, որ ՆԱՏՕ-ն չի զբաղվում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմամբ:

«Ավելին` ՆԱՏՕ-ն իր աջակցությունն է հայտնել եռանախագահող երկրների մոտեցումներին և ջանքերին, որոնք բազմիցս արտահայտվել են` նախագահների մակարդակով` հինգ հայտնի հայտարարությունների միջոցով, և որոնք համահունչ են Հայաստանի մոտեցումներին:   Մինսկի խմբի երկու համանախագահները Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ են: Չնայած դրան՝ ՆԱՏՕ-ի վերջին գագաթնաժողովների ընթացքում, գագաթնաժողովից գագաթնաժողով՝ որոշ փոփոխություններով, նաև վերջին` Ուելսի գագաթնաժողովի ժամանակ այն դրույթում, որը վերաբերում է Մոլդովայում և Հարավային Կովկասում հակամարտությունների կարգավորմանը, ներառվել են ձևակերպումներ, որոնք ընդհանրացված կամ ընտրովի մոտեցում են արտահայտում, ինչը չի համապատասխանում եռանախագահների կողմից արված առաջարկներին, հնչեցված գաղափարներին և մոտեցումներին, չի համապատասխանում նաև այն բազմաթիվ հայտարարություններին և որոշումներին, որոնք ընդունվել են վերջին տարիների ընթացքում` ԵԱՀԿ շրջանակներում», — ասել է նախարարը:

Նալբանդյանի խոսքով,  դա վնաս է հասցնում բանակցային գործընթացին, վնաս է հասցնում նաև տարածաշրջանում կայունությանը և անվտանգությանը։

«Դա նպաստում է նրան, որ Ադրբեջանը ավելի և ավելի է կտրվում իրականությունից և իր ռազմատենչ հռետորաբանությամբ ու քաղաքականությամբ հակառակ է գնում հիմնախնդրի կարգավորման` միջազգային հանրության մոտեցմանը։ Ես կցանկանայի նշել, որ ընտրովի մոտեցումը սկզբունքներին հակասում է միջազգային իրավունքին, ՄԱԿ-ի կանոնադրությանը, նաև` Հելսինկյան եզրափակիչ ակտին», — ասել է Էդվարդ Նալբանդյանը: 

Նախորդ հոդվածը‘Այլընտրանքային օրհներգ` Պարույր Հայրիկյանի կատարմամբ (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանը մերժել է Կապույտ մզկիթում նամազ անցկացնելու վերաբերյալ պահանջը’