‘Նախագահականին «հուզում է» թմրամիջոցներից կախվածների թվի աճը ‘

998

Վերջին 5 տարիներին Հայաստանում թմրամիջոցներից կախում ունեցող անձանց թիվն աճել է: Այս մասին թմրադեղերի անօրինական շրջանառության թեմայով տարածաշրջանային կոնֆերանսում հայտարարել է Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը:

Նրա խոսքով, դրականն այն է, որ Հայաստանը միջանցիկ երկիր չի հանդիսանում, բայց վտանգներ կան: «2013 թվականին բացահայտվել է թմրադեղերի անօրինական շրջանառության 1222 հանցագործություն և 362 իրավախախտում, 2012-ին` համապատասխանաբար` 1139 և 362, այդ ժամանակահատվածում ձերբակալվել է 1272 անձ»,- նշել է նա: Սարգսյանը նշել է նաև, որ թմրադեղերի անօրինական շրջանառության դեմ պայքարի հարցերով Հայաստանն արդյունավետորեն համագործակցում է ՄԱԿ-ի հետ: Նա ասել է, որ վերջին 5 տարիներին Հայաստանում թմրամիջոցներից կախում ունեցող անձանց թիվն աճել է: «Սակայն, դա մտահոգիչ ցուցանիշ չէ, քանի որ կազմում է բնակչության ընդամենը 0.1%-ը»,-նշել է նա:

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնն էլ իր հերթին է նշել թմրադեղերի անօրինական շրջանառության դեմ պայքարի կարևորությունը՝ նկատելով, որ թմրամիջոցների առգրավման միջոցառումների վերաբերյալ ցուցանիշները ցույց են տալիս միջազգային համագործակցության անհրաժեշտությունն այդ ոլորտում: «Կոնֆերանսի նպատակը համագործակցության խորացումն է և փորձի փոխանակման միջոցով այդ հանցագործությունների կանխարգելումը՝ հասնելով հանցագործների քրեական հետապնդումների»,-եզրափակել է դեսպանը:

Նշենք, որ առաջին կոնֆերանսը տեղի էր ունեցել Երևանում, սեպտեմբերի 11-12-ը, իսկ երկրորդը`Թբիլիսիում, սեպտեմբերի 15-16-ը:

Նախորդ հոդվածը‘Օհանյան. Զինծառայողները, ովքեր կանցեն քրեական գործով, կենթարկվեն քրեական պատասխանատվության’
Հաջորդ հոդվածը‘Պատգամավորներ. Շանթը քաղհալածյալ է, սահմանված պատժամիջոցը՝ անընդունելի’