‘Նախանձներ, չարեր, տգետներ’

3646

Ութսունականներին մեծ աղմուկ հանած իտալական մի ֆիլմ կար, որտեղ նկարագրվում էր արվարձաններից մեկում բնակվող ցեղախումբը, որն ապրում է գաղջ մթնոլորտում ու որևէ կերպ չի կարողանում ազատվել դրանից:

Ֆիլմի վերնագիրն էր «Այլանդակները, կեղտոտները, չարերը»: Ով չի դիտել այդ ֆիլմը, խորհուրդ կտամ անպայման դիտել, որովհետև դժվար թե մեկ այլ ֆիլմ կարողանա այդքան դիպուկ նկարագրել Հայաստանում տիրող ամբողջական իրավիճակը:

Հետաքրքիր է, որ այդ ֆիլմում բոլոր այլանդակների, չարերին և կեղտոտներին թվում է, թե իրենք այդպիսին չեն: Իսկ ամենաուշագրավն այն է, որ նրանցից յուրաքանչյուրը ենթագիտակցորեն ատում է իր էությունը, սակայն չի ցանկանում ընդունել, որ ինքն էլ է այդպիսին:

Յունգի կոլեկտիվ անգիտակցականի տեսության մեջ հստակ նկարագրված է այն պատկերը, երբ մի ցեղախմբում ընդունվում են որոշակի նորմեր, ցեղախմբի առաջնորդն սկսում է հավատալ այն բանին, որ միայն ինքն իրավունք ունի խախտել դրանք, և ցեղախմբի մնացած անդամների կողմից սահմանված կանոնների խախտումը համարվում է «օրենքից» դուրս և պատժի ենթակա ցեղապետի կողմից:

Եթե Յունգի կոլեկտիվ անգիտակցականի տեսությանն ավելացնում ենք Ֆրոյդի «լեզվական սայթաքումների» բաժինը, ապա հասնում ենք Սերժ Սարգսյանի՝ «բազեների» հետ ունեցած հարցազրույցին: 

Նախ, նա իր ցեղակիցների առջև փորձում է ցեղախմբի մնացած անդամներին մեսիջ ուղարկել, որ միայն ինքն իրավունք ունի խախտել օրենքները, իսկ մյուսները ցանկացած զանցանքի համար կպատժվեն օրենքի ողջ խստությամբ:

Սակայն ոչ այնքան հարցազրույցի այս հատվածն է հետաքրքիր, որքան հարցազրույցի վերջնամասը, որտեղ Սերժ Սարգսյանը հայտարարում է, թե ինքն ամենաշատը չի սիրում նախանձներին, տգետներին և չարերին:

Հիմա, ըստ Ֆրոյդի՝ փորձենք վերլուծել՝ արդյո՞ք տգետներին չսիրող մարդը ՀՀԿ ցուցակում կունենար այնպիսի դեմքեր, որոնք գրել-կարդալ էլ են դժվարությամբ կարողանում:

Ապացույցներ կարելի է չփնտրել. հերիք է այս գումարման ԱԺ պատգամավորների կրթական ցենզը համեմատել մյուս գումարումների ԱԺ պատգամավորների ինտելեկտուալ հնարավորությունների հետ, և կապացուցվի մարդու «տգիտություն չսիրելու աստիճանը»: Նույն համեմատությունն էլ կարելի է անել կառավարության անդամների և նախորդ իշխանությունների օրոք ձևավորված կառավարությունների միջև, և հարցը փակված կլինի: Էլ չենք խոսում սաշիկների, շմայսների ու նեմեցների կրթական ցենզի մասին,  համոզված ենք, որ ազգը դեռ ըստ արժանվույն չի գնահատել նրանց վաստակը ՀՀ գիտության բնագավառում:

Անցնելով նախանձությանը՝  կարելի է միայն վերծանել այս բառը, և ամեն ինչ իր տեղը կընկնի: Նախանձ՝ ըստ արմատական բառարանի՝ կարող է  մեկնաբանվել՝ «նախ յուր անձը», այսինքն՝ մարդ, ով հանուն իր անձի առաջնայնության՝ կարող է ամբողջ շրջապատին տանել փորձության, կամ մարդ, որն իր անձի գերագնահատման պատճառով փորձում է նվաստացնել ուրիշների վաստակը: Եզրակացությունը թողնում եմ ձեզ. Մարտի մեկին  տասը մարդու սպանությամբ իշխանության եկած մարդիկ երևի նախանձ բառի ստուգաբանությունը ենթագիտակցորեն շատ ավելի լավ գիտեն, քան պարզ մահկանացուներս:

Խոսելով չարության մասին՝ կարելի է ասել, որ չարությունն ինքնին բարության հականիշն է, այսինքն՝ այստեղ պետք է փորձել գտնել բարին, որպեսզի չարը հենց այդտեղ էլ «հակադրվի» բարուն ու բացահայտվի, այլապես, առանց բարին գտնելու՝ չարը կարող է որպես բարի էլ հանդես գալ:

Դիցուք՝ ա. ոմն մարզպետ սպանում է մի քաղաքացու, կամ ոմն օլիգարխ իր թիկնապահներին հրամայում է սպանել մի հայ սպայի:

բ.Որոշ ժամանակ անց մարդասպանները հայտնվում են դրսում կամ ընդհանրապես չեն ձերբակալվում՝ որպես «բարի կամքի դիսևորում»:

Եթե պատմության առաջին մասը հանում ենք, ապա միայն երկրորդ մասով այդ մարդկանց բանտից ազատ արձակողը նրանց կյանքի երկրորդ շանս է տալիս, այսինքն՝ բարի գործ է կատարում՝  չի թողնում, որ երիտասարդներն իրենց կյանքի մնացած մասն անցկացնեն բանտում: Մինչև իսկ, կարելի է ասել՝ փրկում է նրանց կյանքը:

Սակայն երբ ծանոթանում ենք տվյալ պատմության առաջին մասին՝ հասկանում ենք, որ բարությունը ոչ թե մարդասպան երիտասարդների կյանքը փրկելն է, այլ նրանց ցմահ դատապարտելը, իսկ նրանց անպատիժ թողնելն ամենամեծ չարությունն է:

Սերժ Սարգսյանը դժվար թե գիտականորեն հասկանա այս երևույթը: Նույն կերպ էլ նա դժվար հասկանա, որ մարդկանց 5000 դրամ ընտրակաշառք բաժանելով՝ ոչ թե նրանց «բարություն» է անում՝ հնարավորություն տալով հոգալ իրենց հանապազօրյա հոգսերը, այլ  ընտրակաշառք բաժանելն ինքնին հենց չարություն է:

Ցավոք սրտի՝ Սերժ Սարգսյանը կարդացած չի լինի Նիցշեի «Չարից և Բարուց անդին» գործը, այլապես կիմանար, որ  չարն ու բարին քաղաքական կատեգորիաներ չեն:

Ամեն դեպքում՝ Սերժ Սարգսյանի տվյալ հարցազրույցը մի դրական կողմ ուներ. այն բավականին մտորելու առիթ տվեց և բացահայտեց հենց նույն Սերժ Սարգսյանի ենթագիտակցական շերտերը, որտեղ հստակ գծագրվում է Հայաստանում «Գաղջի Ճարտարապետի» հոգեբանական կերպարը:

Միսակ Մարտինյան

Նախորդ հոդվածը‘ԱԺ-ում տեղի է ունեցել ՀՅԴ-ԲՀԿ հանդիպումը’
Հաջորդ հոդվածը‘ԱԺ-ում ու Երեւանի ավագանիում ԲՀԿ խմբակցությունները համատեղ նիստ են արել’