‘Նախկինների քննադատությունը՝ հանուն վարկանիշի՞’

5333

Վերջին շրջանում նախկին իշխանությունները՝ հանրապետականներն ու քոչարյանականները, մեղմ ասած՝ մի լայնածավալ տեղեկատավական գրոհ են սկսել նախագահ Արմեն Սարգսյանի դեմ:

Բանը հասավ այնտեղ, որ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, թե զղջում է այն բանի համար, որ ժամանակին ԱԺ-ում կողմ է քվեարկել Արմեն Սարգսյանին՝ Հայաստանի նախագահ դառնալու քվեարկության ժամանակ:

Թվում է՝ առիթ կա իրենց նեղվածության, Սարգսյանը ՍԴ դատավորի թեկնածու էր առաջադրել Վահե Գրիգորյանին, ինչը հանրապետականների եւ հատկապես քոչարյանականների սրտով չէր, Սարգսյանը գործողություններ չէր ձեռնարկել դատարանների մոտ տեղի ունեցած ակցիաների ժամանակ, ինչը նորից նրանց սրտով չէր: Եւ թվում է, թե հենց այդ նեղացվածությունն ու սպասելիքների անկատար թողնելն էր դարձել նախկինների սրտնեղության պատճառ:

Բայց եթե մի փոքր ավելի ուշադիր նայենք այս ամբողջ տեղեկատվական պատերազմին եւ այն գռեհիկ բառապաշարին, որը կիրառվում է Արմեն Սարգսյանի դեմ՝ ընդուպ մինչեւ անձնական վիրավորանքներ, այլ տպավորություն է ստեղծվում:

Տպավորություն է, թե նախկինները միտումնավոր են թիրախավորել Սարգսյանին՝ վերջինիս վարկանիշը բարձրացնելու համար:

Որովհետեւ հայտնի փաստ է, թե ինչպես են նախկիններին վերաբերվում մարդիկ, եւ ըստ այդմ էլ՝ նույն կերպ վերաբերվում են բոլոր նրանց, ում գովում են նախկինները: Փոխարենը՝ մարդկանց մոտ դրական վերաբերմունք է ձեւավորում բոլոր նրանց հանդեպ, ում նախկինները թիրախավորում են եւ քննադատում:

Սա հայտնի է նաեւ նախկիններին, եւ տպավորություն է, որ նրանք հենց սա իմանալով ու հաշվի առնելով էլ որոշել են քննադատելով Սարգսյանին՝ բարձրացնելու նրա վարկանիշը եւ յուրատեսակ հակակշիռ ստեղծելու Նիկոլ Փաշինյանին:

Գաղտնիք չէ, որ նախկինները ոչ միայն քրեական հետապնդումներից խուսափելու եւ ունեցվածքը պահպանելու մղում ունեն, այլեւ՝ ռեւանշի անթաքույց ցանկություն:

Եւ այս նպատակն իրականացնելու ճանապարհին նրանք չեն խորշում ոչնչից: Նրանք արդեն ամեն ինչ կորցրել են եւ հիմա գնում են վա-բանկ: Եւ այդ ճանապարհին նրանց խիստ անհրաժեշտ է ստեղծել Փաշինյան-Սարգսյան հակադրություն, ուժեղացնել Սարգսյանին, բարձրացնել նրա վարկանիշը՝ հույսով, որ նա էական դերակատարություն կունենա ապագայում իշխանության գալու իրենց ցանկությունների հարցում:

Իրականում, սակայն, հանրապետականներն ու Արմեն Սարգսյանը փաստացի նույն թիմի ներկայացուցիչներ են, եւ ակնհայտ երեւում է, որ այս փոխադարձ խայթոցները համաձայնեցված պլանի մաս են: Ինչպիսի մաս է եւ օրերս հրապարակված սոցհարցումը, համաձայն որի՝ ամենամեծ վարկանիշը երկրում ունի հենց Արմեն Սարգսյանը:

Չգիտես ինչու, սակայն, այդ հարցումը դարձել է իշխանական շրջանակների ուրախության առարկա, այնինչ՝ նրանք չեն նկատում, որ իրենց դեմ համակարգ է աշխատում:

Պարգեւ Ապրեսյան  

Նախորդ հոդվածը‘Դատարանը բավարարել է Արա Մինասյանին կալանավորելու միջնորդությունը’
Հաջորդ հոդվածը‘«Ժողովրդի ծառան» օրենքներ կընդունի իմպիչմենտի և անձեռնմխելիության վերաբերյալ’