‘ՆԱՏՕ-ն անհանգստացած է Մակեդոնիայում բռնությունների պոռթկման կապակցությամբ’

1045

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Սթոլթենբերգը անհանգստություն է հայտնել մակեդոնական Կումանովոյի իրավիճակի շուրջ, որտեղ զինյալների եւ անվտանգության ուժերի միջեւ բախումներ են տեղի ունեցել: Այս մասին հայտնում է դաշինքի մամուլի ծառայությունը:

«Ես մեծ մտահոգությամբ եմ հետեւում Կումանովոյի իրադարձությունների զարգացմանը: Ես ցավակցություններս եմ հայտնում զոհվածների եւ վիրավորների ընտանիքներին»,- նշել է նա:

Սթոլթենբերգը ընդգծել է կարեւորությունը, որպեսզի բոլոր քաղաքական ուժերը եւ հասարակական գործիչները համատեղ ջանքեր գործադրեն՝ տեղի ունեցածը բացահայտելու նպատակով թափանցիկ նախաքննություն անցկացնելու եւ կարգուկանոնը վերականգնելու համար:  

«Ես կոչ եմ անում բոլորին զսպվածություն ցուցաբերել եւ ելնելով երկրի եւ տարածաշրջանի շահերից՝ զերծ մնալ հետագա էսկալացիայից», — եզրափակել է գլխավոր քարտուղարը:

Միջադեպը տեղի է ունեցել է մայիսի 9-ին Սկոպյեից 40 կմ հյուսիս, Կումանովո համայնքում՝ էթնիկ ալբանացիներով բնակեցված ավանում: Ինչպես հայտնել են իշխանությունները, այնտեղ հատուկ գործողությունների ընթացքում ոչնչացվել է ահաբեկիչների խմբավորում՝ հարեւանությամբ գտնվող Կոսովոյի անկախության պատերազմի վետերանների գլխավորությամբ:

Փոխհրաձգության ընթացքում առնվազն 22 մարդ է զոհվել՝ 8 ոստիկան եւ 14 ահաբեկիչ: 37 սպա վիրավորվել է: Իշխանությունները հայտարարել են, որ զոհվածների թիվը, հնարավոր է, աճի: Ընդ որում, պաշտոնական տվյալներով՝ զոհվածների թվում քաղաքացիական դեմքեր չկան, փոխանցում է Reuters-ը:

Իրավապահ մարմինների տվյալներով՝ ահաբեկիչները նախատեսում էին հարձակումներ գործել քաղաքացիական եւ պետական կառույցների վրա:

Կումանովոյի դեպքերի առնչությամբ կառավարությունը երկօրյա ազգային սուգ է հայտարարել:

Նախորդ հոդվածը‘Հայաստանը զբոսաշրջության մրցունակության առումով 89-րդն է’
Հաջորդ հոդվածը‘Օլանդը ժամանել է Կուբա’