‘Նիկոլա Սարկոզիի մասնավոր հեռախոսազրույցները հայտնվել են մամուլում’

985

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին հայտնվել է հերթական սկանդալի կիզակետում. մամուլում հրապարակվել են նրա մասնավոր հեռախոսազրույցները: Քաղաքական գործչի վերաբերյալ կոմպրոմատները հրապարակել են նորությունների Atlantico կայքը  և Le Canard Enchaine երգիծական ամսագիրը:

Հեռախոսազրույցներից պարզվում է, որ իր նախագահության օրոք Սարկոզին  այնքան էլ լավ չի արտահայտվել  մի քանի նախարարների մասին, իսկ վերջիններս էլ, իրենց հերթին, չափազանց շատ են վրդովվել, երբ կարևոր հանդիպումներին ներկա է եղել նաև երկրի ղեկավարի տիկինը՝ Կառլա Բրունին:

Ֆրանսիացի քաղաքական գործիչները և ինքը Սարկոզին այս բացահայտումներն անվանել են «նողկալի և անընդունելի»: Հիմանական վարկածի համաձայն՝ տեղեկատվության արտահոսքը տեղի է ունեցել նախագահի քաղաքական հարցերով խորհրդական Պատրիկ Բիսոնի մեղքով, ով հավաստիացնում է, որ ձայնագրություններն արել է բացառապես մասնագիտական նկատառումներով՝ որպեսզի վստահ լինի, որ հնչող կարծիքներն ու մեջբերումները ճիշտ են: Հետո, Բիսոնի ասելով, այդ ձայնագրությունները գողացել են իր մոտից: Քննիչներն ուսումնասիրում են այս վարկածը:

Ինչևէ, ըստ ամենայնի՝ Սարկոզին պետք է պատրաստ լինի ամենավատ զարգացումների. լրագրողները հավաստիացնում են, որ իրենց ձեռքում են հայտնվել հազարավոր ժամերի ձայնագրություններ, և նշել են, որ շուտով կհրապարակեն նաև այլ նյութեր:

Ինչպես նշում են քաղաքագետները, եթե այս պատմությունը մեծ սկանդալի վերածվի, ապա կձախողի 2017 թ. մեծ քաղաքականություն վերադառնալու՝ Սարկոզիի պլանները, փոխանցում է France-Presse գործակալությունը:

Ի դեպ, Ֆրանսիայի ներկա նախագահ Ֆրանսուա Օլանդի վարկանիշն այնքան է ընկել, որ Սարկոզիի համար վերադարձի իրական հնարավորություններ են բացվել: Այսպես, եթե ուղիղ մեկ տարի առաջ Օլանդի վարկանիշը գրեթե 70 %-ի էր հասնում, ապա հիմա, հարցումների համաձայն, այն հազիվ 20% է:

Նիկոլա Սարկոզին Ֆրանսիայի պատմության մեջ առաջին նախագահն է, որն ամուսնալուծվել է իշխանավարության ընթացքում և մեկ անգամ ևս ապացուցել աշխարհին, որ ֆրանսիացիները մեծ սիրավեպերի և բուռն կրքերի վարպետ են: Փոխանցում է kp.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Մեկնարկում է Քարնեգի հետազոտական կրթաթոշակային ծրագիրը’
Հաջորդ հոդվածը‘Խրիստենկո. Հայաստանը կարող է ՄՄ անդամ դառնալ արդեն այս տարի’