‘Նյու Յորքում տրվեց 100Lives եւ «Ավրորա» մրցանակաբաշխության մեկնարկը’

2334

Նյու Յորքում մարտի անցյալ գիշեր՝ Երեւանի ժամանակով ժամը 01:00-ին մեկնարկեց 100 LIVES նախաձեռնությունը: Ինչպես ասված է գործարար Ռուբեն Վարդանյանի և նրա տիկնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի կողմից հիմնված IDeA հիմնադրամի («Հայաստանի զարգացման նախաձեռնություններ») տարածած հաղորդագրությունում, նախաձեռնությունը կոչված է երախտագիտություն արտահայտելու այն անհատներին ու կազմակերպություններին, որոնց հերոսական ջանքերի շնորհիվ 100 տարի առաջ` Հայոց ցեղասպանության ժամանակ, փրկվեցին բազմաթիվ հայեր։

2016 թ. ապրիլի 24-ին Երևանում օսկարակիր դերասան Ջորջ Քլունին հաղթողին կհանձնի անդրանիկ «Ավրորա» մրցանակը։

«Պատիվ ունեմ միանալու 100 LIVES նախաձեռնությանը, քանի որ նրա և իմ Not On Our Watch հիմնադրամի նպատակներն ընդհանուր են. երկուսն էլ ձգտում են աշխարհի ուշադրությունը հրավիրել ցեղասպանության թողած ազդեցության վրա և փորձում են միջոցներ հատկացնել աշխարհով մեկ զանգվածային ոճրագործությունները դադարեցնելու համար: Բոլորս պետք է մտահոգվենք, որ աշխարհում մինչ օրս ցեղասպանություններ են տեղի ունենում։ Մենք, իբրև անհատներ, խմբեր և կառավարություններ, պետք է անհապաղ լուծենք այս խնդիրը»,- ասել է Ջորջ Քլունին:

1 մլն դոլարին համարժեք «Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովի մյուս համանախագահը մարդու իրավունքների հայտնի պաշտպան, ԱՄՆ-ի Հոլոքոստի հուշահամալիր-թանգարանի նախագահ Էլի Ուիզելն է։ Մնացած անդամները կհայտարարվեն առաջիկա մի քանի ամիսներին:

«Ես ականատես եմ եղել ցեղասպանության թողած ավերածությանը, ինչը ցավալիորեն շարունակվում է մինչ օրս։ Բայց ես քաջածանոթ եմ նաև մարդկային ոգու տոկունությանը։ Մեծարելով հանդերձ՝ մենք պետք է նաև միշտ հիշենք այն անձնազոհ մարդկանց ջանքերը, ովքեր մեկ դար առաջ միջամտեցին՝ փորձելով մեկընդմիշտ դադարեցնել նմանատիպ ոճիրները»,- ասել է Էլի Ուիզելը։

«Ավրորա» անվանումն ընտրվել է ի պատիվ Ավրորա Մարդիգանյանի, ով մանուկ հասակում դարձել է Հայոց ցեղասպանության ընթացքում գործած բարբարոսությունների ականատեսը, կորցրել հորն ու եղբայրներին։ Հրաշքով փրկվելուց հետո նա կարողացել է իր մեջ ուժ գտնել և իր կյանքը նվիրել է մարդասիրական օգնություն ցուցաբերելու և Հայոց ցեղասպանության մասին բարձրաձայնելու գործին՝ նկարահանվելով «Հոշոտված Հայաստան» ֆիլմի (1919 թ.) գլխավոր դերում։

 

Նախորդ հոդվածը‘Ի լրումն «Արդյո՞ք ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորի ընտրության մրցույթին հետևել է եւս մեկ դիտորդ» հոդվածի’
Հաջորդ հոդվածը‘Գյումրիում տեղի ունեցած զինված միջադեպի առթիվ երկու անձի նկատմամբ հետախուզում է հայտարարվել’