‘Նոբելյան մրցանակակիրը վերընտրվել է Մյանմայի ընդդիմության առաջնորդ’

897

Մյանմայում Նոբելյան մրցանակակիր Աուն Սան Սու Չժուն այսօր վերընտրվել է ընդդիմադիր «Ազգային լիգան հանուն ժողովրդավարության» կուսակցության առաջնորդ, հայտնում է Agence France-Presse-ը:

Աու Սան Սու Չժուին գաղտնի քվեարկության ընթացքում ընտրել են կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամները: Այս օրերին Մյանմայի խոշորագույն Յանգոն քաղաքում անց է կացվում «Ազգային լիգան հանուն ժողովրդավարության» կուսակցության համագումարը:

Նախօրեին Սու Չժուն կոչ է արել կուսակիցներին երկպառակություն թույլ չտալ կուսակցության ներսում ու միավորվել 2015 թվականին կայանալիք ընտրությունների նախաշեմին, որոնց միջոցով ընդդիմությունը մտադիր է ստանալ խորհրդարանի տեղերի մեծամասնությունը: Կուսակցությունում նկատվում է ավագ և կրտսեր սերունդների միջև անհամաձայնություն, իսկ BBC-ն գրում է, որ կուսակցությունը վերակազմավորվելու անհրաժեշտություն ունի:

«Ազգային լիգան հանուն ժողովրդավարության» կուսակցությունը հաղթել է երկրում 1990 թվականին անց կացված խորհրդարանական ընտրություններում: Զինվորականները, որոնց ձեռքում էր իշխանությունը, հրաժարվել են ընդունել կուսակցության հաղթանակն ու կուսակցության առաջնորդ Աուն Սան Սու Չժուին տնային կալանքի են ենթարկել: Ավելի քան 20 տարի ընդդիմադիր գործունեությունը Մյանմայում արգելքի տակ էր: «Ազգային լիգան հանուն ժողովրդավարության» կուսակցությունը բոյկոտել է 2010-ին անցկացված խորհրդարանական ընտրությունները, քանի որ կարծում էր, որ ընտրական օրենսդրությունը ընտրության մասնակիցներին անհավասար մրցակցության մեջ է դնում:

Մյանմայում մի շարք բարեփոխումներ են իրականացվել, և 2012-ին «Ազգային լիգան հանուն ժողովրդավարության» կուսակցությունը մասնակցել է ընտրություններին և խորհրդարանում 43 տեղ է ստացել: Այնուամենայնվիվ խորհրդարանում տեղերի մեծամասնությունը պատկանում է զիվորականների աջակցությունը ստացող կուսակցությանը:

Աուն Սան Սու Չժուն 67 տարեկան է, 1991 թվականին, գտնվելով տնային կալանքի տակ, նա Նոբելյան մրցանակ է ստացել Մյանմայում մարդու իրավունքների պաշտպանությանն օժանդակելու համար: Սու Չժուն կարողացել է դուրս գալ երկրից և ստանալ մրցանակը միայն 2012-ին:

Նախորդ հոդվածը‘Մովսիսյանի գեղեցիկ 2-րդ գոլը ‘
Հաջորդ հոդվածը‘Ստյոպայի Սաֆարյանի նամակը` մերկապարուհի Վարդային’