‘Նոր ՄԻՊ-ը վերջապես խոսեց Գասպարիի մասին. Նա լիահույս է եւ այլն’

1812

Ազգային ժողովում Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության գործընթացի շրջանակներում մի շարք պատգամավորների կողմից բարձրաձայնվել է քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիին ազատությունից զրկելու իրավաչափության հարցը: Միևնույն ժամանակ‚ փետրվարի 24-ին Վ.Գասպարիի փաստաբանը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ահազանգ է ներկայացրել այն մասին‚ որ Գասպարին ՀՀ Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ենթարկվել է խոշտանգման: Բացի այդ‚ Գասպարիի կինը և փաստաբանը ահազանգել են Վ.Գասպարիի կնոջ հետ նրա տեսակցություն չթույլատրելու մասին:

Ահազանգի հիման վրա ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման ծառայության աշխատակիցներն այցելել և տեսակցել են Վ.Գասպարիին:

Վ. Գասպարին հայտնել է‚ որ սկսել է հացադուլ‚ քանի որ խցում ենթարկվել է վատ վերաբերմունքի‚ այդ թվում՝ բռնության: Վ.Գասպարին հայտնել է նաև‚ որ իրեն տեղափոխել են այլ խուց: Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո Վ. Գասպարին դադարեցրել է հացադուլը:

Վերը շարադրվածի հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանը սեփական նախաձեռնությամբ սկսել է հարցի քննարկման ընթացակարգ և դիմել է ՀՀ գլխավոր դատախազին Վ. Գասպարիի հայտնած տվյալների հիման վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով վարույթ նախաձեռնելու առաջարկով:

Նույն հարցի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է նաև ՀՀ արդարադատության նախարարին:

Վ. Գասպարիի կինը‚ ինչպես նաև նրա փաստաբանը Մարդու իրավունքների պաշտպանին ահազանգ են ներկայացրել նաև այն մասին‚ որ Վ.Գասպարիի կնոջը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողները երկու անգամ թույլ չեն տվել տեսակցել Վ.Գասպարիի հետ: Այս հարցի կապակցությամբ նույնպես պարզաբանումներ են պահանջվել ՀՀ արդարադատության նախարարից:

Ինչ վերաբերում է Վ.Գասպարիին ազատությունից զրկելու իրավաչափության հարցին‚ ապա ուսումնասիրությամբ պարզվել է‚ որ Վ. Գասպարիին կալանավորելու մասին որոշում իր վարույթում գտնվող քրեական գործով կայացրել է դատարանը: «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի համաձայն՝ «Պաշտպանն իրավասու չէ միջամտել դատական վարույթին»: Նույն օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը Մարդու իրավունքների պաշտպանին արգելում է բողոքի ուսումնասիրման ընթացքում առաջացած հարցերի վերաբերյալ պարզաբանումներ ստանալ դատավորներից:

Այդուհանդերձ‚ հաշվի առնելով Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության գործընթացի շրջանակներում նշված հարցը բարձրացվել է ՀՀ Ազգային ժողովի մի շարք պատգամավորների կողմից՝ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից Վ.Գասպարիի փաստաբանների հրապարակային հայտարարությունների հիման վրա ուսումնասիրել է նաև Վ. Գասպարիին ազատությունից զրկելու հետ կապված իրավական հարցը:

Ուսումնասիրության հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է‚ որ անձին ազատությունից զրկելու հարցը լուծելիս ՀՀ Սահմանադրությամբ և Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերի դրույթները պահանջում են պահպանել դրանցով սահմանված չափանիշները մասնավորապես՝ ազատությունից զրկման հարցը լուծելիս դատարանի կողմից լսվելու իրավունքը‚ ազատությունից զրկվելու պատճառների մասին տեղեկանալու իրավունքը և այլն:

Մարդու իրավունքների պաշտպանը լիահույս է‚ որ իրավասու մարմինների կողմից հաշվի կառնվեն նշված չափանիշները Վ.Գասպարիի անազատության մեջ պահելու իրավաչափության հարցը քննարկելիս:

 

Նախորդ հոդվածը‘Ինչպես մաքրել ընտրացուցակները. Արամ Մանուկյանը ներկայացրեց հարեւանների փորձը’
Հաջորդ հոդվածը‘Գասպարիի կինը դիմել է ՄԻԵԴ՝ միջանկյալ միջոցառումներ կիրառելու խնդրանքով’