‘Ն. Զոհրաբյան. Ի՞նչն է դրվելու հանրաքվեի’

1191

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել իրեն առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու մասին։ 

168.am-ի հետ զրույցում ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը այսպես է մեկնաբանել հրամանագիրը. «Իսկ ինչ-որ մեկի համար հստա՞կ է, թե ինչն է դրվելու բարեփոխման: Եթե չկա օրակարգ, կա ընդամենը հանձնաժողով ստեղծելու մասին որոշում, ապա ի՞նչն է դրվելու հանրաքվեի»,- արձագանքեց նա, ապա ավելացրեց, որ երբ կլինեն այս հարցերի պատասխանները, այդ ժամանակ կուսակցությունը հստակ կհայտնի իր դիրքորոշում՝ ինչն է ընդունելի, ինչը՝ ոչ: «Թե չէ՝ օդում ինչ եզրակացություններ անենք»:

Նա նաեւ շեշտել է, որ ցանկացած սահմանադրական բարեփոխման նպատակը պետք է լինի երկրի կառավարման մեխանիզմներն առավել ժողովրդական դարձնելը, որպեսզի իշխանութան թևերի միջև լինեն իրական գործուն և ոչ թե իմիտացիոն մեխանիզմներ: «Ինչ վերաբերում է շրջանառվող տեղեկություններին, թե սահմանադրական բարեփոխումներ են իրականացվում կառավարման համակարգի մոդելը փոխելու նպատակով, այն է՝ խորհրդարանական կառավարման համակարգ որդեգրելուն, ես որքան հասկանում եմ՝ իշխող կուսակցության միջև այս հարցի շուրջ կարծիքները տարբեր են: ՀՀԿ-ի ներկայացուցիչը՝ Դավիթ Հարությունյանը, ասում է, որ նման քննարկում կա, երեկ էլ Գալուստ Սահակյանը կտրականապես հերքեց խորհրդարանական համակարգի անցնելու քննարկման առկայությունը: Երբ իշխող կուսակցությունը կհստակեցնի, թե ի՞նչ հարցեր են դրվելու Սահմանադրական հանրաքվեի, կներկայացնի օրակարգը, այդ ժամանակ առավել առարկայական կխոսենք այս հարցի մասին: Եթե նպատակը երկրի կառավարման մեխանիզմներն առավել ժողորդավար դարձնելն է, իշխանության թևերի հակակշիռները իրական և ոչ թե իմիտացիոն դարձնելն է, իհարկե, հարցը քննարկման արժանի է: Իսկ եթե նպատակը եղանակներ, ձևեր, տարբերակներ փնտրելն է՝ իշխանությունը պահելու համար, ապա մեզ համար նման քննարկումներն ընդունելի չէն: Երբ կլինի հստակ քաղաքական օրակարգ՝ ինչ են պատրաստվում անել, ինչ հարցեր են պատրաստվում բարձրացնել, ինչ են դնելու հանրաքվեի, այն ժամանակ կարելի կլինի այդ մասին խոսել»,- հավելել է նա:

Նաիրա Զոհրաբյանը նաեւ նշել է, որ «բացարձակ անընդունելի է, որ ընդդիմության ներկայացուցիչներ չկան» հանձնաժողովում, որովհետև սահմանադրական հանրաքվեն չի վերաբերում իշխող կուսակցությանը, դա վերաբերում է բոլորին, եւ բոլոր քաղաքական ուժերը պետք է ներկայացված լինեին»: 

Նախորդ հոդվածը‘Պայթուցիկ սարքեր՝ դպրոցի տանիքում ‘
Հաջորդ հոդվածը‘Ոստիկանություն. Բաղրամյան 26-ից բերման ենթարկվածները շուտով ազատ կարձակվեն’