‘Ն. Փաշինյան. «Երկխոսությունը Կոնգրեսի պայքարի ամենամեծ ձեռքբերումն է». հիմա ի՞նչ պատահեց… ‘

2050

Դեկտեմբերի 28-ի ֆեյսբուկյան իր ասուլիսում Նիկոլ Փաշինյանը Հայ Ազգային Կոնգրեսի սխալներից է հայտարարել 2011թ. երկխոսությունը իշխանական կոալիցիայի հետ.

«Ինչ վերաբերում է սխալներին, ես կարծում եմ, որ վերջին տարիներին Հայ Ազգային Կոնգրեսի գործունեության մեջ, այո՛, մենք թույլ են տվել 2 խոշոր սխալ: Առաջինը՝ երկխոսությունն էր իշխանությունների հետ…»։

Ստորեւ ընթերցողին ենք ներկայացնում Ն. Փաշնյանի՝ նույն երկխոսության առիթով ժամանակին տված բոլորովին այլ գնահատականները (ամսաթվերը ըստ Ն. Փաշնյանի պաշտոնական կայքի).

1.

Հուլիս 8, 2011

Չնայած այս մեկ շաբաթվա ընթացքում բազմիցս հնչած պարզաբանումներին, ինքս անձամբ մի քանի այսպիսի հռետորական հարցեր եմ ստացել. «Փաստորեն, մինչեւ սեպտեմբեր իշխանությանը ժամանակ տվեցիք` երկխոսության պատվիրակություն կազմելու համար»: Հարցը տալիս են ծանոթ եւ անծանոթ մարդիկ, նկատի ունենալով Կոնգրեսի հունիսի 30-ի հանրահավաքը: Դժվար է հասկանալ, թե ինչպես են ձեւավորվում եւ տարածվում այսպիսի լուրերը, որովհետեւ որքան վերլուծել եմ հունիսի 30-ի հանրահավաքում հնչած ելույթները, չեմ հանդիպել մի կտոր, որ կարող էր այդօրինակ թյուրըմբռնման տեղ տալ. ամեն ինչ ասվել է ծայրահեղորեն պարզ եւ հստակ:

Հստակ է նաեւ Կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթի հետեւյալ հատվածը, որ պիտի մեջբերեմ արդեն երրորդ անգամ` մեկ շաբաթվա ընթացքում: Հունիսի 30-ին, խոսելով երկխոսության ժամկետների մասին, Տեր-Պետրոսյանը ասաց հետեւյալը. «Մաղթենք, սակայն, որ ողջախոհությունը գոնե այս անգամ չդավաճանի վարչախմբի պարագլուխներին, եւ առաջիկա մեկ-երկու ամսում նրանք վերջնականապես կողմնորոշվեն արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցում։ Հակառակ դեպքում, ողջամիտ կոչված ժամկետը սեպտեմբերին սպառված կհամարվի, եւ մեր օրակարգում կմնա ընդամենը մեկ պահանջ, այն է՝ Սերժ Սարգսյանի եւ իշխող կոալիցիայի անվերապահ հրաժարականը»։

… Հայ ազգային կոնգրեսը տվյալ պահին դեռեւս սպառված չի համարում երկխոսության ճանապարհով արտահերթ ընտրությունների հասնելու հնարավորությունը: Ոմանք այսօր էլ պնդում են, թե հնարավոր չէ նման բան, որ երկխոսությունը հանգեցնի արտահերթ ընտրությունների: Ընդամենը մեկուկես ամիս առաջ շատ քչերն էին հավատում, որ երկխոսության ճանապարհով հնարավոր կլինի հասնել քաղբանտարկյալների ազատ արձակմանը: Քավ լիցի, չեմ ասում, թե երկխոսությամբ արտահերթ ընտրությունների հասնելու հնարավորությունը երաշխավորված է: Ասում եմ` այդ հնարավորությունը դեռեւս սպառված չէ, նման բան, թեկուզ տեսականորեն, դեռեւս հնարավոր է: Բայց եթե դա տեղի չունենա, «Հայ ազգային կոնգրեսը, սպառված համարելով երկխոսության հետագա ծավալման հնարավորությունը, հարկադրված է լինելու կտրուկ փոխել իր մարտավարությունն ու գործողությունների բնույթը»…

 

Հուլիս 19, 2011

1944 թվականին Չինաստանի կոմունիստական հեղափոխության առաջնորդ Մաո Ցզեդունին հարց են տալիս, թե նա ի՞նչ կարծիքի է Ֆրանսիական Մեծ Հեղափոխության մասին: Մաոն ցնցող պատասխան է տալիս. «Այդ մասին վաղ է հետեւություն անել»,- ասում է նա: Ֆրանսիական Մեծ հեղափոխությունը տեղի է ունեցել 1794 թվականին, իսկ Մաոն մոտ 150 տարի անց դեռեւս վաղ էր համարում հետեւություն անել:

Սա, թերեւս, ուսանելի պատմություն է բոլոր նրանց համար, ովքեր շտապում են ընդդիմություն-իշխանություն երկխոսությունը ներկայացնել որպես երկնքից թափվող մանանա: Իրենց կիրքը պետք է զսպեն նաեւ նրանք, ովքեր երկխոսությունը փորձում են ներկայացնել որպես Հայաստանի գլխին պայթած աղետ: Շտապում են նաեւ նրանք, ովքեր խոսում են քաղաքական նոր մշակույթի ձեւավորման մասին:

Մաոյի օրինակին հետեւելով` ինքս էլ չեմ շտապում աշխարհացունց հետեւություններ անել, որովհետեւ գիտակցում եմ, որ երկխոսության վերջնական գնահատականը կախված է այն արդյունքներից, որ նա կբերի: Եւ փառք Աստծո, տվյալ պարագայում` հետեւություններ անելու համար անհրաժեշտ չի լինի 150 տարի եւ ավելի սպասել:

Եթե սեպտեմբերին մենք կունենանք քաղաքական պայմանավորվածություն արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին` լավ, եթե չենք ունենա նման պայմանավորվածություն, ուրեմն երկխոսությունը կհամարենք փակված, Հայ ազգային կոնգրեսը արտահերթ ընտրությունների կհասնի այլ ճանապարհով, եւ քաղաքական նոր մշակույթի մասին խոսակցությունները կդառնան անիմաստ….

Իշխանությունն, անշուշտ, տեղի ունեցող բանակցային գործընթացները փորձելու է օգտագործել սեփական քարոզչության, ավելի ճիշտ` Հայ ազգային կոնգրեսի դեմ հակաքարոզչություն իրականացնելու համար: Նման գործելակերպը, սակայն, որեւէ արդյունք չի տալու, որովհետեւ եթե 2007 թվականից ծայր առած տոտալ հակաքարոզչությամբ իշխանությունը չի կարողացել լուծել իր խնդիրը, հիմա առավելեւս` չի կարողանալու: Ակնհայտ է, որ Հայ ազգային կոնգրեսի` անշտապ վճռականության մարտավարությունը տվել է շատ կոնկրետ քաղաքական արդյունքներ, այսինքն` երաշխավորել է իր հեղինակների հետագա գործունեության հաջողությունը: Եթե իշխանությունը հույս է դրել հանրահավաքային ժողովրդի շրջանում հիասթափություն, հուսահատություն հարուցելու տարբերակի վրա, հիասթափություն ապրելու է հենց ինքը: Եթե իշխանությունը չընդունի պատշաճ երկխոսության եւ քաղաքական ճգնաժամի հաղթահարման` Հայ ազգային կոնգրեսի առաջարկը, աշնանը մենք ունենալու ենք քաղաքացիական ընդվզման ավելի մեծ ալիք, քան ունեցել ենք 2008 թվականին: Ինքս սրանում չեմ կասկածում: Լկտիություն չհամարեք` նույնիսկ կասկածող եմ ման գալիս:

 

Հուլիս 20, 2011

Ցանկացած քննադատություն կարելի է քննարկել: Բայց որպեսզի այդ քննարկումը չվերածվի ժամավաճառության` կարեւոր է, որ քննադատությունը փաստարկված լինի: Հայ ազգային կոնգրեսը հայտարարել է, որ իշխանությունների հետ բանակցում է արտահերթ ընտրությունների թեմայով: Հայտարարել է, որ եթե մինչեւ սեպտեմբեր արտահերթ ընտրությունների հարցում իշխանությունը չկողմնորոշվի, տեղի է ունենալու ջրբաժան: Իշխանության հետ բանակցությունները տեղի են ունենում հանրության աչքի առաջ: Այսքանից հետո ինչ-որ մարդիկ են հայտնվում, ովքեր համարձակվում են Հայ ազգային կոնգրեսին մեղադրել ժողովրդի թիկունքում գործարքի գնալու մեջ:

Եթե որեւէ ուժ ժողովրդի թիկունքում գործարքի է գնում, դա անում է ժողովրդի թիկունքում եւ ոչ թե աչքի առաջ: Կոնգրեսն իշխանության հետ բանակցում է ժողովրդի աչքի առաջ, չէ՞, էդ ո՞նց եղավ ժողովրդի թիկունքում: Ուզում եք ասել` ժողովրդի աչքի առա՞ջ է գործարքի գնում: Կներեք` ապուշն ու անբարոյականը դուք եք: Ժողովրդի թիկունքում իրենց անելիքն արեցին ԱԽՔ-ն ու Դհոլը, երբ ընդդիմադիր էին, հետո էլի ընդդիմադիր էին, հետո էլի ընդդիմադիր էին, հետո մի օր արթնացանք, պարզվեց` արդեն ընդդիմադիր չեն: Իսկ որեւէ մեկը հիշու՞մ է, որ դրանից առաջ նրանք հայտարարած լինեն իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպելու մասին: Ոչ, իհարկե: Որովհետեւ նրանց հանդիպումները տեղի են ունեցել խնամու տանը, զոքանչի խոհանոցի սեղանի տակ, Գրիշիկենց պադյեզդում: Նրանք հանդիպել են ժողովրդի աչքից հեռու, որովհետեւ թաքցնելու բան են ունեցել ժողովրդից:

 …Բայց պրոբլեմն այն է, որ ոմանք ոչ թե չեն հասկանում, թե ինչ է կատարվում, այլ իրենց չհասկացողի տեղ են դնում: Իսկ տեղի է ունենում հետեւյալը` Հայ ազգային կոնգրեսը իրագործում է Հայաստանում արտահերթ ընտրությունների հասնելու իր անխախտ պլանը, եւ դա անում է միայն այն բանի շնորհիվ, որ կարողացել է ժողովրդական ճնշման ներքո իշխանություններին ստիպել` ստիպել գալ-նստել բանակցությունների սեղանի շուրջ:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

 

Հուլիս 21, 2011

www.nikol.am կայքի այցելու Վաղինակը Ն. Փաշինյանին է ուղղել հետեւյալ հարցը. «Նիկոլ, ասում էիր` Կոնգրեսն է ընդդիմությունը: Էլ ի՞նչ ընդդիմություն, որ գնացել եք էս իշխանության հետ սեղանի շուրջ նստել: Բա դա ընդդիմությու՞ն է»:

Նիկոլի պատասխանը — Սիրելի Վաղինակ, չգիտեմ ինչ նկատի ունեք, բայց ձեր հարցի բառացի իմաստի հետ համաձայն եմ: Գործող իշխանության հետ բանակցային պրոցեսի մեկնարկի պահից Հայ ազգային կոնգրեսը համարյա ընդդիմություն չէ: Նկատի ունեմ` Կոնգրեսը համարյա իշխանություն է: Եթե փաստացի իշխանությունը գնում` հավասարը հավասարի հետ սկզբունքով նստում-բանակցում է արտախորհրդարանական ընդդիմության հետ, ուրեմն չի կարող չբանակցել, ուրեմն չի կարողանում որպես իշխանություն տիրապետել իրավիճակին, նշանակում է` իրավիճակի միայն մի մասին է տիրապետում, ուրեմն իրավիճակի մյուս մասին բոլորովին ուրիշ ուժ է տիրապետում, նշանակում է` երկրում հաստատված է երկիշխանություն:

Օրենսդիր, գործադիր, նախագահական իշխանության կողմից լիազորված պատվիրակության մակարդակով կարելի է բանակցել միայն ուրիշ իշխանության հետ: Եւ Կոնգրեսի հետ բանակցելով, գործող իշխանությունն էլ ընդունում է, որ երկրում կա եւս մեկ իշխանություն: Հիմա Հայաստանում կա երկու իշխանություն` կոալիցիան, որի թիկունքում կանգնած է օլիգարխիան, եւ Հայ ազգային կոնգրեսը, որի թիկունքում կանգնած են իր հարյուր հազարավոր աջակիցները: Եւ թույլ տվեք կանխատեսել, որ երկու իշխանությունների հարաբերակցությունը ժամանակի հետ փոխվելու է` հօգուտ Կոնգրեսի եւ ժողովրդի: Էդ իմաստով Հայ ազգային կոնգրեսը գնալով ավելի ու ավելի պակաս է ընդդիմություն լինում, իշխանությունը` ավելի ու ավելի պակաս` իշխանություն:

Սիրելի Վաղինակ, այդպես էլ չեմ կարողանում հասկանալ նրանց, ովքեր ասում են, թե Կոնգրեսի համակիր են եւ փորձում են քննադատել մեր ձեռնարկած բանակցություն-երկխոսությունը: Այս գործընթացը Հայ ազգային կոնգրեսի ավելի քան երեք տարիների պայքարի ամենամեծ ձեռքբերումն է: Մեզ հետապնդում էին, մեզ առեւանգում էին, մեզ բանտարկում էին, մեզ սպանում էին, մեզ հետ խոսում էին տանկերով, ավտոմատներով, սափրագլուխներով: Երեք տարի մեր շարժման վերջը, մեր քաղաքական կրախն էին կանխատեսում: Բայց մենք, արնածոր ու հյուծված` ոչ միայն ոտքի կանգնեցինք, այլեւ մեր հետեւողականությամբ հանցագործ բանդային ստիպեցինք անգարներ քաշել տանկերը, դարակներում պահել ավտոմատները, դնչկալ դնել սափրագլուխների ռեխերին, հագնել կաստըմ եւ գալուստուկ եւ մեզ հետ խոսել քաղաքավարի, բարեկիրթ եւ որ կարեւոր է` հավասարը հավասարի հետ սկզբունքով: Երեք եւ ավելի տարի հրապարակներում մաքառած, տառապած, ծեծված, ջարդված ժողովուրդը փառահեղ հաղթանակ է տարել: Իշխանությունը խոստովանել է, որ ի վիճակի չէ կոտրել այդ ժողովրդին եւ նստել` բանակցում է այդ ժողովրդի հետ: Լեւոն Զուրաբյանը, Ֆելիքս Խաչատրյանը, Սամվել Աբրահամյանը, Դավիթ Շահնազարյանը, Վահագն Խաչատրյանը առաջին հերթին հրապարակում մաքառած ժողովրդի պատվիրակներն են, եւ նրանց նստելը բանակցային սեղանի շուրջ ժողովրդի հաղթանակն է: Ոչ վերջնական: Համաձայն եմ:

Կլինի՞ արդյոք վերջնական հաղթանակ` արտահերթ ընտրությունների տեսքով: Լեւոն Զուրաբյանի գլխավորած պատվիրակությունը կկարողանա՞ նման զարգացում ապահովել: Այո, եթե Ազատության հրապարակը լիքը լինի այնքան, որքան պետք է: Ես չեմ ուզում, որ դու, սիրելի Վաղինակ, կանխատեսես` կլինի՞ բավարար չափով հզոր օգոստոսի 2-ի հանրահավաքը: Ես ուզում եմ, որ դու գաս: Որովհետեւ Հայ ազգային կոնգրեսը ընդդիմություն է այնքանով, որքանով դու ես ընդդիմություն: Հայ ազգային կոնգրեսը այլեւս չի ուզում, որ դու լինես ընդդիմություն: Հայ ազգային կոնգրեսն ուզում է, որ դու դառնաս իշխանություն: Դու համարյա իշխանություն ես, քաղաքացի Վաղինակ: Արի հրապարակ, եւ վերջնականապես դարձիր իշխանություն: Կտեսնվենք օգոստոսի 2-ին` Ազատության հրապարակում:

 

Հուլիս 22, 2011

www.nikol.am կայքի այցելու Արայիկը Նիկոլ Փաշինյանին է ուղղել հետեւյալ հարցը. «Նիկոլ, ի՞նչ կասես այն կապակցությամբ, որ ասում են` եթե երկխոսություն պետք է լիներ, թող 2008թ. մարտի 1-ից առաջ լիներ»:

Նիկոլի պատասխանը — Սիրելի Արայիկ. երկխոսությունը հնարավոր է դարձել միայն այն բանի արդյունքում, որ իշխանությունը գոնե առժամանակ հրաժարվել է ընդդիմության նկատմամբ ուժային գործողություններ ձեռնարկելուց: Եթե որեւէ քաղաքական ուժ, թեկուզ անհատ` ուժային ներգործության ազդեցության տակ գնում է երկխոսության, դա արդեն ոչ թե երկխոսություն է, այլ կապիտուլյացիա:

2007 թվականի հոկտեմբերի 23-ից սկսած իշխանությունը մեզ հետ խոսել է ուժային լեզվով: Մեզ վրա հարձակվել են, մեզ ձերբակալել են, մեզ աշխատանքից ազատել են, հույս ունենալով, որ մենք կհրաժարվենք հետագա պայքարից: Ուժային այս ներգործությունից մենք ոչ թե կծկվել-պախկվել ենք, այլ դրան հակադրվել ենք, հակադրվել ենք քաղաքական եւ քաղաքացիական պայքարի բոլոր հնարավոր մեթոդներով, մենք շարունակել ենք պայքարը: Իշխանությունը, սակայն, իր լկտի ինքնավստահությանն է ապավինել եւ հույս է ունեցել, թե ահա մի քիչ էլ, եւ մենք, այսինքն` ընդդիմությունը, կկոտրվի եւ կհրաժարվի հետագա պայքարից…

Եկել է մի պահ, երբ իշխանությունը հասկացել է, որ չի կարողանում ոչինչ անել քաղաքական եւ քաղաքացիական այս ուժի հետ: Ձերբակալել են, սպանել են, սնանկացրել են, հետապնդել են, դատել են` բայց Հայ ազգային կոնգրեսը կա եւ բազմահազարանոց հանրահավաքներ է անում: Իշխանությունը այս իրավիճակում հայտնվել է կոնկրետ ընտրության առաջ. կամ շարունակել ուժային գործողությունները, կամ նստել բանակցային սեղանի շուրջ: Իշխանությունը մինչեւ վերջերս` ժամանակ առ ժամանակ փորձ է արել ահագնացնել ուժային գործողությունները, բայց համոզվելով, որ այդպիսով չի հասնում իր համար ցանկալի արդյունքի, որոշել է հրաժարվել այդ ճանապարհից:

… Իսկ ձեր հարցի պատասխանը մեկն է. 2008-ին երկխոսությունը հնարավոր չէր, որովհետեւ իշխանությունը մտածում էր, թե իր դեմ խաղ չկա: Երեք տարվա ընթացքում համոզվեց, որ լավ էլ խաղ կա, եւ պարտադրված է վարել բանակցություններ, այլապես կտեսնի այն խաղը, որ իր համառության պարագայում կխաղարկվի Երեւանի փողոցներում: Լավագույն մաղթանքներս, սիրելի Արայիկ:

Հ.Գ. Սիրելի Արայիկ, եթե ձեզ համար մութ մնաց այն հարցը, թե ընդդիմությունն ինչո՞ւ տվյալ իրավիճակում գնաց երկխոսության եւ ոչ միանգամից ջրբաժանի ճանապարհով, խնդրում եմ կարդացեք «Realpolitik ըստ Լեւոն Տեր-Պետրոսյանի» հոդվածը` տպագրված «ՀԺ»-ի հունիսի 29-ի համարում: Երեկվա իմ պատասխանը Վաղինակի հարցին, հույս ունեմ, կարդացել եք: Դրանցով հանդերձ այս հարցի պատասխանը ամբողջանում է:

 

Օգոստոս 6, 2011

www.nikol.am կայքի այցելու Արտյոմը Նիկոլ Փաշինյանին է ուղղել հետեւյալ հարցը. «Նիկոլ, չե՞ս կարծում, որ իշխանությունը երկխոսության գործընթացը օգտագործում է ուժեղանալու համար»:

Նիկոլի պատասխանը — Սիրելի Արտյոմ, եթե իշխանությունը ուժեղանալու ռեսուրս ունենար, Կոնգրեսի հետ երկխոսության չէր նստի: Խնդիրն այն է, որ 2008-ից հետո ավազակապետությունը օգտագործել է ուժեղանալու բոլոր ռեսուրսները եւ դրանք սպառված համարելով է համաձայնվել նստել երկխոսության սեղանի շուրջ:

Երեք տարի Սերժ Սարգսյանը փորձում էր սեփական դիրքերն ամրացնել բռնության եւ հետապնդումների պետական մեխանիզմը գործի դնելով: Նա հույս ուներ այդպիսով ոչնչացնել Համաժողովրդական շարժումը, բայց երեք տարի անց տեսավ, որ բռնությունները, հետապնդումները, քաղբանտարկյալների առկայությունը ոչ միայն չեն կոտրել ժողովրդական ընդվզման պոտենցիալը, այլեւ ավելի անկանխատեսելի են դարձրել այն: Ինչի հաշվին պիտի ուժեղանա իշխանությունը…

Երկխոսությունը այս ամենի գիտակցման արդյունքում կատարված զիջում է իշխանության կողմից: Այդ զիջումը, սակայն, չի կարելի կապիտուլյացիա համարել: Ավազակապետությունը թուլացած է, բայց իր դիրքերը պահպանելու համար պայքարելու է մինչեւ վերջ: Ձեր հարցի ենթատեքստում, իհարկե, կա տրամաբանություն: Կոնգրեսին թուլացնելը, թերեւս, իշխանության ուժեղանալու միակ ռեսուրսն է, եւ մտավախություն կար, թե երկխոսությունը կարող է հակաքարոզչական գործիք դառնալ Հայ ազգային կոնգրեսի դեմ: Մենք տեսնում ենք, որ բազմաթիվ ուժեր հենց այդ տրամաբանությամբ էլ գործում են, իշխանությունների հետ բանակցությունները փորձելով ներկայացնել այլ լույսի ներքո:

Օգոստոսի երկուսի հանրահավաքը, սակայն, ցույց տվեց, որ նման սցենարը նույնպես չի գործի, որովհետեւ հանրությունը գնահատեց երկխոսության գործընթացը ամբողջությամբ թափանցիկ եւ հայտարարված սկզբունքների շրջանակներում տանելու` Հայ ազգային կոնգրեսի գործելակերպը, եւ այդ գործելակերպը չի կարող փոխվել, որովհետեւ հիմա Կոնգրեսի համար չկա ավելի կարեւոր բան, քան հանրության վստահությունը եւ ժողովրդի աջակցությունը: Երկխոսության գործընթացի հաջորդ վտանգն այն է, որ իշխանությունը կարող է դա օգտագործել ժամանակ ձգելու համար: Այս տարբերակն էլ, սակայն, բացառվում է, որովհետեւ Հայ ազգային կոնգրեսը հստակ գծանշել է այն սահմանագիծը, որից այնկողմ երկխոսությունը չի կարող շարունակվել առանց կոնկրետ արդյունքների…

 

Նախորդ հոդվածը‘Հրանտ Բագրատյանն առաջադրվեց ‘
Հաջորդ հոդվածը‘2012 թվականի ամենածիծաղաշարժ ֆուտբոլային դրվագները. Տեսանյութ’