‘«Շախտյորը» հաղթում է, Մխիթարյանը՝ գոլ խփում’

976

Ուկրաինայի առաջնության 10-րդ տուրը մեկնարկեց տուրի կենտրոնական հանդիպումով. առաջատարը՝ Դոնեցկի «Շախտյորը» սեփական հարկի տակ ընդունեց «Դնեպրին», որը ինն տուրից հետո երկրորդ տեղում էր ընթանում:
Հանդիպումը անցավ բացառիկ լարված եւ դրամատիկ պայքարում՝ հագեցած բազմաթիվ իրադարձություներով: Երկու թիմերն էլ բարձրակարգ եւ հարձակողական ֆուտբոլ ցուցադրեցին:
Հանդիպման հաշիվը 9-րդ րոպեին բացեց «Դնեպրի» պաշտպանը Ռոտանը: 19-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց առաջնության գլխավոր ռմբարկու Հենրիխ Մխիթարյանը: Դա Հենրիխի 13-րդ գոլն էր: Ի դեպ, դրանից առաջ Մխիթարյանը սիմուլյացիայի համար դեղին քարտ էր ստացել:
Երկրորդ խաղակեսում զարմանալի իրադարձություններ սկսվեցին: «Շախտյորը» երկու անգամ 11 մետրանոց հարվածի իրավունք ստացավ, բայց նախ Ֆերնանդինյոն, իսկ հետո Լուիս Ադրիանոն չկարողացան իրացնել հարվածը, երկու դեպքում էլ հարվածելով դարպասաձողին:
Եվ այնուամենայնիվ, «Շախտյորի» ճնշումը տվեց իր արդյունքը՝ խաղի 80-րդ րոպեին շատ գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ Դարիո Սրնան: «Շախտյորը» հաղթեց 2:1 հաշվով, եւ դա նրանց 10-րդ հաղթանակն էր 10 խաղում:  Նշենք, որ թիմերը հանդիպման ընթացքում մեկական կարմիր քարտ ստացան:
«Շախտյորը» վաստակեց 30 միավոր, եւ շարունակում է ընթանալ առաջին տեղում: Երկրորդ տեղում Կիեւի «Դինամոն» է՝ 24 միավոր:

Նախորդ հոդվածը‘Էրդողանը դատի է տվել ընդդիմության առաջնորդին ‘
Հաջորդ հոդվածը‘Ֆրանսիայի ԱԳ նախարարի որդին մեղադրվում է խարդախության մեջ ‘