‘Շառլ Ազնավուրը համերգով հանդես կգա Մոսկվայում’

852

Համաշխարհային համբավ ունեցող շանսոնյե Շառլ Ազնավուրը հոկտեմբերին մեկ համերգով հանդես կգա Մոսկվայում: Նախապատրաստվելով հյուրախաղերի՝ նա ընդունել է ИТАР-ТАСС-ի թղթակցին Մորյեսի մերձակա իր առանձնատանը:

«Անհամբերությամբ սպասում եմ ռուս հանդիսատեսի հետ հանդիպմանը: Ռուսաստանը, Հայաստանի, Իտալիայի և Իսպանիայի հետ միասին՝ այն երկրներից մեկն է, որտեղ ինձ առանձնապես հաճելի է լինել,- ասում է Ազնավուրը ու շարունակում: -Երբեք չեմ մոռանա 1963 թ. ԽՍՀՄ-ում իմ առաջին համերգները: Նախատեսված երեսուն երգի փոխարեն ես կատարեցի մոտավորապես վաթսունը: Ինձ բազմիցս «բիս»-ով ետ կանչեցին, ամեն երգից հետո՝ մի հինգ անգամ: Ես սկսեցի իմպրովիզացիաներ անել՝ փոխելով երգերի տեմպն ու ռիթմը, ու ինձ էլ դա շատ դուր եկավ, չափազանց հետաքրքիր էր:

Այս անգամ Ռուսաստանում կատարելու եմ իմ դասական երգացանկը՝ նոր երգերին չեմ անդրադառնալու: Բայց, միևնույն ժամանակ,  չեմ հրաժարվում ռուսերենով կոմպակտ-դիսկ ստեղծելու ծրագրերիցս: Արդեն ունեմ ռուսերեն տեքստեր, բայց դեռ ոչ ոք դրանք չի թարգմանել, մինչդեռ ես ուզում եմ հասկանալ դրանք՝ մինչ ձայնագրման ստուդիայում կսկսեմ երգել: Ես ռուսերեն լիքը բառեր գիտեմ, բայց՝ առանձին-առանձին, և չեմ կարող ազատ խոսել ռուսերեն: Մեր ընտանիքում ծնողներս հաճախ էին միմյանց հետ խոսում ռուսերեն և թուրքերեն, բայց մեզ՝ իրենց զավակներին, չեն սովորեցրել այդ լեզուները:

Օրինակ՝  շատ եմ սիրում Ալեքսանդր Վերտինսկու արվեստը, դա մեծ կատարող էր: Դա նաև իմ մանկության մի մասնիկն էր՝ ծնողներս պաշտում էին Վերտինսկուն, և ես հենց այդպես եմ ծանոթացել նրա արվեստին: Ես երգում էի նրա երգերը, թեպետ միշտ չէ, որ հասկանում էի բառերը:

Ինչպես գիտեք՝ իմ նախնիները սերտորեն կապված էին Ռուսաստանի հետ: Իմ հորական պապը Նիկոլայ Երկրորդ ցարի օրոք Թիֆլիսի նահանգապետի խոհարարն է եղել: Ֆրանսիա տեղափոխվելով՝ և պապս, և հայրս Փարիզում՝ Լատինական թաղամասում, բացել են ռեստորաններ՝ ռուսական և կովկասյան խոհանոցներով: Ես մինչև հիմա էլ շատ եմ սիրում ռուսական խոհանոցը, պաշտում եմ կոտլետներն ու բորշչը:

Ինչ վերաբերում է տարբեր էթնիկական խմբերից՝ ֆրանսիացի, հայ, ռուս, բնավորությանս անցած գծերին, ապա կարծում եմ՝  յուրաքանչյուրից տարբեր տարրերի խառնուրդ է: Որպես հայ՝ ես հետևում եմ բարոյական շատ սկզբունքների, քաղաքավարության նորմերի: Ֆրանսիացիների պես՝ սիրում եմ շատախոսել, ռուսների նման՝ սիրում եմ զվարճանալ: Իսկ նման խառնուրդն ինձ լիուլի բավական է ապրելու համար:

Իհարկե, գիշերները նախընտրում եմ չզվարճանալ: Եվ ի տարբերություն այն ամենի, ինչ գրում է մամուլը, օրվա մութ ժամերին ամենևին էլ  երգեր չեմ հորինում: Լավ առողջություն ունենալու համար գիշերը պետք է քնել: Իսկ տեքստեր գրում եմ ամեն օր՝ աշխատելով առավոտից մինչև կեսօրից անց: Առաջինը միշտ հայտնվում են երգի բառերը, մեղեդին շատ ավելի ուշ է գալիս: Ընդհանուր առմամբ՝ մոտավորապես հազար երգ եմ գրել: Իմ երգերից յոթը, օրինակ, կատարել է Էդիտ Պիաֆը:

Տարիների հետ իմ ձայնը քիչ է փոխվել, միայն ժամանակ առ ժամանակ մի քիչ վատանում կամ լավանում է:

Շատ եմ սիրում կարդալ, ես մեծացել եմ լավ գրականություն կարդալով: Ես ինքս էլ այժմ վեպ եմ գրում, այն նվիրված է… տառերին ու թվերին: Միանգամայն յուրահատուկ գաղափար է: Բայց պետք է խոստովանեմ, որ գրական երկ գրելն ամենևին նույն բանը չէ, ինչ երեգեր գրելը: Դա շատ ավելի դժվար գործ է: Բայց ես շարունակում եմ սկսածս գործը և ինձ մխիթարում եմ նրանով, որ նույնիսկ ամենաարհեստավարժ գրողների համար շատ ավելի դժվար կլիներ երգեր հորինելը, քան վեպ գրելը»:

Նախորդ հոդվածը‘ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ’
Հաջորդ հոդվածը‘Գոհար Սիմոնյան. Երբ պետությունդ Սերժն է, օպերացիադ դառնում է հակաօպերացիա’