‘Շատ լավատեսական խմբագրական. «Այսքան ուրախ կյանքը մեզ…»’

2300

Հիշեցինք եւ պահանջեցինք:

Հաղթանակ տոնեցինք:

«Դամքաշները» հանրապետականներն էին, եւ այս ընթացքում ահագին ուրախացանք, ոգեշնչվեցինք, հպարտության արցունքներով ողողվեցինք` սրանց շնորհիվ, սրանց եռանդուն աջակցությամբ, սրանց բա՜րձր հովանու ներքո:

Ոչ անհայտ գեներալները հերթական անգամ հիացրին հասարակությանն իրենց բարձր ինտելեկտով, անթերի դաստիարակությամբ եւ մարտական ընկերների նկատմամբ անսահման հարգանքով եւ նրանց «հետեւին ձեռք տալու» եղբայրական ցանկությամբ:

Սփյուռքի ոչ անհայտ նախարարուհին արդարացիորեն վրդովվեց ու մայրաբար հուզվեց, թե ինչու են որոշ սփյուռքահայեր քննադատում Հայաստանի իշխանությանը` ամսական հազարական դոլար հայաստանյան բանկեր մուծվելու փոխարեն: Եվ իսկապես` մուծվեք, էլի, փտած կապիտալիստներ, հո չքավոր ու «մթում կորած խրճիթների սեւ պատերի» մեջ մի կերպ գոյություն քարշ տվող հայաստանյան պաշտոնյաների նման ձեռքներդ քարի տակ չի:

Ոչ անհայտ, չէ` հռչակավոր, մարզպետի աննկուն զավակը` արդարության հաստատման անկեղծ մղումով հանեց մեկի աչքը, որը նույնպես հայր ունի, նաեւ` մայր: Հայաստանի ողջ իրավապահ համակարգն անձնվիրաբար լծվել է նրան հայտնաբերելու գործին, բայց հռչակավոր մարզպետի աննկուն զավակը ոչ մի կերպ չի հայտնաբերվում ու չի հայտնաբերվում: Դե, պախանը կգա ու կհրամայի կամ հայտնաբերել ու թեթեւակի քաշել այդ չարաճճիի ականջը, կամ էլ` իշմար կտա, որ շարունակեն անձնվիրաբար փնտրել ու չհայտնաբերել: 

Ոչ անհայտ փոխոստիկանապետը երազում է, որ պնդերես մուրացկան կինը «սատկի», բայց նա անամոթաբար համառում ու «չի սատկում»: Հուսով ենք, մուրազը փորում մնացած փոխոստիկանապետի մեդալների կույտին օրերս մի մեդալ էլ կավելանա` նրա նրբին սրտիկը չկոտրելու համար:

Աժ հանրապետական փոխնախագահուհի, ոչ անհայտ Հերմինեն էլ նյութապաշտ ու որկրամոլ, կուշտուկուռությունից պայթող հասարակությանը վերջերս հիշեցրեց` եթերային ժպիտը սովահարությունից դալկացած-հյուծված դեմքին դաջած, որ պետք չէ «միայն փորի մասին մտածել»: Բա ճիշտ է ասում: Ո՞վ չգիտի, որ հանրապետական փոխնախագահուհի Հերմինեն ապրում է գրեթե օդով, մեկ-մեկ չոր հացիկ է կրծում ու կում-կում ջուրիկ է խմում: Փոխնախագահուհին էդ չոր հացիկն էլ չէր կրծի, էդ կում-կում ջուրիկն էլ չէր խմի, եթե Աստված այդքան անփույթ չլիներ ու կիսատ-պռատ, անկատար չստեղծեր մարդ արարածին: Աստծո ստեղծած մարդ արարածը եթե բերանը մի բան չգցի, «կսատկի» ախր: Նույնիսկ, ավաղ` եթերային ու դալկահար Հերմինեն: Թե չէ մեր հանրապետական փոխնախագահուհին մի կերպ հայթայթած էդ հացիկն էլ կտար որկրամոլ հասարակությանը, ջուրիկն էլ հետը, իսկ ինքն ամեն առավոտ կնստեր հայելու առաջ, քնքշանվաղ ձայնով կարտասաներ էն «Լուսամփոփի պես աղջիկը (էդ ինքն է) ու հուշիկ քայլերով կգնար հայրենիքի ու անկուշտ, փորի մեռած հասարակության համար հալվել-մաշվելու:

Իր նման «դալկադեմ-սովահար», Պարգեւ սրբազանի ասած` «հայ քրիստոնյա» հանրապետականների հետ թեւ-թեւի, ուս-ուսի: Ցուպը ձեռքին` հանուն Հայաստանի աշխարհե աշխարհ դեգերող, իրեն պատեպատ զարկող, ոտի վրա չորացած ու մի բուռ դարձած Սերժիկ Սարգսյանի գլխավորությամբ:

«Կյանքը հիասքանչ է» բացականչելու համար Հայաստանի անկուշտ ու անհագ, ագահ եւ որովայնագերի քաղաքացիներին մի բան է պակասում ընդամենը` այսքան երախտամոռ չլինել, կույր չձեւանալ, տեսնել այն լավն ու բարին, որ ամեն օր մանանայի պես իրենց գլխին են լցնում անձնուրաց հանրապետականները եւ ամենակարեւորը` մի քիչ զսպել գայլային ախորժակները ու հիշել, որ էդ անտեր փորը ընդամենը փոր է` անտակ հոր չէ:

Լիզա Ճաղարյան

 

Նախորդ հոդվածը‘ՎԶԵԲ-ը Հայաստանին 4 մլն դոլար վարկ կտրամադրի՝ Երևանի լուսավորության համար’
Հաջորդ հոդվածը’27 բջջային հեռախոս, 1 պլանշետ, 2 լիտր կոնյակ առգրավվել է դատապարտյալի սառնարանից ‘