‘Ո՞վ է իսկական այլախոհը’

2465

ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանն օրերս անդրադարձավ Երևանում տրանսպորտային ծառայությունների թանկացման դեմ սկսված ընդվզումներին և նշեց, թե այդ ամենն ուղղորդված բնույթ է կրում. դրանք ուղղորդվում են աշխարհաքաղաքական ինչ-ինչ կենտրոնների կողմից:

Զերծ եմ մնում Ռ. Զոհրաբյանի այս խոսքերը մեկնաբանելու ծանր գործից: Ավելի կարևոր եմ համարում այն հանգամանքը, որ Հայաստանում այսօր շատերը, այդ թվում՝ Ռ. Զոհրաբյանը, համարվում են խորհրդային տարիների այլախոհներ: Ամեն անգամ, երբ, մասնավորապես՝ Ռ. Զոհրաբյանը խոսում է, մեզ հիշեցնում են այդ մասին: Սակայն իրականում նրանց հանդեպ ձևավորված այդ կարծրատիպը, ըստ իս, կեղծ է, ուստի ներկայացնեմ իմ կարծիքն այդ մասին:

Այսպիսով՝ կարելի՞ է Ռ.  Զոհրաբյանին և այդ կարգի մարդկանց այլախոհ համարել կամ սովետական դիսիդենտ: Նման մարդկանց կենսագրությունում էլ է նշվում, որ այս մարդիկ պայքարել են խորհրդային կարգերի դեմ, հալածվել, շատերն իրենց գործունեության համար դատապարտվել են ազատազրկման: Վերջ, սրա հիման վրա մարդը համարվում է այլախոհ:

Իրականում՝ խորհրդային կարգերի դեմ պայքարելը շատ քիչ է՝ այլախոհ համարվելու համար: Չնայած՝ այդպես է թվում: Կան տոտալիտար կարգեր, կա իշխող գաղափարախոսություն, և ցանկացած ոք, ով այդ գաղափարախոսությանը չհամընկնող տեսակետ է հայտնում կամ անհամաձայնություն հայտնում, ուրեմն` այլախոհ է:

Ըստ իս՝ այլախոհը նա չէ, ով պայքարել է ուրիշ կարծիք կամ ուրիշ գաղափարներ ունենալու և տարածելու համար, այլ նա, ով պայքարել է, որ բոլորն ունենան ուրիշ կարծիք կամ ուրիշ գաղափարներ ունենալու իրավունք: Այլախոհը նա չէ, ով պայքարել է բռնապետության դեմ, այլախոհը նա է, ով պայքարել է բռնապետության դեմ և պայքարում է, որ հետագայում էլ բռնապետական համակարգ չձևավորվի: Այլախոհի համար չպետք է լինեն լավ և վատ, չար կամ բարի բռնապետություններ, նա պետք է չհանդուրժի բոլոր այն երևույթները, որոնք կարող են հանգեցնել տոտալիտար համակարգի ձևավորմանը:

Երբ այս տեսանկյունից ենք դիտարկում այլախոհին, ապա ամեն ինչ իր տեղն է ընկնում: Ռազմիկ Զոհրաբյանը չի կարող այլախոհ համարվել միայն նրա համար, որ խորհրդային տարիներին ինչ-որ ակցիայի է մասնակցել կամ ելույթ է ունեցել, կամ թռուցիկ է տարածել, ինչի համար հետագայում հալածվել է: Այդ մարդը (ես միայն Ռազմիկ Զոհրաբյանի անունն եմ նշում, բայց խոսքն ընդհանրացված է ) այսօր մի տոտալիտար համակարգի է սպասարկում, որը ոչնչով չի տարբերվում խորհրդային տոտալիտար համակարգից: Նույն իշխող գաղափարախոսությունը, որի ամենակարկառուն քարոզիչները, ի դեպ, խորհրդային կոմունիստական գաղափարախոսության ներկայացուցիչներ են եղել, որոնց դեմ է իբրև թե ուղղված եղել Ռազմիկ Զոհրաբյանի պայքարը: Այլախոհության դեմ պայքարի նո՛ւյն պատժիչ մեթոդները, նո՛ւյն լրատվական-քարոզչական մեքենան: Չի՛ կարող, պարզապես չի՛ կարող նման համակարգի սպասարկուն այլախոհ համարվել: Դա նոնսենս է:

Եթե Ռազմիկ Զոհրաբյանն այլախոհ է, ուրեմն այլախոհ կարող են համարվել նաև Քադաֆին, Սադամ Հուսեյնը, Պոլ Պոտը, Ֆիդել Կաստրոն, նույնիսկ Ստալինը… ցանկը կարելի է շարունակել: Մարդիկ, ովքեր պայքարել են ձևավորված տոտալիտար համակարգերի դեմ, ֆորմալ առումով այլախոհական գործունեություն ծավալել, դրա համար հալածվել, բայց երբ իրենք են իշխանության եկել, ձևավորել են երբեմն շատ ավելի դաժան և մարդատյաց տոտալիտար համակարգեր: Ծիծաղելի է, չէ՞, հնչում նրանց՝ այլախոհ համարելու տեսակետը:

Իսկ թե ում կարելի է համարել իրապես այլախոհ, դիսիդենտ, ապա դրա վառ օրինակ է Անդրեյ Սախարովը, որը երբեք չնահանջեց իր սկզբունքներից, երբեք աչք չփակեց արատավոր երևույթների դեմ, ով պայքարեց բոլորի իրավունքների համար, երբեք գաղտնի կամ բացահայտ գործարքների չգնացեց իշխող վարչախմբերի հետ, որոնք իր այլախոհական գործունեության ընթացքում մի քանի անգամ փոխվել են: Մարդը դավանում էր արժեքներ, որոնց հավատարիմ մնաց մինչև մահ: Այսպե՛ս եմ ես ընկալում «այլախոհ» հասկացությունը:

Այնպես որ, որքան էլ տհաճ համարվի շատերի համար, ցանկացած ոք, ով Հայաստանում աչք է փակում արատավոր երևույթների վրա, ով արդարացնում է Հայաստանում տոտալիտար համակարգի գոյությունն անգամ, ով չի հանդուրժում այլախոհությունն ու ողջունում է այլախոհության դեմ հալածանքները, ով թշնամաբար է վերաբերվում այլախոհության դրսևորումներին` ակցիաներին, հանրահավաքներին, թռուցիկներին և այլն, նա չի կարող այլախոհ համարվել: Սովետական կամ ճապոնական՝ դա էական չէ:

Մհեր Ղալեչյան

«Բլոգ» բաժնի մյուս նյութերը և հեղինակները

Նախորդ հոդվածը‘Երեւանում հեծանվորդը կրակել եւ սպանել է 33-ամյա վարորդին’
Հաջորդ հոդվածը‘Հրազենային վիրավորում ստացած զինծառայողի վիճակը կայուն ծանր է’