‘Ո՞ւմից է դժգոհ Սարգսյանը. ինքն է ՆԱՏՕ-ին կանչել «ԼՂ խնդիր». Ապացույց’

2496

Հունական առասպելական Միդաս թագավորը մի ճակատագրական աստվածատուր «շնորհք» ուներ՝ ինչին ձեռ էր տալիս, վերածվում էր ոսկու:  

Ոնց գցում-բռնում ենք, էս մեր Սերժ Սարգսյանն էլ առասպելական, գերբնական հատկություններ ունի. ինչին ձեռ է տալիս (անգամ ամենաանշառ բաներին), միանգամից երկրի համար անհաղթահարելի մարտահրավերի է վերածում: Չէ, դե իհարկե, նույնիսկ անշառ ոլորտները փորձանքի վերածելու համար հատուկ տաղանդ է պետք, բայց ամենազարմանալին այս պարագայում միայն այսքանը չէ: Երանի չէ՞ր՝ միայն դա լիներ:  

Ավելի զարմանալին հետո է «մեյդան գալիս», երբ Սարգսյանը, պոստֆակտում, իր պատճառով կատարված կամ կատարվող խնդրահարույց գործընթացների համար սկսում է մեղավորներ փնտրել: Ընդ որում՝ փնտրում է ամենուր, միայն թե՝ իրենից հնարավորինս հեռու շրջանակներում:

Մարդն այդ, ասում են, հիշողության հետ կապված խնդիրներ չունի, եւ հետեւաբար՝ պետք է կարծել, թե գործ ունենք ցինիզմի մի առանձնահատուկ դրսեւորման հետ: Այլապես, ինչպե՞ս հասկանալ մեկին, ով Երեւան ժամանած Թուրքիայի նախագահին ոգեւորված (երեւի՝ որովհետեւ չէր հավատում ճակատագրի առատաձեռնությանն ու սեփական աչքերին, որ Թուրքիայի նախագահն «իր հրավերով» եկել է Երեւան եւ այդքան մոտիկ կանգնած է իրեն) հրավիրում է մտնել ղարաբաղյան խնդրի լուծման հարթակ, քանի որ կարծում է, թե Թուրքիան էլ այս հարցում կարող է օգտակար լինել, մեկ էլ՝ մի որոշ ժամանակ անց, մեղադրում է նույն Թուրքիային՝ Ղարաբաղի հարցով տեսակետներ հայտնելու համար: Ադրբեջանամե՛տ տեսակետներ: Կարելի էր կարծել, թե Թուրքիան, Ադրբեջանին պաշտպանելուց զատ՝ այլ կարծիք էլ կարող էր հայտնել այդ հարցում: Պատկերացնո՞ւմ եք՝ որեւէ քիչ թե շատ լուրջ մարդ նման ակնկալիքներ ունենար Թուրքիայից: Եւ առավելեւս, պատկերացնում եք՝ որեւէ լուրջ մարդ նման լրջագույն գործընթացի մեջ մտներ՝ առանց բոլոր դեմ ու կողմերը հաշվի առնելու՝ «յաբախտի»:

Հիմա էլի նույն փոցխի վրա ենք ոտներս դրել (երկու անգամից կռահեք՝ ում մեղքով)՝ ՆԱՏՕ-Ղարաբաղյան հիմնախնդրի խաչման հարցով: Չես հասկանում՝ ի վերջո, էս մարդու ուզածն ի՞նչ է ՆԱՏՕ-ից: Մեկ՝ ՆԱՏՕ-ին ոտով-ձեռով հրավիրում է ԼՂ հիմնախնդիր, մեկ՝ բողոքում է, թե Ադրբեջանը, Միսնկի խմբից զատ՝ այլ հարթակներ է փորձում տեղափոխել հիմնախնդիրը, մեկ՝ ՆԱՏՕ-ի հռչակագրերի ընդունմանը չի ընդդիմանում, մեկ՝ նույնաբովանդակ հռչակագրից բողոքում է, թե՝ հարա՜յ, հասե՜ք, օգնեցե՜ք, վնասում եք ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին:

Օրեր առաջ Ուելսում կայացած ՆԱՏՕ-ի վերջին գագաթնաժողովն ամենաթարմ օրինակն է: Նախ՝ Սարգսյանը ելույթ ունեցավ գագաթնաժողովում՝ փորձելով ազդել ապագա հռչակագրի տեքստի բովանդակության վրա: Ուղիղ երեք օր անց՝ ՀՀԿ խորհրդի նիստում ունեցած իր ելույթում, Սարգսյանը հայտարարեց, թե «Ադրբեջանը հիմա փորձում է այլ հարթակներ տեղափոխել Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացը: Արդարության դեմ չմեղանչելու համար ասեմ, որ ինչ-որ կերպ դա նրանց հաջողվում է, բայց այդ ինչ-որ կերպը շատ-շատ փոքրիկ մի հաջողություն է, և այդ հաջողությունն այսօր չէ, որ նրանք գրանցում են: Ես նկատի ունեմ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հայտարարությունը, որ արդեն տևական, շատ տևական ժամանակաշրջանում է իրականացվում, և այս հատվածում որոշակի բան փոխվել է, բայց այդ փոխվածը մեզ չի բավարարում»:

Մի քանի օր անց էլ՝ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը բառացիորեն հայտարարեց. «ՆԱՏՕ-ն չի զբաղվում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմամբ: Ավելին` ՆԱՏՕ-ն իր աջակցությունն է հայտնել եռանախագահող երկրների մոտեցումներին և ջանքերին, որոնք բազմիցս արտահայտվել են` նախագահների մակարդակով` հինգ հայտնի հայտարարությունների միջոցով, և որոնք համահունչ են Հայաստանի մոտեցումներին: Մինսկի խմբի երկու համանախագահները Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ են: Չնայած դրան՝ ՆԱՏՕ-ի վերջին գագաթնաժողովների ընթացքում, գագաթնաժողովից գագաթնաժողով՝ որոշ փոփոխություններով, նաև վերջին` Ուելսի գագաթնաժողովի ժամանակ այն դրույթում, որը վերաբերում է Մոլդովայում և Հարավային Կովկասում հակամարտությունների կարգավորմանը, ներառվել են ձևակերպումներ, որոնք ընդհանրացված կամ ընտրովի մոտեցում են արտահայտում, ինչը չի համապատասխանում եռանախագահների կողմից արված առաջարկներին, հնչեցված գաղափարներին և մոտեցումներին, չի համապատասխանում նաև այն բազմաթիվ հայտարարություններին և որոշումներին, որոնք ընդունվել են վերջին տարիների ընթացքում` ԵԱՀԿ շրջանակներում: Դա վնաս է հասցնում բանակցային գործընթացին, վնաս է հասցնում նաև տարածաշրջանում կայունությանը և անվտանգությանը»։

Մի խոսքով, ՀՀ իշխանությունների հայտարարությունից տպավորություն կարող է ստեղծվել, թե ՆԱՏՕ-ն «մխրճվել» է ԼՂ հիմնախնդիր՝ միայն ու բացառապես այլոց մեղքով:

Լավ է՝ դեռ պահպանված տեսավկայություններ կան: Հիշո՞ւմ եք՝ տարիներ առաջ, իսկ ավելի կոնկրետ՝ 2010 թվականին, քաղաքական դաշտը քննարկում էր ՆԱՏՕ-ի կենտրոնակայան կատարած Սերժ Սարգսյանի այցն ու այնտեղ ունեցած իր «հայտնի ելույթը», որի ժամանակ այդ օրերին արդեն ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղար ընտրված Ֆոգ Ռասմուսենի աչքերը զարմանքից ճակատն էին թռել: Հնարավոր է՝ տարիների հեռվից շատերն այսօր այդ ելույթը արդեն չեն հիշում, բայց հենց այդ ժամանակ ինքը՝ Սերժ Սարգսյանը, առաջին անգամ, ի զարմանս շատերի՝ հայտարարեց, թե ՆԱՏՕ-ն չի կարող անմասն լինել ԼՂ հիմնախնդրից:

Այո-այո, մի զարմացեք, ինքը՝  Սերժ Սարգսյանը, ով հետո երկու անգամ բոյկոտեց ՆԱՏՕ-ի գագաթնաժողովները՝ ընդունվելիք հռչակագրերում հակահայկական դրույթներ ներառելու համար, հետո մասնակցեց վերջին գագաթնաժողովին, հետո ՀՀԿ-ականների հետ զրույցում բողոքեց, թե Ադրբեջանն ամեն ինչ անում է՝ ԼՂ հիմնախնդիրը, Մինսկի խմբից զատ՝ այլ հարթակներ տեղափոխելու համար: Ու մի «ժիվոյ» հանրապետական մեջները  չկար, որ էդ «ինքնաբուխ» ասուլիսին ասեր, բա՝ այ յուրդդ չբլի, էդ ումի՞ց ես բողոքում, մի՞թե էդ դու չէիր, որ ՆԱՏՕ-ին «վելքոմ» էիր անում ԼՂ հիմնախնդիր, էդ որ դու դա անում էիր՝ առանց մտածելու, որ նման բան անել չի կարելի, քանի որ խնդիրն իրոք սկսում է դուրս գալ Մինսկի խմբի շրջանակներից, իսկ որքան շատ դուրս գա տարատեսակ հարթակներ, այնքան լուծում գտնելը դժվար է լինելու, էլ ինչո՞ւ ես ուրիշներին մեղադրում: Ու մի՞թե պարզ չէ, որ Մինսկի խմբից խնդրի դուրս հանումը Ադրբեջանին ավելի  ձեռնտու է, քան մեզ: Բա եթե Հայաստանին ձեռնտու չէ, ու դու դա արել ես, բա ինչո՞ւ պիտի Ադրբեջանը չանի մի բան, որ իրեն ձեռնտու է ու ձեռնտու:

Թե ի՞նչ կապ ունի ՆԱՏՕ-ն տարածաշրջանային խնդիրների հետ՝ ընդհանրապես, եւ ԼՂ հիմնախնդրի հետ՝ մասնավորապես, ինչպե՞ս է ստացվում, որ գրեթե նույն բառապաշարը պարունակող հռչակագրերին Հայաստանը մեկ կողմ է, մեկ՝ դեմ, ինչպե՞ս է ստացվում, որ Սարգսյանը մեկ՝ մեկնում եւ դեմ չի արտահայտվում այդ հռչակագրերին, մեկ էլ՝ բոյկոտում է գագաթնաժողովները՝ այլ թեմաներ են, որոնց կանդրադառնանք մեկ ուրիշ անգամ:

Այս նյութի թեման բացառապես Սարգսյանի ցինիկ բողոքն ու զարմանքն էր եւ հենց այդ պատճառով էլ մեջբերում ենք 2010 թվականին Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ֆոգ Ռասմուսենի հետ Սարգսյանի ասուլիսի տեսագրությունը, որտեղ Սարգսյանը խոսում է ԼՂ հիմնախնդրի ու ՆԱՏՕ-ի մասին: Գուցե սրանից հետո վերջինիս հիշողությունը թարմանա, եւ նա դադարի զարմանալ, թե ինչպես եղավ, որ հե՛նց որ ինքը «ձեռք տվեց» ՆԱՏՕ-ին, միանգամից այն վերածվեց ԼՂ հիմնախնդրի համար մարտահրավերի:

Ահա Սարգսյանի ելույթի բառացի սղագրությունը.

«Մենք չենք ձգտում անդամակցել ՆԱՏՕ-ին, բայց ես չլսեցի ո՛չ հիմա, ո՛չ էլ նախկինում, որ ՆԱՏՕ-ն անելիք չունի ընդհանրապես Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործում, առաջին հերթին՝ եթե հանկարծ ռազմական գործողություններ լինեն: Գիտեք՝ ԼՂ խնդրով զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, Հայաստանը եւ Ադրբեջանը ԵԽ անդամ են, եւ եվրոպական կառույցները, իրոք, զբաղվում են  ե՛ւ խնդրի լուծմամբ, ե՛ւ մեր հարաբերությունների կարգավորմամբ: ՆԱՏՕ-ն, որքանով ես եմ պատկերացնում, պատասխանատու է նաեւ Եվրոպայի անվտանգության համար, եւ որքանով ես եմ հասկանում, Եվրոպան այլ զինված ուժեր չունի: Ասածս չի նշանակում, որ վաղը եթե ռազմական կոնֆլիկտ լինի, ապա ՆԱՏՕ-ն միանշանակ գալու է տարածաշրջան, բայց կարծում եմ, թե իմ ասածները ամբողջովին հասկանալի են»:

Քրիստինե Խանումյան 

 

Նախորդ հոդվածը‘«Բարսելոնա».«Ամեն ինչ սկսվում է նորից»(տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Ա. Բանուչյան. Ոչ թե սփյուռքն է մագնիսի պես ձգում, այլ իշխանությունն է վանում ժողովրդին’