‘Ո՞ւր են հոսում պետավտոտեսչության ավտոների լվացման գումարները’

3028

Պետավտոտեսչության աշխատակիցներից մեկը բավականին ուշագրավ մի տեղեկատվություն է փոխանցել մեզ: Պարզվում է` ժամանակին, երբ Ալիկ Սարգսյանին նշանակել էին ոստիկանապետ, վերջինս ոստիկանության մեքենաների համար (հիմնականում այսպես կոչված՝ ԳԱԻ-ի) մի ճոխ ավտոլվացման կետ էր կառուցել` բյուջեից ծախսելով մեծ գումարներ: Բայց չնայած դրան, պետավտոտեսուչներին ներքին հրահանգ էր տրվել, որ նրանք իրենց մեքենաները տանեն եւ լվանան Կրկեսի մոտ գտնվող լվացման կետերից մեկում, որը պատկանել է Սարգսյանի բարեկամին: Նույն պրակտիկան, ըստ մեր աղբյուրի, շարունակվել է, երբ Ալիկ Սարգսյանին փոխարինելու է եկել Վլադիմիր Գասպարյանը. ոստիկաններին այս անգամ ասվել է, որ իրենց մեքենաները տանեն լվանալու Դավթաշենում` իր փեսա, ԱԺ պատգամավոր Արթուր Գեւորգյանին պատկանող ավտոլվացման կետում: Բնականաբար, ավտոտեսուչները հիմնականում չեն հասնում Դավթաշեն, իրենց գրպանից գումար են ծախսում` այլ, ավելի մոտիկ տեղերում մեքենաները լվանալու համար: Իսկ ոստիկանության համար նախատեված ավտոլվացման կետը վերածվել է պահեստի, զանազան ապրանքներ՝ ընդհուպ կահույք, ջարդված մեքենաներ տեղավորելու համար: Հիմա եթե ԳԱԻ-ի մեքենաների լվացման համար պետբյուջեից գումար է փոխանցվում ոստիկանությանը` իբր թե այդ մեքենաները ոստիկանության ավտոլվացման կետում լվանալու համար, բայց այդ կետը չի գործում, իսկ տեսուչները իրենց գրպանից են գումար ծախսում մեքենաները այլ վայրերում լվանալու համար, ո՞ւր են գնում այդ գումարները:

Ստացվում է, որ կամ ոստիկանապետն է գրպանում դրանք, կամ էլ, եթե փոխանցում է իր փեսային, ապա հարստացնում է իր բարեկամին: Բյուջեի գումարներով: Իսկ բյուջեն, հիշեցնենք, ձեւավորվում է ՀՀ քաղաքացիների հարկերից:

Նախորդ հոդվածը‘4/26 ընտրատեղամասում հանրաքվեի արդյունքները կեղծելու փաստով հարուցված քրգործն ընդունվել է վարույթ’
Հաջորդ հոդվածը‘Գոհար Սիմոնյան. Բաքվում նախկին ռուսատյացներն ամերիկատյաց են «կտրել»’