‘Գոհար Սիմոնյան. Բաքվում նախկին ռուսատյացներն ամերիկատյաց են «կտրել»’

3492

Երբ մեր քաղաքական ուժերը կամ վերլուծաբաններն իշխանություններին զգուշացնում էին «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» իրավիճակում սահմանադրական փոփոխությունների անթույլատրելիության վերաբերյալ (եթե նույնիսկ մեջտեղ բերվածը կատարյալ տեքստ լիներ, ինչն, իհարկե, հեռու է իրականությունից), վարչակազմի ներկայացուցիչները միանգամից հակադարձում էին, թե ընդդիմությունն ընդամենը շահարկում է իրավիճակը, եւ շարունակում էին գործել այնպես, ասես` ամեն օր զոհեր չկան, ու ամեն բան կարգին է:

Բայց հիմա, ինչպես ասում են, վրա են հասել նոր ժամանակներ. այո-ն տեղը տեղին սղղացրին, եւ հիմա արդեն, պարզվում է, «հրադադարն ավարտված է»: Այլեւս պատերազմի մեջ ենք, այսինքն: Ընդ որում` այնպիսի պատերազմի, որում նույնիսկ նախկինում խիստ պացիֆիստներն ու իրավապաշտպաններն են մեջտեղ եկել` Բաքուն «քանդուքարափ անելու» քաջարի կոչերով… Բացարձակ իռացիոնալ մի իրավիճակ, որում մեզ, թերեւս, միայն Ադրբեջանում են գերազանցել:

Իսկապես. այն, ինչ այնտեղ է կատարվում, վեր է ամեն տեսակ երեւակայությունից: Բանտերը լի են քաղբանտարկյալներով, Ալիեւի կողմից ճնշվում է ցանկացած չվերահսկվող խոսք, նավթի բարելը հասել է 16 դոլարի սահմանագծին, նույնիսկ իշխանական մամուլն է խոստովանում, որ վառելիքա-էներգետիկ սեկտորում նվազել է օտարերկրյա հետաքրքրությունը Բաքվի նկատմամբ, կասկածի տակ են TAP եւ մի շարք այլ ծրագրեր, մանաթը արժեզրկվել է խայտառակ չափերով` դատարկելով խանութներն ու բնակչության գրպանները, Կասպյան ավազանում՝ հայտնի հրդեհի պատճառով, իսկական էկոլոգիական աղետ է հասունանում, ինչի մասին արեւմտյան մամուլն ամեն օր է ահազանգում, Նարդարանում գնալով լարվում է իրավիճակն Ալիեւների դեմ բողոքող արմատական իսլամիստների հետ, անընդհատ հաղորդվում են նոր ձերբակալությունների, անվտանգության համակարգերի եւ հատկապես` արտաքին հետախուզության նորացման մասին, եւ դեռ վերջը չի երեւում:

Կարճ ասած` Բաքվի խանի գործերը վատ են, եւ հենց այդ պատճառով էր ադրբեջանական զինուժը հերթական անգամ չափն անցել` սահմանին ծանր հրետանի եւ տանկեր գործածելու աստիճան: Հավանաբար կարծում էին, թող ներվի ասել, թե հատկապես մինչշվեյցարական հանդիպումը հնարավոր կլինի «չվերահսկվող գժի թղթով» ինչ-որ բան ձեռք գցել ԵԱՀԿ-ի օժանդակությամբ: Դե, գոնե` մեկ-երկու շրջան…

Սպասումները, սակայն, չարդարացան. այս անգամ արդեն, Ադրբեջանի նկատմամբ ամերիկյան Սենատի կողմից առաջարկվող հնարավոր պատժամիջոցների համատեքստում, նաեւ ԱՄՆ պետքարտուղարությունը հավանություն տվեց 85 կոնգրեսականների նախաձեռնությանը, որով նախատեսվում է Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանի երկայնքով կրակոցները տեղորոշող զգայուն սարքեր տեղադրել, ինչպես նաեւ պարտադրել կողմերին՝ ետ քաշել դիպուկահարներին, ընդլայնելով ԵԱՀԿ հետաքննությունների մեխանիզմը: Այս փաստը, ինչպես նաեւ` ԼՂՀ արտգործնախարարի եւ Ուորլիքի` Սպիտակ տանը տեղի ունեցած հանդիպումը,  իսկական կատաղության ալիք է բարձրացրել Բաքվում, եւ բանը հասել է նույնիսկ ամերիկյան ժողովրդավարության` Բաքվի սեփական հետաքննության խոստմանը: Հանգամանք, որն Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը ժպիտով է ընդունել` պաշտոնապես հայտարարելով, թե «հնարավոր է` իրենք էլ կատարյալ չեն, բայց միշտ բաց են երկխոսության եւ իրերն իրենց անուններով կոչելու համար»:

Իրականում Բաքվի զայրույթի առիթը պարզ է, այդ մենք ենք վատ ընկալում կատարվողը` ամեն բան բերել-հանգեցնելով սոսկ հրադադարը խախտողների հայտնաբերման կարեւոր, բայց ոչ վերջնական նպատակակետին: Այդ մասին, ի դեպ, շատ հստակ հուշում է Day.az-ին երկու օր առաջ հարցազրույց տված Ադրբեջանա-ամերիկյան «Օժանդակություն առաջընթացին» Հիմնադրամի նախագահ, ռազմական փորձագետ Ալեքսեյ Սինիցինը:

Հայտարարելով, թե Սենատում պատժամիջոցների մասին փաստաթուղթը շրջանառության մեջ դրած Հելսինկյան կոմիտեի նախագահ Քրիստոֆեր Սմիթն իրականում ամերիկյան ղեկավարության ձայնն է, որով Բաքվին զգուշացնում են, թե դժգոհ են նրա կողմից վարվող արտաքին քաղաքականությունից, Սինիցինը նշում է, թե նման սարքերի տեղադրումը կնշանակի, թե «միջազգային հանրությունն ընդունում է հայկական կողմի գծած սահմաններն ու շփման գիծը` որպես իրական, քաղաքական սահման»: Ավելին` ռազմական փորձագետը նշում է, թե սովորական սարքերն ի վիճակի չեն լինի որեւէ բան որսալ, դիցուք՝ խլացուցիչների գործածման պարագայում, ինչպես հաճախ վարվում են դիպուկահարները: Իսկ եթե բանը հասնի ամերիկյան Boomerang-ներին, որոնք թանկ արժեն նույնիսկ ԱՄՆ-ի պես երկրի համար, իսկ հրետանու դեպքում` բրիտանական հետախուզական HALO-ներին, նշանակում է` Մինսկի խումբն այլեւս սովորական քաղաքական կառույց չէ, այլ միջազգային տրիբունալ, որը զինված է նաեւ ռազմական տեխնիկայով:

Ընդ որում, դա կնշանակի, որ այստեղ կոնկրետ միավորներ կլինեն, որոնք անընդհատ կհսկեն այդ սարքերի աշխատանքը, ինչը, ըստ Սինիցինի, «պիտի որ դուր չգա Մոսկվային, եւ նա անպայման կխառնվի պրոցեսին»:

Բաքվում, այսինքն, սադրում են, եւ անհրաժեշտ է, որ հայկական կողմը չափազանց զգույշ գտնվի հնարավոր քայլերի նկատմամբ: Այն նույն մարդիկ` Արազ Ազիմով, Ռաուֆ Միրկադիրով, Ռասիմ Աղաեւ, Սարդար Ջալալօղլի, Էլհան Շահինօղլի, Ագիլ Սամիդբեյլի, Վաֆա Գուլուզադե եւ այլն, որոնք իրենց հրապարակային խոսքում «Ռուսաստանի մահն էին մարգարեանում», հիմա արդեն վերջին ռուսասերն են դարձել եւ ինչ-որ երեւակայական «կազանյան սկզբունքներ» են մեջտեղ բերել, որոնց մասին, բացի իրենցից` ուրիշ որեւէ մեկը տեղյակ չէ: Իսկ դե՝ Ֆիքրեդ Սախիդովի մտքերի թանաքը դեռ Salamnews-ում չի չորացել, երբ նա հայտարարում էր, թե «Ռուսաստանը մեծ սադրանք եւ կոնկրետ սցենար է պատրաստել Ադրբեջանի դեմ»: Հիմա արդեն, ճիշտ Սինիցինի եւ մեկ այլ ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովի նմանությամբ, նա «ԱՄՆ-ի դեմ պատժամիջոցներ կիրառողների» բանակից է…

Միով բանիվ, եզրակացությունը, որ պիտի բոլորս անենք` հետեւյալն է. մենք իրավունք չունենք Հայաստանը տարբեր գերտերությունների շահերի բախման հենակետ դարձնել: Այո, եթե հնարավորություն է ստեղծվել, պիտի կոնկրետ օգուտներ քաղենք` բացառապես մեր շահերից ելնելով: Բայց, իմ խորին համոզմամբ` այս իշխանությունը դժվար թե նման իմաստնություն ունենա: Ունենար` հերթական անգամ «Ձիրավի դաշտավայր» չէր դարձնի ընտրատեղամասերը…

Հ.Գ. Ի միջի այլոց, ես հրաշալի հիշում եմ, որ նախորդ անգամ ընթերցողին խոստացել էի կոնկրետ թվեր ներկայացնել առ այն, թե ինչպես են մեր ընտրողները գերազանցել նույնիսկ հաշվառված բնակիչների թվին: Այդ թվերը, սակայն, բավական ազդեցիկ ապացուցողական բազայի հետ մեկտեղ, ներկայացվեցին ԿԸՀ, այնուհետ` ՍԴ, որտեղ նախ` բվանի տեղ չդրվեցին, իսկ ապա` արհամարհվեցին: Ավելին` կոնկրետ ՍԴ-ից հաղորդեցին, որ իրենց որեւէ բողոք չի էլ ներկայացվել: Հուսանք` Մարդու իրավունքների եվրոպական դատարանում սույն պարոնների համարձակության հետքն էլ չի մնա, իսկ ցանկալի եւ դեռ սպասվող ընտրություններն ուղղակի կխառնեն բոլոր այն պլանները, որոնցից ելնելով` իշխանությունը գնաց սահմանադրական փոփոխություններ կոչվող քյանդրբազությանը…

 

 

Նախորդ հոդվածը‘Ո՞ւր են հոսում պետավտոտեսչության ավտոների լվացման գումարները’
Հաջորդ հոդվածը‘ՊՍԺ-ն պատրաստ է 7 միլիոն եվրո վճարել Հենրիխ Մխիթարյանին’