‘Ոչ առեւտրային դրամական փոխանցումները գրեթե կեսով նվազել են. Դրամին ծանր օրեր են սպասվում’

1772

Բանկերի միջոցով ֆիզիկական անձանց կողմից Հայաստան ուղարկված ոչ առեւտրային  դրամական փոխանցումները այս տարվա հունվարին կտրուկ նվազել են՝ նախորդ տարիների նույն ժամանակահատվածի համեմատ:

ԿԲ հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա հունվարին ֆիզիկական անձինք Հայաստան են ուղարկել ընդամենը  54 մլն 195 հազար ԱՄՆ դոլար: Համեմատության համար՝ 2014-ի հունվարին ոչ առեւտրային դրամական փոխանցումները կազմել են $99 576 մլն՝ ավելի քան 43 միլիոն դոլարով ավելի, քան այս տարվա հունվարին:  Իսկ ոչ առեւտրային փոխանցումների ամենախոշոր «մատակարար» երկրից՝ Ռուսաստանից, անցյալ տարվա համեմատ՝ փոխանցումները նվազել են ավելի քան կրկնակի՝ 2014-ի $80 713 մլնի փոխարեն՝ այս տարվա հունվարին ՌԴ-ից փոխանցվել է ընդամենը $37 173 մլն:

Ուշագրավ է, որ, բացառությամբ ճգնաժամային 2010-ի, այս ցուցանիշը ամենացածրն է 2006-ից ի վեր:

Դրամական փոխանցումների նման կտրուկ նվազումը տնտեսության համար հղի է մի շարք վտանգներով: Մասնավորապես, արտասահմանյան տրանսֆերտների նվազման հետեւանքով տնտեսության մեջ նվազում է արտարժույթի ծավալը, ինչը լրացուցիչ ազդեցություն կունենա դրամի փոխարժեքի վրա: Կառավարությունն ու Կենտրոնական բանկը ստիպված կլինեն նախկինի փորձով դրամի փոխարժեքը պահելու նպատակով ծախսել ՀՀ միջազգային պահուստները:

Հիշեցնենք, որ 2014-ի ընթացքում ՀՀ միջազգային պահուստները նվազել են 34%-ով: Ըստ հունվարի տվյալների՝ համախառն միջազգային պահուստները կազմում են 1 մլրդ 351,1 մլն դոլար:

Համաձայն Արժույթի միջազգային հիմնադրամի սահմանած չափորոշիչների՝ պետական պահուստների ապահով մակարդակը պետք է հավասար լինի տվյալ պետության ներմուծման վերջին 3,5 ամսվա ցուցանիշին: 2013-ի տվյալներով՝ Հայաստանի ներմուծման տարեկան ծավալները հավասար են $4,4 մլրդ, 3,5 ամսվա կտրվածքով՝ շուրջ 1,284 մլրդ դոլար:  Այսինքն, շարունակ դրամի կուրսը բարձր պահելու նպատակով դոլարային պահուստային ֆոնդից ներարկումներ կատարելով՝ իշխանությունները դրա ծավալները մոտեցրել են ռիսկային գոտուն, որից այն կողմ տնտեսությանը լուրջ վտանգներ են սպառնում՝ պակասում կամ սպառվում են բիզնեսին սպասարկող վարկային միջոցները եւ պետության՝ արտաքին ու ներքին պարտավորությունները կատարելու համար անհրաժեշտ միջոցները:

Նախորդ հոդվածը‘Այսօր Մարտիրոս Սարյանի ծննդյան օրն է’
Հաջորդ հոդվածը‘Ղազախստանը ԵԱՀԿ ԽՎ-ին հրավիրել է դիտարկելու նախագահական ընտրությունները’