‘Ոստիկանությունն իրեն «արդարացնող» հայտարարություն է տարածել եւ սպառնում է հատուկ միջոցներով’

1674

Ոստիկանությունն՝ այսօր մարաքաղաքում ընթացող բողոքի ցույցերի եւ այդ ցույցերի ժամանակ իրենց կողմից դրսեւորած անհամարժեք պահվածքի կապակցությամբ բավականին զավաշետալի մի հայտարարություն է տարածել: Հայտարարությունից հստակ երեւում է, որ ոստիկանությունն ընդամենը փորձում է արդարացնել իր կողմից քաղաքացիներին բռնի ուժով բերման ենթարկելու փաստը, եւ ինչպես միշտ՝ մեղավոր հռչակել ցուցարարներին:

Եթե որեւէ մեկին այս պահին կհետաքրքրի ոստիկանության տեսակետը, ապա այն՝ առանց խմբագրելու եւ կրճատելու ներկայացնում ենք ստորեւ.

«ՀՀ ոստիկանությունը բազմիցս ընդգծել է ՀՀ Սահմանադրությամբ, ՀՀ միջազգային պարտավորություններով, «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքով, ինչպես նաև «Ոստիկանության մասին» օրենքով սահմանված դրույթների պահպանման անհրաժեշտությունը և մատնանշել հավաքի կազմակերպիչների և մասնակիցների այն պարտականությունների շրջանակները, որոնց պահպանումը թույլ կտա լիովին խուսափել դեպքերի անցանկալի զարգացումներից:

ՀՀ ոստիկանությունը, հասարակական կարգը պահպանելիս, հավատարիմ իր որդեգրած սկզբունքներին` մայրաքաղաքի տարբեր հատվածներում ակցիաներ իրականացնողներին հորդորում է գործել բացառապես օրենքի շրջանակներում, պահպանել հանրային նորմերը, հարգել այլոց իրավունքները: 

Այսօր ստիպված ենք փաստել, որ ոստիկանության հանդուրժողականության և օրինահարգության հորդորը ոմանց կողմից ընկալվում է որպես ամենաթողության հնարավորություն: Որոշ ակտիվիստ-ցուցարարների օրինազանց գործողությունները խոսում են այն մասին, որ վերոհիշյալ մեթոդները սպառել են իրենց:

Քաղաքացիական ակտիվիստների գործողությունները, մասնավորապես, խոչընդոտում են ճանապարհի երթևեկելի հատվածներում տրանսպորտի բնականոն երթևեկը, սահմանափակում մայթերից, պուրակներից, զբոսայգիներից և հանրային ժամանցի համար նախատեսված այլ վայրերից օգտվելու` քաղաքացիների իրավունքները, խաթարում են պետական հաստատությունների բնականոն աշխատանքը և այլն: Նմանատիպ գործողություններն իրենց ամբողջության մեջ խախտում են  հասարակական կարգը, ստորադասում հասարակական համակեցության կանոնները և սահմանափակում այլոց սահմանադրական իրավունքները: 

ՀՀ ոստիկանությունը հարկ է համարում նշել, որ երթի ժամանակ թույլ տրված մի շարք իրավախախտումների կատարողները չեն ձերբակալվել, այլ մեկուսացվել են հավաքի վայրից, վարչական պատասխանատվության ենթարկելու նպատակով բերվել ՀՀ ոստիկանություն և կարճ ժամանակ անց ազատ արձակվել:

Իրավախախտում կատարելու համար ոստիկանության Երևան քաղաքի տարածքային բաժիններ են տարվել 12 անձինք, որից  4-ը`  վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգքրի 182-րդ, իսկ 8-ը` 172.2  հոդվածով նախատեսված զանցանքը կատարելու համար: 

Նշված  12 անձանցից 5 անձ բերվել է ոստիկանության Կենտրոնականի բաժին,   որից 4-ը` վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ  հոդվածով նախատեսված զանցանքը կատարելու համար` Զարուհի Միսակի Հովհաննիսյան, Օլյա Միքայելի Ազատյան, Արթուր Անդրանիկի Պետրոսյան, Բաբկեն Հրայրի Տեր-Գրիգորյան, 1-ը`վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգքրի 172.2 հոդվածով նախատեսված զանցանքը կատարելու համար`Մարիա Վահագնի Հովսեփյան:

1 անձ ոստիկանության Նոր-Նորքի բաժին է բերվել վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգքրի 172.2 հոդվածով նախատեսված զանցանքը կատարելու համար`Նարեկ Բագրատի Սամսոնյան:

                 Միաժամանակ հայտնում ենք, որ  որոշ քաղաքացիներ հրավիրվել են ոստիկանության բաժիններ, մասնավորապես` 3 անձ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին է հրավիրվել վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգքրի 172.2 հոդվածով նախատեսված զանցանքը կատարելու համար`Նոնա Միշայի Արուճյան, Լիդա Տիգրանի Մինասյան, Անուշ Վահրամի Խաչատրյան.

ոստիկանության Շենգավիթի բաժին է հրավիրվել 2 անձ` վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգքրքի 172.2 հոդվածով նախատեսված զանցանքը կատարելու համար, մասնավորապես` Արթուր Ալբերտի Ավթանդիլյան, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ:

ոստիկանության Նոր-Նորքի բաժին է հրավիրվել Համլետ Լորիկի Մելքումյան, վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգքրքի 172.2 հոդվածով նախատեսված զանցանքը կատարելու համար:

ՀՀ ոստիկանությունը հայտնում է, որ միջադեպերի բոլոր հանգամանքները մասնրամասն քննվելու են և յուրաքանչյուր միջադեպին առնչվող փաստական և իրավական հանգամանքների մասին հանրությանը կներկայացվի առավել հանգամանալից տեղեկատվություն:

ՀՀ ոստիկանությունը կրկին անգամ հորդորում է` զերծ մնալ իրավախախտումներ թույլ տալուց, կատարել հասարակական կարգի պահպանության մեջ ներգրավված  ոստիկանության  ծառայողների օրինական պահանջները և տեղիք չտալ ավելորդ լարվածության: 

 Միաժամանակ, ՀՀ ոստիկանությունը նախազգուշացնում է, որ համաձայն «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի` ոստիկանության ծառայողը որպես բացառիկ միջոց գործադրում է ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ:

Չնայած այն հանգամանքին, որ արդեն մոտ երկու տարի ոստիկանության ծառայողները դրսևորել են հանդուրժողականություն և չեն տրվել սադրանքների, այնուամենայնիվ կրկին անգամ հիշեցնում ենք, որ կատարվող իրավախախտումները նախականխելու և խափանելու նպատակով, որպես ծայրահեղ միջոց, ՀՀ ոստիկանությունը իրավասու է ցանկացած պահի` օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով  կիրառել ֆիզիկական ուժ և հատուկ միջոցներ:  

ՀՀ ոստիկանության սպառազինության մեջ ընդգրկված հատուկ միջոցների տեսակները և դրանց գործադրման իրավաչափության պայմաններն ու մարտավարական կարգը սահմանված են ՀՀ ոստիկանության պետի 2011 թվականի մայիսի 30-ի թիվ 1-Ն հրամանով: 

Մասնավորապես` ոստիկանության ծառայողներն անձամբ կամ ստորաբաժանման կազմում ծառայողական պարտականությունները կատարելիս իրավունք ունեն հատուկ միջոցներ գործադրել` ոստիկանության ծառայողին կամ հասարակական կարգի պահպանության և հանցագործությունների դեմ տարվող պայքարին աջակցող, իրենց հասարակական կամ ծառայողական պարտականությունները կատարող անձանց նկատմամբ ցուցաբերվող դիմադրությունը խափանելիս կամ նրանց օրինական պահանջներին չենթարկվելու դեպքում` ռետինե մահակներ, արցունքաբեր, գրգռիչ գազ, ծխաքողարկող միջոցներ, ռետինե գնդակներով փամփուշտներ, ձեռնաշղթաներ, ուշադրությունը շեղող լուսաձայնային միջոցներ, արգելանքներ քանդելու միջոցներ, ջրանետ մեքենաներ և զրահամեքենաներ, էլեկտրահարող սարքեր, կայծային պարպիչներ, ծառայողական շներ:

Հայտարարում ենք. հասարակական կարգը խախտելու, մայրաքաղաքի կյանքի բնականոն ընթացքը խաթարելու, մյուս քաղաքացիների իրավունքները ոտնահարելու, օրենքն անտեսելու յուրաքանչյուր դեպքում ոստիկանությունը կկիրառի օրենքով իրեն վերապահված լիազորությունները` օգտագործելով նաև հատուկ միջոցներ»:

 

Նախորդ հոդվածը‘Լեւոն Բարսեղյանը ոստիկանությունից. Հաղթելո՛ւ ենք ‘
Հաջորդ հոդվածը‘Հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովը մեկնարկել է. Ուղիղ’