‘Որտե՞ղ է կռվել Սուրիկ Խաչատրյանը’

2551

Տարիների մշուշը փորձում եմ ետ քաշել ու կրկին վերհիշել Գորիսում Արցախյան պատերազմի սկզբնական շրջանը,  երբ մոլեգնում էր քաղցը, մութ տարիներ էին ու բանակ չունեինք: Ազատամարտիկներին, որոնք եկել էին տարբեր քաղաքներից, Գորիսի բարձունքը՝ Կատարին պաշտպանելու համար, նույնպես սննդի ու հագուստի կարիք ունեին:

Գորիսեցիները, մի մարդու նման, հոգում էին ազատամարտիկների սննդի ու հագուստի հարցը: Ռազմական լրատվությանը զուգընթաց, կազմակերպել էի սննդի  ու հագուստի մատակարարման գործընթացը: Աստծո յուրաքանչյուր օր մի որեւէ կազմակերպություն, շենք, մարդկանց որոշակի խումբ, ճաշ էր պատրաստում՝ 30-40 լիտր տարողությամբ եւ ազատամարտիկների միջոցով, որոնք հիմնականում դրսից էին, կամ անձամբ իմ մասնակցությամբ հասցնում  էինք ճակատ: Այդ մասին «Ազատագրում» գրքում վկայել է Կոտայքի գումարտակի հրամանատար, գնդապետ Կիմ Գիլոյանը, ով այսօր էլ կենդանի է, ապրում է Աբովյանում եւ հարկ եղած դեպքում կարող է վկայել, թե Կատարին պաշտպանող  իր ջոկատին, ինչպես նաեւ մնացածներին, ով եւ ինչպես է օգնել: Անգամ կազմակերպվել էր դագաղներ ու վրաններ տրամադրելու գործընթացը, հազարավոր տաք գուլպաների առաքումը: Այդ ժամանակ Արմենպրեսի սեփական թղթակիցն էի Սյունիքի տարածաշրջանում եւ Սպարապետի ցուցումով իրականացնում էի Սյունիքի ռազմական թղթակցությունը: Սրանք նշում եմ այն առումով, որպեսզի պարզ լինի, որ առաջինը ես պետք է տեղյակ լինեի Սուրեն Խաչատրյանի ռազմական քաջագործությունների մասին ու գոնե մի անգամ անդրադարձ կատարած լինեի: Հարցրեք ցանկացած գորիսեցու, թե  պատերազմի ժամանակ որտեղ է կռվել Սուրիկը, միմյանց կնայեն շվարած:

Գործի բերումով անմիջական կապի մեջ էի Տեղ գյուղի հերոս, ինքնապաշտպանական շտաբի հրամանատար Մելոյի, Խնձորեսկի արծիվ, ինքնապաշտպանական շտաբի հրամանատար Սանոյի հետ, ով հաղթանակից հետո «անհայտ» անձի կողմից սպանվեց, Կոռնիձորի շտաբի հրամանատարի, սահմանամերձ տարածքների բոլոր հրամանատարների հետ ու գիտեի, թե նրանք ինչ հերոսական աշխատանք են կատարում: Գիտեի Մեծ Սոսին, ով իմանալով որ իրեն մի քանի ամսվա կյանք է մնացել, գնաց ու իր դաշնակցական ջոկատի հետ ազատագրեց Կատարիի գազի պոստ տարածքը: Տարածքն ազատագրելուց հետո, չկարողացավ բարձրանալ ցավից (քաղցկեղի վերջին փուլն էր), ջոկատի տղաները նրան գրկեցին ու հասցրին բարձունք: Ինձ ասում էր. «Երանի հենց այստեղ մեռնեի, ոչ թե մահճակալի մեջ»: Գիտեի Հալիձորի հերոսական տղաներին, ովքեր ինձ հետ հանդիպելու օրվա նույն գիշերը փրթվեցին անհայտ պայմաններում: Նրանք տեղյակ չէին, որ այդ գիշերը բանավոր հրաման էին ստանալու… Ամեն ինչ բացելու իր ժամանակն ունի: Գիտեի բոլորին՝ անուն առ անուն: Միայն կռվող տղա Սուրիկին չգիտեի, ոչ մի տեղ, ոչ մի բառ չէի լսել նրա մասին, անգամ գորիսեցի մոծակ մականվամբ մեկի մասին լսել էի, որ Շուռնուխ է գնացել, իհարկե, թալանի համար, Սուրիկի մասին չէի լսել:

Մարդ, որ ողջ պատերազմի ընթացքում Սյունյաց աշխարհում ռազմական թղթակցություն է վարել, ինչպե՞ս կարող է չիմանալ Արցախյան պատերազմի հերոսին, մեդալակրին: Օրվա մեջ, հարյուր անգամ կապ ունենալով ինքնապաշտպանական շտաբերի հրամանատարների հետ, ռադիոյով, մամուլով իրազեկում էի օպերատիվ իրավիճակը. «Գորիսեցիներ, շուտով գնդակոծություն է լինելու, առանց խուճապի շտապեք ապաստարանները»: Կա՞ մեկը, որն այդ բառերը չի լսել: Հիմա ուզում եմ իմանալ, որտեղ եւ երբ է կռվել Ս. Խաչատրյանը, որ ես՝ Սյունիքի ռազմական թղթակիցս, չեմ իմացել, ուղտի ականջում քնած եմ եղել:

 Հասմիկ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

hraparak.am

Նախորդ հոդվածը‘Լիսկան «Մարիոթում» զրուցում էր Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանի եւ Հովիկ Հովեյանի հետ’
Հաջորդ հոդվածը‘Հրազենային վնասվածք ստացած զինծառայողը չի շարունակի զինծառայությունը’