Որ համացանցային Հայաստանում (Բաղդադում) ամեն ինչ հանգիստ լինի

969

Բելառուսական Բրեստում 65-ամյա քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման՝ շենքի պատերին գրություններ անելու միջոցով այդ երկրի նախագահ Լուկաշենկոյին վիրավորելու համար։ Ընդհանրապես, սա Բելառուսում աննախադեպ բան չէ։ Հատկապես վերջին նախագահական ընտրություններից հետո շատերն են այդ երկրում հետապնդվել իշխանություններին եւ հատկապես Լուկաշենկոյին վիրավորելու համար։ Ընդ որում, ոչ միայն Բելառուսի քաղաքացիներ։ Ու այդ հետապնդումները մեծ ռեզոնանս էին ստանում, այդ թվում Բելառուսից դուրս, առ այն, թե ինչ ծայրահեղական հետապնդումների է դիմում «Եվրոպայի վերջին բռնապետը»։ Այսինքն, անգամ բռնապետ հռչակված գործչի կողմից նման հետապնդումները, մեղմ ասած, չափից դուրս էին եւ են ընկալվում։  

Վերջին շրջանում Հայաստանում եւս քրեական գործեր են հարուցվում՝ սոցիալական ցանցերում Նիկոլ Փաշինյանին վիրավորելու համար։ Հայաստանում, ժողովրդավարական Հայաստանում կամ, ինչպես իշխանություններն են սիրում ասել, ժողովրդավարության բաստիոն Հայաստանում, որտեղ ժողովրդավարությունը բրենդ է, իշխանությանը վիրավորելու համար մարդկանց քրեորեն հետապնդելու օրենք են ընդունում։

Փաշինյանն օրերս ասում էր՝  երբ Հայաստանում ցույցեր էին ընթանում, «դուք ինձ ավտոմատը ձեռքիս փողոցներով քայլելիս տեսե՞լ եք»։ Իբր ակնարկում էր, որ ինքն էլ հո Լուկաշենկոն չէ, որ ցուցարարներին ավտոմատով վախեցնելու փորձեր աներ։ Նախ, ի տարբերություն Բելառուսի, որտեղ ամբողջ ժողովուրդն էր ոտքի կանգնել, ու Լուկաշենկոն իշխանությունը կորցնելու իրական վտանգի առջեւ էր, Հայաստանում լիովին այլ իրավիճակ էր։ Պատերազմից հետո Հայաստանում փողոցային պայքարի հարթակները այնպիսի եւ այնքան վարկաբեկված ու մերժելի գործիչներ էին զբաղեցրել, որ անգամ ծանր պարտությունից ու սարսափելի կորուստներից հետո այստեղ այնքան մեծաքանակ ժողովուրդ փողոց դուրս չեկավ, ինչպես դա տեղի ունեցավ Բելառուսում, որ դեռ մի բան էլ այս իշխանությանը այնպիսի վտանգ սպառնար, որ ավտոմատ վերցնել-չվերցնելու հարց առաջանար։

Այսինքն, ավոտմատի նախադրյալներ չեն էլ եղել, որ այդ հանգամանքը ցուցիչ համարես։ Էլ չասած, որ դեռ հարց է, թե իսկ ինչ կաներ ինքը, եթե իր իշխանությանը համաժողովրդական վտանգ սպառնար իրականում։

Իսկ ահա սոցցանցերում վիրավորելու համար քրեական գործեր՝ խնդրեմ։ Քանի որ դա արդեն ռեալ սպառնալիք է համարվում այս իշխանության համար։ Իշխանություն, որ ամեն ինչ համացանցով ու համացանցի արձագանքով է չափում։ Իսկ եթե ավելի կոնկրետ, ապա իշխանություն, որ ապրում է համացանցում։

Այսինքն, կապ չունի, թե ինչ է կատարվում աշխարհում, իրական միջազգային քաղաքականության զարտուղիներում, ի վերջո՝ մեր երկրում, կարեւորն այն է, թե այդ ամենը ինչպես է մատուցվում համացանցում, եւ ինչպես են այդ մատուցմանն արձագանքում մարդիկ։ Ու հանկարծ այնպես չլինի, որ ինչ-որ մեկը խախտի այդ իդիլիան։ ժողովրդավարության բաստիոնի միֆն ու իդիլիան։

Իսկ եթե լուրջ, ապա ո՞րն է այս հարցում Հայաստանի իշխանությունների եւ Լուկաշենկոյի տարբերությունը։ Ոչ մի տարբերություն չկա, երկուսն էլ որոշել են, որ իրենց հասցեին հնչող քննադատությունը կարելի է գրաքննել, դրանց մի մասը որակել որպես վիրավորանք ու քննել, հետապնդել մարդկանց։ Կապ չունի, թե ում։ Անգամ՝ նախկիններին։

Նախ, դա ապացուցում է, թե ինչ կարգի փուչիկ են ժողովրդավարության բաստիոն լինելու մասին իշխանության պնդումները, որովհետեւ անգամ բռնապետական երկրում, եթե մարդը իշխանության պատասխանատվություն ստանձնելու որոշում է կայացնում, ապա հասկանում է, որ ինքն այլեւս հանրային դեմք է, եւ հասկանում է նաեւ դրա բոլոր հնարավոր հետեւանքները, այս թվում, որ իրեն՝ որպես իշխանություն, կվիրավորեն էլ, անգամ՝ չհիմնավորված, էլ չասած՝ հիմնավորված։ Այսինքն, կան բազմաթիվ գրված եւ չգրված հանգամանքներ, որոնք անձը, հատկապես ժողովրդավարական երկրում, ստանում է՝ իշխանությունը ստանալու հետ միասին։ Եւ նա չի կարող ասել, թե այս մի բանն ինձ դուր է գալիս, թող մնա, այն մյուս բանը՝ չէ, հետապնդեք։ Այսինքն, կարող է նաեւ ասել, բայց այդ դեպքում պիտի ընդունի, որ ինքը ոչ միայն քաղաքականությունից բան չի հասկանում, այլեւ՝ որեւէ բանով չի տարբերվում որեւէ բռնապետից։

Եւ մի հանգամանք էլ այն հանրային դեմքերի համար, որոնք արդարացնում են այս քրեական գործերը այն փաստով, որ դրանց մեծամասնությունը նախկինների կամ նրանց առնչվող անձանց դեմ է հարուցվում։ Ոչ մի իշխանություն հավերժ չէ, իսկ վատ օրենքները կարող են հավերժ մնալ, հատկապես, եթե դրանց սաղմնավորման դեմ չի եղել պայքար։ Ուստի, թող նրանք պատկերացնեն մի իրավիճակ, թե ինչ կլինի իրենց այսօրվա լոյալության արդյունքում վաղը, եթե տեսականորեն՝ այդ նախկիններից որեւէ մեկը գա իշխանության, եւ մեծամասնական լոյալության արդյունքում այսօր ընդունված օրենքները սկսի նա կիրառել։

Քրիստինե Խանումյան

Նախորդ հոդվածըԴԺՀ-ն և ԼԺՀ-ն ճանաչելու դեպքում Բրյուսելը ԵՄ խորհրդին կառաջարկի պատժամիջոցներ սահմանել ՌԴ–ի դեմ
Հաջորդ հոդվածըՊուտինը ստորագրեց