‘Ուզբեկստանում դպրոցականներին ուղարկում են դատարկ շշեր հավաքելու’

1565

Ուզբեկստանի արևելյան մարզկենտրոն Ջիզակում տեղի դպրոցներից մեկի աշակերտներին հանձնարարել են դատարկ շշեր հավաքել, տեղեկացրել է Uznews-ը: Նման հանձնարարություն տվել է թիվ 7 դպրոցի տնօրենը: Ընդ որում՝ յուրաքանչյուր աշակերտի համար սահմանվել է նորմա՝ հինգ շիշ, ինչպես նաև երեք կիլոգրամ պլաստիկ շշեր:

Նույն քաղաքի մեկ այլ դպրոցում երեխաներին հանձնարարել են մետաղի ջարդոն հավաքել: Ընդ որում՝ տարրական դասարանցիների համար սահմանվել է հինգ կգ նորմա, չորրոդ դասարանից սկսած՝ տասը կգ, բարձր դասարանցիների համար՝ 15 կգ: Նորման չկատարելու դեպքում յուրաքանչյուր պակաս կիլոգրամի համար աշակերտը պետք է վճարի «տուգանք»՝ 400սում ( մոտավորապես վեց ռուբլի):

Ուզբեկստանում դպրոցականներին և բյուջետային աշխատողներին ստիպում են նաև այլ «հասարարակական աշխատանքներ» կատարել, մասնավորապես՝ մաքրել փողոցները: Երիտասարդներին և մեծահասակներին նաև ամեն տարի զանգվածաբար տանում են բամբակ հավաքելու, փոխանցում է lenta.ru-ն:

Հիշեցնենք, որ անցյալ տարեվերջին միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում էր հայտնվել Ուզբեկստանի նախագահ Իսլամ Կարիմովի ընտանիքի և հատկապես ավագ դստեր՝ Գուլնարա Կարիմովայի ժնևյան առանձնատան շուրջ ծագած սկանդալը. այդ առանձնատանը հայտնաբերվել էր Ուզբեկստանի թանգարանային ֆոնդին պատկանող առնվազն 60 կտավ: Առանձնատունը գրաված իրավապաշտպանները հայտարարել էին, որ իրենց ակցիայի նպատակն է եղել «հանրության ուշադրությունը հրավիրել այն տան վրա, որը կառուցվել է ժողովրդի փողով»: 

Նախորդ հոդվածը‘Զենք-զինամթերք` մետրոպոլիտենի կայարանի աստիճանների տակ’
Հաջորդ հոդվածը‘Էլեկտրաէներգիայի արտադրությունը Հայաստանում 2013-ին կրճատվել է 4,1%-ով. ԱՎԾ’