‘Ուզբեկստանում ձերբակալել են նախագահի դստեր մտերիմներին, այդ թվում՝ նրա «աջ ձեռք» Գայանե Ավակյանին ‘

1496

Ուզբեկստանում ձերբակալել են երկրի նախագահի դստեր՝ Գյուլնարա Քարիմովայի նեղ շրջապատի մի քանի ներկայացուցիչների: Այդ մասին հայտարարել է երկրի գլխավոր դատախազությունը:

Ինչպես նշում է հաղորդագրության մեջ, բերման են ենթարկվել Ռուստամ Մադումարովը, Գայանե Ավակյանը եւ Եկատերինա Կլյուեւան: Նշվում է նաեւ, որ նրանք անցնում են Terra Group, Prime Media, Gamma Promotion եւ մի շարք այլ ընկերությունների դեմ հարուցված քրեական գործով: Նշյալ ընկերությունների դեմ մեղադրանք է առաջադրվել հարկերից խուսափելու եւ այլ ֆինանսական հանցագործություններ կատարելու համար:

Ռուստամ Մադումարովին ուզբեկական ԶԼՄ-ները ներկայացնում են որպես Քարիմովայի քաղաքացիական ամուսին: Վերջինս բիզնեսմեն է եւ խանութների ցանցի սեփականատեր:

Գայանե Ավակյանին տեղական ԶԼՄ-ները Քարիմովայի «աջ ձեռքն» են հռչակել: Ավակյանի անունը տեղական ԶԼՄ-ներում շրջանառվել է 2012 թվականին՝ խոշոր չափերի կաշառքներ վերցնելու համար հարուցված գործի քննության կապակցությամբ: Նշվում էր, որ կաշառք տվողը եղել է շվեդա-ֆիննական TeliaSonera՝ հեռահաղորդակցությամբ զբաղվող ընկերությունը: Նշվում էր, որ կաշառքը փոխանցվել էր Takilant Limited ընկերությանը, որը վերահսկում էր Ավակյանը:

2013 թվականի աշնանը Գյուլնարա Քարիմովան, ում մասին խոսում էին որպես հոր իրավահաջորդի, ծանր կացության մեջ էր հայտնվել: Ուզբեկստանում փակվեցին նրա վերահսկողության տակ գտնվող հեռուստա եւ ռադիո ընկերությունները, Տաշկենտում փակվեցին նրան պատկանող բուտիկները: Իր գործունեությունը դադարեցրեց նաեւ նրա հիմնադրամը՝ «Մշակույթի եւ արվեստի ֆորումը»: Նրա նեղ շրջապատից մի քանի մարդիկ՝ այդ թվում եւ թիկնազորի պետը, ձերբակալվեցին, մի քանիսը ստիպված էին լքել երկիրը: Ինքը՝ Քարիմովան, ակտիվորեն հանդես էր գալիս իր ազգականների հետ կապված բացահայտումներով, եւ ուժային կառույցների դեմ ուղղված քննադատությամբ:

 

Նախորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. Հղփացածությունից «հարբած փղերի» ժամանակը ‘
Հաջորդ հոդվածը‘ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ’