‘Ուիմբլդոն․ 15-ամյա Կորի Գաուֆը շարունակում է հրաշքներ գործել․ ամերիկուհին 1/8 եզրափակչում է’

1237

Լոնդոնում շարունակվում է Թենիսի Մեծ սաղավարտի տարվա երրորդ մրցաշարը՝ Ուիմբլդոնը։ Արդեն մեկնարկել են 1/16 եզրափակչի խաղերը։

Կանանց մենախաղի գլխավոր հայտնությունը՝ 15-ամյա Կորի Գաուֆը շարունակում է հրաշքներ գործել։ Ամերիկուհին այս անգամ մրցում էր Սլովենիայի ներկայացուցիչ Պոլոնա Հերցոգի հետ։ Առաջին սեթը Հերցոգը վերցրել էր վստահ կերպով՝ 6-3։ Երկրորդ սեթում Գաուֆը պարտվել էր սեփական մատուցման գեյմերից մեկը։ 3-5 և 4-5 հաշիվների ժամանակ Հերցոգը երեք «մաչ-փոյնթ» ուներ, ասել է թե, մեկ գնդակ էր պակասում նրան 15-ամյա ամերիկուհու հեքիաթը ավարտելու համար։ Սակայն լոնդոնյան հրաշագեղ երեկոն դարձյալ ուներ մեկ տիրուհի, որի անունը Կորի Գաուֆ է։ 

Ամերիկուհի թենիսիստը, դրսևորելով կամային բացառիկ հատկանիշներ, «հետ եկավ» երկրորդ սեթում ու հաղթեց այն թայ-բրեյքում` 7-6(7):

Երրորդ՝ վճռորոշ սեթում Գաուֆը հաղթեց 7-5 հաշվով՝ հանդիպումն ավարտելով առաջին իսկ «մաչ-փոյնթից»։ 

1/8 եզրափակչում Կորի Գաուֆի մրցակիցը մրցաշարի գլխավոր ֆավորիտներից մեկն է՝ Սիմոնա Հալեպը։ Վերջինս երկու սեթում վստահ հաղթանակ է տարել Վիկտորիա Ազարենկայի նկատմամբ։ 

Նախորդ հոդվածը‘Պաշտոնական. Ֆրենկի դե Յոնգը պայմանագիր կնքեց «Բարսելոնա»-ի հետ’
Հաջորդ հոդվածը‘Croatia Grand Chess Tour․ Լեւոն Արոնյանը կես միավոր վաստակեց նախավերջին տուրում’