Ուկրաինական նավը խուճապ է առաջացրել ռուսաստանյան սոցցանցերում

437

Մինչ ԱՄՆ նախագահը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն փոխանցում էր իր տպավորությունները Ռուսաստանի նախագահի հետ հանդիպումից, Ուկրաինայի ՌԾՈՒ «Դոնբաս» նավը դուրս է եկել Մարիուպոլից և ուղղություն վերցրել դեպի Կերչի նեղուց՝ դրանով իսկ խուճապ առաջացնելով ռուսաստանյան ԱԴԾ-ի սահամապահ վարչությունում և ռուսաստանյան սոցցանցերում ու տելեգրամ-ալիքներում։

«Ուկրաինական նավի անձնակազմի գործողությունները գնահատվում են որպես սադրիչ և նավավարության անվտանգության նկատմամբ սպառնալիք»,- ասվում է ԱԴԾ-ի հայտարարության մեջ։

Russia Today-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը Twitter-ում գրել է․ «Ի՞նչ է, սկսվե՞ց։ Մայր Ռուսաստան, հուսախաբ չանես»։ Իսկ հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովը YouTube-ում չնախատեսված սթրիմ է սկսել, որի ընթացքում հյուրերի հետ քննարկել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև զինված հակամարտության հնարավոր սցենարները։

ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահների զրույցն ավարտվելուց քիչ անց «Դոնբաս» նավը, որը կառուցվել է 1969 թ․ որպես լողացող արհեստանոց, որն այս ընթացքում մի քանի անգամ այրվել է ու վերանորոգվել, որը բավական մաշվել է փոթորիկներում և սպառազինություն չի կրում, Կերչի նեղուցից 30 կմ հեռավորությունից ետ է նավարկել։

Առայժմ հայտնի չէ, թե նավն ինչու է դիմել այդ գործողություններին։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՌԳ նախագահ «Ռուսատյացությունը ցեղասպանության առաջին քայլն է»
Հաջորդ հոդվածըԽաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է «Новая газета»-ի գլխավոր խմբագրին