‘Ուկրաինայի հավաքականը պատրաստ է բոյկոտելու Պարալիմպիադան Սոչիում’

974

Ուկրաինայի ազգային պարալիմպիկ կոմիտեն հայտարարել է, որ կարող է բոյկոտել Պարալիմպիադա-2014-ը Սոչիում, եթե Ռուսաստանն իր զորքերը դուրս չբերի Ուկրաինայի տարածքից: Ձմեռային պարալիմպիկ խաղերի բացումը կայանալու է ուրբաթ՝ մարտի 7-ին:

Ինչպես bbcrussian.com-ին հաղորդել է ուկրաինական հավաքականի մամլո խոսնակ Նատալյա Գարաչը, պարալիմպիկ մարզիկների մասնակցության վերաբերյալ որոշումը կկայացվի մինչև  Պարալիմպիադայի բացման արարողությունը:

Ուկրաինայի պարալիմպիկ կոմիտեի նախագահը՝ «Բատկիվշչինա» կուսակցությունից  ժողովրդական պատգամավոր Վալերի Սուշկևիչը հույս է հայտնել, թե Պարալիմպիադայի առաջիկա մեկնարկը կստիպի, որ ռուսաստանյան իշխանությունները կանգ առնեն:

2010 թ. Վանկուվերում անցկացված Պարալիմպիադայում Ուկրաինայի հավաքականը գրավել է հինգերորդ տեղը՝ նվաճված 19 մեդալներով, այդ թվում՝ հինգ ոսկե:

Նատալյա Գարաչի խոսքով՝ ուկրաինացի մարզիկները՝ թվով 31 մարդ, Սոչի են ժամանել մարտի 1-ին մարզական հավաքից, որն անցկացրել են Հայաստանում:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Սոչիի Պարալիմպիադային չեն ժամանի ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի պաշտոնական պատվիրակությունները: Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնն իր որոշման մասին հայտարարել է Twitter-յան իր էջում. «Ուկրաինայում լուրջ իրավիճակի պատճառով Ուիլյամ Հեյգը և ես որոշել ենք, որ ճիշտ չի լինի այցելել Սոչիի պարալիմպիադային»: Փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Նախորդ հոդվածը‘Պուտինը՝ Յանուկովիչի քաղաքական ապագայի մասին’
Հաջորդ հոդվածը‘Հոգեւորականը պաշտպանում է ուկրաինացի զինվորականներին. Ֆոտո’