‘Ուկրաինայում վերսկսվել են բախումները, ոստիկանությունը գազ է կիրառել. Տեսանյութեր, ֆոտոշարք’

1678

Այսօր առավոտյան կառավարության շենքի մոտ վերսկսվել են բախումները Ուկրաինայի եվրաինտեգրման կողմնակիցների և ոստիկանության հատուկ ստորաբաժանումների աշխատակիցների միջև, փոխանցում է РИА Новости-ն:

Ցուցարարներին կառավարության շենքի մոտից հեռացնելու համար իրավապահները մահակներ ու արցունքաբեր գազ են կիրառել: Ցուցարարներն, իրենց հերթին, իրավապահներից խլել են սաղավարտները և նրանց ուղղությամբ տարբեր առարկաներ են շպրտել: Դեպքի վայր են ժամանում իրավապահների լրացուցիչ ուժեր:

Ավելի վաղ մոտավորապես 500 ցուցարարներ կազմակերպված շարասյուներով շարժվել են դեպի կառավարության շենքը՝ պահանջելով վարչապետ Նիկոլայ Ազարովի հրաժարականը: Ցույցի մասնակիցները մեծ ցուցապաստառ են պարզել՝ կոչ անելով բանտից ազատել նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյին:

Հիշեցնենք, որ կիրակի օրը բազմահազարանոց ցույցեր են սկսվել Ուկրաինայի մայրաքաղաքում և շրջաններում: Տարբեր տվյալներով՝ Կիևում ակցիաներին մասնակցել է 50-ից 100 հազար մարդ: Կիրակի երեկոյան իրավապահները փորձել են ցուցարարներից ազատել  դեպի քաղաքի կենտրոն տանող փողոցները, նրանք սկսել են հրհրել ցուցարարներին, ծեծկռտուք է սկսվել, ոստիկանության ուղղությամբ սկսել են քարեր շպրտել: «Ուկրաինական տան» շենքի մոտ ցուցարարները վրաններ են տեղադրել: Բախումների արդյունքում կան տուժածներ, փոխանցում է ria.ru-ն:

 

 

Նախորդ հոդվածը‘Գոհար Սիմոնյան. Վարչակազմը նոր քյանդրբազություն է մոգոնել ‘
Հաջորդ հոդվածը‘Յուրա Մովսիսյանը կվիրահատվի ԱՄՆ-ում’