Ուկրաինա․ Նախկին նախագահ Պոռոշենկոն կասկածվում է պետական դավաճանության մեջ

387

Ուկրաինայի դատախազությունը քրեական գործ է հարուցել նախկին նախագահ Պյոտր Պոռոշենկոյի դեմ պետական դավաճանության կասկածանքով։

Պոռոշենկոն մեղադրվում է այն բանի համար, որ 2014 թվականի վերջին -2015-ի սկզբներին, Ռուսաստանի շահերից ելնելով, Դոնբասի՝ ռուսաստանամետ անջատականների գրաված շրջաններից ածուխի արտահանում է կազմակերպել։

Հետաքննությունների պետական բյուրոյի տեղեկատվության համաձայն՝ ներկայումս Գերագույն ռադայի պատգամավոր հանդիսացող Պյոտր Պոռոշենկոն ծանուցվել է իր դեմ սկսված հետաքննության մասին։ Ծանուցման մեջ նաև «ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ահաբեկչական կազմակերպություններին աջակցելու» վերաբերյալ ձևակերպում կա։

«Հինգերորդ նախագահ Պյոտր Պոռոշենկոն կասկածվում է նրանում, որ գործելով մի խումբ անձանց, մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնության բարձրաստիճան ղեկավարության ներկայացուցիչների հետ նախնական համաձայնությամբ, նա նպաստել է ԴԺՀ-ում և ԼԺՀ-ում ահաբեկչական կազմակերպությունների գործունեությանը»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Ներկա պահին Պոռոշենկոն Ուկրաինայում չէ, սակայն ինչպես պնդում են նրա ղեկավարած «Եվրոպական համերաշխություն» կուսակցությունում, նա չի փախել, այլ մեկնել է Թուրքիա և Լեհաստան՝ նախապես ծրագրված հանդիպումների, և անպայման վերադառնալու է Ուկրաինա։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԱՀԿ-ն կոչ է անում վերանայել տոնական օրերի ծրագրերը
Հաջորդ հոդվածըԱՄՆ դատարանը հեռացել է վճիռ կայացնելու Գիսլեյն Մաքսվելի գործով