‘Ուորլիք. Ինչ-որ պահի Թուրքիան կարող է որոշակի դեր խաղալ ԼՂ հիմնախնդրում’

1061

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները եկող տարվա սկզբին Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ հանդիպում են ակնկալում: «Ամերիկայի ձայն» ռադիոկայանին և «Թուրան» գործակալությանը հարցազրույցում հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

Այն հարցին, թե որտե՞ղ և ե՞րբ է նախատեսվում երկու երկրների առաջնորդների հանդիպումը` Ուորլիքը պատասխանել է. «Հանդիպման ստույգ ամսաթիվը և վայրը դեռ հայտնի չէ: Սակայն, երկու երկրների արտգործնախարարները քննարկումներ են անցկացնում այդ թեմայի շուրջ, և, հուսով ենք, հարցը շատ շուտով կհստակեցվի»:  Նա նաեւ հավելել է, թե «որոշակիորեն մեղմվել է երկու պետությունների ղեկավարների ռազմատենչ հռետորաբանությունը: Եվ դա շատ կարևոր է երկխոսության հաստատման, կորուստների ու լարվածության կրճատման համար»:

Այն հարցին, թե արդյոք որևէ նոր առաջարկներ կան, որոնք խթան կհաղորդեին բանակցություններին «Մադրիդյան սկզբունքների» հիման վրա` Ուորլիքը պատասխանել է. «Իհարկե, մենք մեր կողմից նոր գաղափարների կողմնակից ենք: Սակայն, կողմերն իրենք պետք է որոշեն, թե ինչպես լուծեն այդ հարցերը: Մեր խնդիրն է` աջակցել նրանց: Մենք, որպես միջնորդներ, ցանկանում ենք հակամարտության կարգավորման այնպիսի տարբերակ, որը կհամապատասխաներ բոլոր կողմերի շահերին»: Նրա խոսքով, «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» իրավիճակի վերացումը կնպաստեր ներդրումների աճին, երկու ժողովուրդների նյութական բարեկեցությանը:

Անդրադառնալով Թուրքիայի դերին հակամարտության կարգավորման հարցում և խաղաղարար գործընթացի վրա հայ-թուրքական սահմանի բացման ազդեցությանը` Ուորլիքը նշել է. «Թե ինչ դեր կարող է խաղալ Թուրքիան հակամարտության կարգավորման գործում հարցն իմ իրավասության մեջ չի գտնվում: Սակայն, ինչ-որ պահի Թուրքիան կարող է որոշակի դեր խաղալ»,- ասել է նա:

Նախորդ հոդվածը‘Շավարշ Քոչարյանն Իրանում քաղաքական ու տնտեսական քննարկումներ է ունեցել’
Հաջորդ հոդվածը‘ԵՄ-ն պատրաստ է Ուկրաինայի հետ ասոցացման համաձայնագիրը ստորագրել վաղը կամ մյուս օրը’