‘ԵՄ-ն պատրաստ է Ուկրաինայի հետ ասոցացման համաձայնագիրը ստորագրել վաղը կամ մյուս օրը’

1009

ԵՄ-ն պատրաստ է Ուկրաինայի հետ հետ ստորագրել ասոցացման համաձայնագիրը թեկուզ վաղը: Այդ մասին ԵՄ անդամ 28 երկրների արտգործնախարարների հանդիպմանը հայտարարել է Շվեդիայի արտաքին գործերի նախարար Կարլ Բիլդտը:

«Եթե Կիևից հստակ ազդանշան լինի, մենք պատրաստ ենք վաղը կամ մյուս օրը  ստորագրել համաձայնագիրը»,-հայտարարել է Բիլդտը:

Բիլդտը նաև քննադատել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչին՝ հայտարարելով, որ նա իր քաղաքականության մեջ առաջնորդվում է երկակի ստանդարտներով:

«Վիլնյուսում նա հայտարարել է, որ կստորագրի ասոցացման համաձայնագիրը, իսկ այնուհետև խոստանում է, որ դատի կտա նրանց, ովքեր պատրաստել են այն (ասոցացման համաձայնագիրը խմբ.), այնուհետև Բրյուսել է գործուղում առաջին փոխվարչապետին, որն այնտեղ ոչինչ չի ասում»,-հայտարարել է Շվեդիայի արտգործնախարարը:

Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկյավիչյուսն էլ հայտարարել է, որ ԵՄ-ն չի կասեցրել բանակցությունները Ուկրաինայի հետ և հույս ունի ուկրաինական իշխանություններից ստանալ պարզաբանումներ՝ կապված ԵՄ-ի հետ ասոցացման վերաբերյալ իրենց հնչեցրած բացասական գնահատականների մասին: Լինկյավիչյուսը  նաև նշել է, որ ասոցացման համաձայնագրի վերաբերյալ ԵՄ-ի առաջարկները «մնում են սեղանին»:

«Եթե այստեղ ինչ-որ բան կանգնել է, ապա ոչ Եվրոպայի կողմից: Եվրոպան ոչ մի դադար այդ հարաբերություններում չի անում»,-հայտարարել է Լիտվայի արտգործնախարարը:

Անդրադառնալով ուկրաինական իշխանությունների հակասական պահվածքին՝ Լինկյավիչյուսը նաև հավելել է. «Եթե կողմերից մեկը կարծում է, որ համաձայնագիրը հակասում է իր շահերին, ինչպե՞ս մենք կարող ենք ստորագրել այն»:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը ուրբաթ օրը սպառնացել էր դատի տալ ուկրաինացի այն պաշտոնատար անձանց, ովքեր բանակցել են ԵՄ-ի հետ ասոցացման ներկայիս պայմանների: Ի պատասխան Յանուկովիչի այդ հայտարարության՝ ԵՄ ընդարձակման և հարևանության հարցերով գերագույն հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն Twitter-ի իր էջում գրել էր, որ ԵՄ-ն կասեցնում է ասոցացման պայմանագրի շուրջ բանակցությունները Ուկրաինայի հետ:

Նախորդ հոդվածը‘Ուորլիք. Ինչ-որ պահի Թուրքիան կարող է որոշակի դեր խաղալ ԼՂ հիմնախնդրում’
Հաջորդ հոդվածը‘Չինաստնում ներկայացվել է Մաո Ցզեդունի ոսկյա արձանը’