‘Ուսանողների շրջանում հեղափոխական տրամադրություն է. Նախարարների կաբինետի հրաժարականն այլընտրանք չունի’

960

Հայաստանի կառավարությունն սպառել է ուսանողների վստահությունը կեղծ խոստումներով և անտարբերությամբ, և վերջիններս փողոց դուրս կգան`կառավարության հրաժարականի պահանջով: Այդ մասին, Արմինֆոյի փոխանցմամբ, այսօր մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության վարչության ատենապետ Գերասիմ Վարդանյանը`ավելացնելով, որ նոյեմբերի 17-ին նշվող Ուսանողների օրվա կապակցությամբ տոնական նախապատրաստությունների փոխարեն հայ ուսանողների շրջանում հեղափոխական տրամադրություն է: «Այսօր Հայաստանի ուսանողությունը բազմաթիվ խնդիրների առջև է կանգնած, և դրանցից շատերը կարելի է պետական մասշտաբի մարտահրավերներ համարել»,- հայտարարել է Վարդանյանը: Պատասխանելով ԱրմԻնֆո-ի թղթակցի հարցին, թե լուծման ի՞նչ տարբերակներ է տեսնում միությունը՝ կառավարության հրաժարականից բացի`Վարդանյանը նշել է, որ նախարարների կաբինտեի հրաժարականն այլընտրանք չունի: Նա նաև հավելել է, որ ուսանողները հետևողական են լինելու իրենց գործողություններում և մտադիր չեն թուլացնել իշխանության նկատմամբ իրենց ճնշումը:

Միության վարչության անդամ Մհեր Ղազարյանն իր հերթին հայտարարել է, որ ուսման վարձավճարի թանկացմամբ կոռուպցիայի դեմ պայքարում որևէ դրական տեղաշարժ Հայաստանի բուհերում տեղի չի ունեցել: Նրա խոսքով, վարձավճարի թանկացումը շարքային դասախոսների աշխատավարձի բարձրացման չի հանգեցրել: «Եվ այսօր դասախոսների`ուսանողների հետ միասին փողոց դուրս չգալու միակ պատճառը վախի գործոնն է»,- ասել է Ղազարյանը: Ակցիան տեղի է ունենալու նոյեմբերի 14-ին: 12:00-ին ակցիայի մասնակիցները երթով կանցնեն ՀՊՃՀ կենտրոնական շենքից մինչև կառավարության շենքը: Ընդ որում՝ երթուղին կանցնի մնացած բուհերին հարակից փողոցներով` առավելագույն քանակով ուսանողներ ներգրավելու նպատակով:

 

Նախորդ հոդվածը‘Սեւանում նավակից երկու ձկնորսներ են անհետացել’
Հաջորդ հոդվածը‘Օրվա կադր 2. Տիգրան Սարգսյանը տրակտորից անցավ Lexus-ի ‘