‘Ուրիշի լեզուն’

1758

Ըստ վերջերս հրապարակված մի հետազոտության՝ հայերենն ընդգրկվել է աշխարհի ամենատարօրինակ լեզուների տասնյակում:

Մարդկային բանականության  թաքնված ունակություններից ամենաառեղծվածայինը, թերևս, քսենոգլոսիան է՝ այլալեզվությունը, երբ իր և շրջապատի համար միանգամայն անակնկալ՝ մարդն սկսում է խոսել օտար լեզվով կամ էլ հին, վաղուց անհետացած քաղաքակրթության որևէ բարբառով, որոնց երբևէ չի տիրապետել:

Քսենոգլոսիայի առաջին հիշատակումն առկա է Նոր Կտակարանի գրքերից մեկում՝ «Գործք առաքելոցում»: Մասնավորապես՝ այնտեղ ասվում է. Պենտեկոստեի օրը  (Զատկից յոթ շաբաթ հետո՝ ճիշտ 50-րդ օրը նշվող տոն) Հիսուսի առաքյալների և աշակերտների վրա է իջնում Սուրբ Հոգին, և հանկարծ նրանք բոլորն սկսում են խոսել տարբեր լեզուներով: «Եւ հանկարծակի երկնքից մի ձայն լսվեց՝ սաստիկ փչող քամու պես, և լցրեց բոլոր տունը՝ ուր նրանք նստած էին: Եւ երեւեցան նրանց բաժանված լեզուներ՝ ինչպես կրակից, և նստեցին նրանցից ամեն մեկի վրա: Եւ ամենքը Սուրբ Հոգով լցվեցան և սկսեցին ուրիշ լեզուներով խոսել, ինչպես որ Հոգին նրանց խոսել էր տալիս: Եւ Երուսաղեմում բնակվում էին հրեաներ, աստվածավախ մարդիկ՝ երկնքի տակի ամեն ազգերից: Եւ երբ այդ ձայնը եղավ, բազմությունը եկավ մեկտեղ և կիտվեցավ, որովհետև ամեն մեկը լսում էր նրանց, որ իր լեզվով խոսում էին: Եւ ամենքը հիանում և զարմանում էին  եւ իրար ասում էին. «Չէ՞ որ սրանք ամենքը, որ խոսում են, գալիլեացի են: Եւ ինչպե՞ս է, որ մենք ամեն մեկս լսում ենք այն լեզուն, որում ծնված ենք…. լսում ենք, որ  նրանք մեր լեզուներով Աստծուց մեծամեծ բաներ են խոսում» (Գործք առաքելոց, Բ):

Այդպես առաքյալներն սկսեցին քարոզել Քրիստոսի ուսմունքը:

Ըստ իս՝ ոչ պակաս առեղծվածային երևույթ է, երբ մարդը խոսում է իր տիրապետած միակ լեզվով, բայց այդ նույն լեզվի կրողները չեն հասկանում նրան: Ասենք՝ մեկը խոսում է քո մայրենի լեզվով, ու դու չես հասկանում, թե նա ինչ է ասում (Գալուստ Սահակյանը հաշիվ չէ, քանի որ խոսքը ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ թաքնված ունակությունների մասին է), կամ ինքը քո ասածը չի հասկանում: Չգիտեմ՝ այս երևույթը գիտական բացատրություն կամ, առավել ևս՝ անվանում ունի՞, թե՞ ոչ: Չեմ էլ ուզում ինչ-որ առեղծվածային, գերբնական կամ անբանական հատկանիշներ վերագրել ինձ, բայց փաստը մնում է փաստ, որ իմ և հայրենակիցներիցս ոմանց միջև կարծես չհասկացության պատ է գոյացել, որը հաղթահարելու ապարդյուն փորձեր եմ անում ես, որովհետև հակառակ կողմը բացարձակ անտարբերություն է դրսևորում սույն պատի ու առհասարակ՝ ամեն ինչի նկատմամբ:

Իմ մշտական խանութից գնումներ եմ անում ու դիմում եմ երիտասարդ վաճառողուհուն.

-Գայ ջան, մանրը 100 դրամանոցներով տուր, որ վաղն աշխատանքի գնալիս 100 դրամ վճարեմ երթուղայինին:

Զգում եմ, որ Գայանեն ինձ չի հասկանում՝ մի տեսակ տարակուսած  հայացքով է նայում:

-Դե, ակցիա է, չէ՞, ընդդեմ ուղեվարձի բարձրացման,- բացատրում եմ ես:

-Ի՞նչ ակցիա, ո՞վ է անում,- զարմանում է Գայանեն:

-Դե՝ բոլոր նրանք, ովքեր դեմ են տրանսպորտի ուղեվարձի բարձրացմանը:

-Բայց ինչի ո՞վ դեմ չի որ…,- ավելի է տարակուսում Գայանեն: Կարծես թե իրար հասկանում ենք:

-Հենց էդ է, էլի,- ոգևորվում եմ ես,- ովքեր որ դեմ են, պիտի մասնակցեն էդ ակցիային՝ 100 դրամից ավելի չվճարելով:

-Բա որ վարորդը ինձ վիրավորի՞,- համառում է վաճառողուհիս:

-Իսկ որ էս իշխանություննե՞րն են քեզ վիրավորում…,- գրոհի եմ անցնում ես ու ճնշումը չթուլացնելով՝ շարունակում:- Ախր վարորդներն էլ են խոստովանում, որ  ուղեվարձի բարձրացումը կապ չունի գազի թանկացման հետ, քանի որ իրենք շատ լավ «տեղավորվում են» 100 դրամի մեջ, էնպես որ՝ էդ ավելացրած 50 դրամը լրիվ գնում է գծատիրոջը՝ որպես գերշահույթ: Իսկ ես մտադիր չեմ ապահովել դրանց գերշահույթները:

-Հա, մեր ավտոբուսի վարորդն էլ էսօր ասում էր՝ ի՞նչ կապ ունի ուղեվարձի թանկացումը գազի թանկացման հետ, ախր իմ ավտոբուսը սալյարկայով է աշխատում,- ասում է Գայանեն, ու այդքանով անմիջապես էլ կորցնելով հետաքրքրությունը թեմայի նկատմամբ՝ ձայն է տալիս մյուս բաժնի աշխատողին:- Արմին, էսօր ի՞նչ ուտենք…

Ոնց որ թե նույն լեզվով ենք խոսում, ոնց որ թե, մինչև անգամ, մեր մտահոգություններն էլ նույնն են, բայց… ես իրեն չեմ հասկանում: Ինքն էլ, համոզված եմ՝ ինձ: Գուցե զգուշանո՞ւմ է «քաղաքական» զրույցներից, գուցե չի՞ ուզում «քաղաքականացնել» հարցը, գուցե վախենո՞ւմ է: Վախի մթնոլո՞րտ է: Դեռև՞ս:

Հիշո՞ւմ եք, մի քանի տարի առաջ էլ, կարծեմ՝ սրա նախորդի օրոք, փորձ արեցին բարձրացնել ուղեվարձը, կարծեմ դարձրին 130 դրամ, ու թեև այն ժամանակ ըմբոստության, ընդդիմանալու փորձեր, իմ հիշելով՝ չեղան, բայց մի երկու օր հետո որոշումը չեղյալ արեցին ու վերադարձան նախկին 100-ին: Իսկ հիմա հասարակության մի հատվածն ընդվզում է,  այսինքն՝ կարծես թե հաղթահարել է վախը, իսկ մյուս մասը շարունակում է զգուշանալ ու վախենալ:

Օրեր առաջ Գորիսում էինք: Քաղաքի մուտքի մոտ մեր մեքենան կանգնեց, որ վերևից  հիանանք քաղաքի համայնապատկերով: Մոտակա «օբյեկտից» դուրս եկավ այդ հաստատության աշխատակցուհին ու սրտաբաց կերպով դիմեց մեզ.

-Բարով եք եկել մեր քաղաք, սիրուն է, չէ՞, մեր Գորիսը:

-Շատ սիրուն է, մանավանդ որ վերջերս նաև ոնց որ թե ազատագրվել է հայտնի մարդասպանից,- ասացի ես:

Կինը միանգամից այլայլվեց ու գլուխը տարուբերելով՝  ցածրաձայն ասաց.

-Ինքը ոչ մեկին չի՛ սպանել:

-Իսկ իր որդի՞ն: Կամ եղբայրը թե եղբորորդի՞ն, դրանք էլ ոչ մի հանցանք չեն գործե՞լ,- հարցրի ես:

-Հա, արել են, բայց ինքն ասել է՝ ես խաչ եմ քաշում եղբորս վրա,- ասում է գորիսցի կինը:

-Իսկ քանի՞ օր են «նստել» իրենց գործած հանցանքների համար,- հետաքրքրվում եմ ես:

-Ոչ մի օր էլ չեն նստել, բայց ինքը չի միջամտել, ինքը ասել է՝ ես չեմ խառնվում….

Ե՞ս չեմ հասկանում իմ հայրենակցուհուն, թե՞ ինքը դեռ վախենում է ու դրա համար էլ ստիպված կեղծում է, սուտ է խոսում, ընդ որում՝ ցածրաձայն, որ երևի հանկարծ «օբյեկտից» մեկ ուրիշն էլ դուրս չգա ու չլսի՝ ինչի մասին ենք խոսում…

Մի հի~ն, «մորուքավոր» անեկդոտ կա, է՛, հիշո՞ւմ եք:

Մեկը գնում է բժշկի: Մանրակրկիտ զննությունից հետո բժիշկն ասում է.

-Դուք պետք է հրաժարվեք յուղալի ուտելիքից, առհասարակ՝ լավ կլինի, որ դիետա պահեք, կծու, թթու, գրգռիչ ուտելիքներից խուսափեք: Ոգելից խմիչքը կտրականապես արգելվում է, ծխելը նույնպես: Սեքսի հարցում ևս ժուժկալությունը չի խանգարի: Եթե հետևեք իմ խորհուրդներին, դեռ երկար կապրեք:

-Թքա՛ծ էդպիսի կյանքի վրա, բժիշկ ջան,- ասում է հիվանդը:

Ասածս ի՞նչ է. մի՞թե անարժանապատիվ, ստորացված, ստրկացված, վախեցած, ճնշված, ոչնչացված՝ հոգեպե՛ս ոչնչացված ապրած կյանքն այդքա՛ն քաղցր է, ավելի քաղցր, քան թեկուզ մի անգամ, թեկուզ մի քանի րոպեով մեջքն ուղղելը և «սպառնալիքի» աչքերին ուղիղ նայելը: Մի՞թե «մեր» սատանան, ի տարբերություն մյուս բոլոր սատանաների,  այնքան սարսափելի է, որքան պատկերացնում ենք: Եւ վերջապես՝ մի՞թե հայերենը աշխարհի ամենատարօրինակ լեզուների տասնյակում է  հայտնվել ոչ միայն իր քերականական-ձևաբանական ինչ-ինչ հատկանիշների, այլև այն պատճառով, որ նրանով հաղորդակցվողները կարծես բոլորովին տարբեր լեզուներով խոսեն…. 

Սեդա Մեսրոպյան

Նախորդ հոդվածը‘Քաղաքական եւ քաղաքացիական ճնշումը կստիպի էժանացնել ուղեվարձը. կարծիքներ’
Հաջորդ հոդվածը‘Չինաստանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով կան զոհեր’