‘Ու այդտեղ դուրս է գալիս Տարոն Մարգարյանը` սպիտակ կոստյումով’

2480

Փորձեք ձեր բնակելի շենքի բակում թեկուզ մեկ մետր քառակուսի տարածքով մի շինություն կառուցել: Կգան բոլորը` թաղապետարանից, քաղաքապետարանից` կասեն, որ ապօրինություն եք անում, և լավագույն դեպքում այդ ողջ պատմությունից դուրս կգաք տուգանքով: Բայց փոխարենը` կզգաք, որ քաղաքապետարանը, թաղապետարանը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը ամեն ինչ վերահսկում են, տեսնում են, ամեն տեղ աչքեր ունեն, ամեն ինչ տեսնում են, ամեն ինչից տեղյակ են: Նորմալ է` կասեք: Բա հենց դրա համար էլ մեր` հարկատուներիս հաշվին ֆինանսավորվում են, որ ցանկացած ապօրինություն տեսնեն, նկատեն ու վերացնեն:

Բայց պարզվում է` քաղաքապետն ու յուր ենթակաները նկատում են միայն մանր, փոքր դեպքերը: Իսկ այն, ինչ տեղի է ունենում քաղաքի կենտրոնում` իրենց քթի տակ, պարզվում է` չեն տեսնում:

Թարմ օրինակը` Երևանի երիտասարդական մետրոյի անցումում կատարվածն էր: Երեկ լուրեր տարածվեցին, որ այնտեղ` շարժասանդուղքներից ներքև տեղադրվում են կրպակներ` նեղացնելով անցորդների համար հատկացված տարածքը: Ընդ որում, խոսքը մեկ կրպակի մասին չէր: Խոսքը` մի քանի կրպակների մասին է, որտեղ իբր պետք է տեղակայվեին գրախանութներ: Ընդ որում, իբր այդտեղ պետք է տեղափոխվեին երիտասարդական մետրոյի հարակից տարածքի անցումում ժամանակին գրքեր վաճառողները: Այսինքն, մարդը էժան գնով գիրք գնելու համար պետք է 100 դրամ մուծեր մետրոպոլիտենին, ժետոն գներ, իջներ շարժասանդուղքով և նոր մոտենար գրախանութներին:

Բայց դա էլ մի կողմ: Այսօր, տեղի ունեցավ ամենատարօրինակը: Քաղաքապետարանը նկատողություն է հայտարարել մետրոպոլիտենի ղեկավարությանը, և հայտարարել, թե շինություններն ապօրինի են: Այսինքն, քանի օր ինչ-որ մարդիկ մտել էին մետրոպոլիտեն, շինարարություն են իրականցրել, ու որևէ մեկը չի նկատե՞լ: Չեն նկատել, թողել են, որ մամուլում հրապարակումներ լինեն, ու դրանից հետո դուրս է գալիս Տարոն Մարգարյանը` ամբողջովին սպիտակ կոստյումով, (չնայած` նրա պարագայում ճիշտ կլինի ասել` սիֆտակ կաստըմով), և հայտարարում, թե շինությունն ապօրինի է, և պետք է այն ապամոնտաժել:

Ու սա նման առաջին դեպքը չէ, երբ մեծ աղմուկից հետո պարզվում է, որ շինությունն ապօրինի է եղել: Հիշո՞ւմ եք` անցած տարվա հոկտեմբերին Խանջյան փողոցում իրականացվող շինարարության ժամանակ փլուզում տեղի ունեցավ, որի արդյունքում 9 անձինք տեղափոխվեցին հիվանդանոց: Հիշո՞ւմ եք` ինչ տեղի ունեցավ դրանից հետո: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը հայտարարել էր, թե Խանջյան 20 հասցեում շինարարական աշխատանքներ իրականացնելու թույլտվությունը տրվել է «Մանկական զվարճալիքների կենտրոն» և «Լենա Թովմասյան» ՍՊԸ-ներին, սակայն շինարարական աշխատանքներն իրականում իրականացնում է «Չիլինգարյան դիզայն քոնսթրաքշն» ՍՊԸ-ն: «Տարածքը նախատեսված էր բացօթյա սրճարանի և զվարճալիքների կենտրոն կառուցելու համար, բայց քանի որ սահմանված ժամկետներում շինարարությունը չէր ավարտվել, Երևանի քաղաքապետի որոշմամբ կազմվել է արձանագրություն և նշանակվել ավելի քան 2 միլիոն դրամի տուգանք: Արձանագրությունը կազմելու ժամանակ շինարարությունը դադարեցվել է»,-ասել էր Գևորգյանը: Բայց, արի ու տես` Երևանի քաղաքապետարանի քթի տակ շինարարությունը շարունակվել է, բայց քաղաքապետարանի և ոչ մի աշխատակից չէր նկատել: Մինչև այն պահը, երբ փլուզում եղավ, իրադարձությունը հայտնվեց մամուլի ուշադրության կենտրոնում, և այդ պահին էլ հենց նորից հայտնվեց Տարոն Մարգարյանը` ամբողջովին սպիտակ կոստյումով, և հայտարարեց` ապօրինի է:

Այսինքն, ստացվում է այնպես, որ Տարոն Մարգարյանը կամ տեղյակ չէ, թե ինչ է տեղի ունենում քաղաքում, նրա քթի տակ ապօրինություններ են տեղի ունենում, կամ` տեղյակ է, ինքն էլ այդ ամենում փայ ունի, ուղղակի երբեմն-երբեմն իրականացնում է` «Տարոն, սիրուն չի» օպերացիան, այն էլ` այն դեպքում, երբ ապօրինությունը թաքցնել հնարավոր չի լինում:

Եթե դիտարկենք առաջին տարբերակը, ըստ որի, Տարոն Մարգարյանը չի կարողանում կամ ի վիճակի չէ վերահսկել քաղաքում կատարվող ապօրինությունները, ապա կարող ենք արձանագրել, որ մեզ Տարոն Մարգարյանի նման քաղաքապետ պետք չէ: Մեզ պետք չէ քաղաքապետ, որին կարող են այդքան հեշտ մատերի վրա խաղացնել, որի քթի տակ կարող են ապօրինի շինարարություն իրականացնել: Մի խոսքով, մեզ թույլ, ամեն ինչից անտեղյակ քաղաքապետ պետք չէ:

Իսկ եթե տեղի է ունեցել երկրորդ տարբերակը, և Տարոն Մարգարյանը լավ էլ տեղյակ է եղել ամեն ինչից, ապա առավելևս, մեզ նման քաղաքապետ պետք չէ, որը միայն ապօրինություններ է թույլ տալիս:

Փաստորեն, ինչպես էլ նայում ենք հարցին, ստացվում է, որ մեզ Տարոն Մարգարյան քաղաքապետ պետք չէ:

Պարգև Ապրեսյան

Նախորդ հոդվածը‘Սերխիո Բուսկետս. Մինչեւ մեզ ձեռ ու ոտով չկապեն, մրցավարները չեն հանգստանում. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Ինչպես Տարոն Մարգարյանը հաղթեց ֆեյսբուքյան ընտրություններում (տեսանյութ)’