Չեչնիայի ղեկավարները սպառնում են «գլուխները պոկել»

556

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը նորից անեծքներ է տեղացել նախկին դաշնային դատավոր Սայդի Յանգուլբաևի հասցեին, որի կնոջը չեչեն ուժայինները բռնել էին Նիժնի Նովգորոդում, տեղափոխել Գրոզնի և կալանավորել։ Իսկ Կադիրովի մերձավոր զինակից Ադամ Զելիմխանովն այդ թեմայով խոսելիս սպառնացել է «գլուխները պոկել»։

Կադիրովը կոչ է արել, որ այն երկրները, որոնցում գտնվում են Չեչնիայի գերագույն դատարանի նախկին դատավորի ընտանիքի անդամները, «վերադարձնեն նրանց»։ «Ավելի լավ է նրանց դուրս շպրտեք ձեր երկրից և վերադարձնեք Ռուսաստան, քանի որ նրանք ձեր պետությանը ոչ մի լավ բան չեն տա, նրանց թաքցնելով՝ դուք համագործակցում եք ահաբեկիչների հետ,-  սոցցանցում գրառում է կատարել Կադիրովը։- Այսուհետև այդ ընտանիքը ստիպված է ապրել անընդհատ ետ նայելով, դողալով դռան ամեն մի թակոցից։ Մեր ժողովուրդն այնքան զայրացած է Յանգուլբաևների ստորությունից և հիստերիկ ելույթներից, որ առաջին իսկ չեչենը հաշիվ կմաքրի նրանց հետ, հենց որ նման հնարավորություն ունենա։ Հավատացեք, պատիժն, անկասկած, կլինի։ Մենք նրանց չենք ների հարձակումները կրոնի վրա և մեր ժողովրդին հասցված վիրավորանքները, կարող եք չկասկածել»։

Դատավորի կնոջը ձերբակալելուց մեկ ամիս առաջ նրանց որդու՝ այդ պահի դրությամբ «Ընդդեմ խոշտանգումների» կոմիտեի իրավաբան Աբուբաքար Յանգուլբաևի մոտ խուզարկություն է կատարվել, նրան հարցաքննել են։ Դա տեղի է ունեցել այն բանից մի քանի օր անց, երբ նա ու ևս մի քանի հոգի հաղորդել են Չեչնիայում իրենց տասնյակ հարազատների անհետացման մասին։

Յանգուլբաևներն իրենց ընտանիքի հետապնդումը կապում են Չեչնիայի իշխանությունների, մասնավորապես՝ Կադիրովի հասցեին քննադատության հետ։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԲորիս Ջոնսոնը զգուշացնում է Մոսկվային
Հաջորդ հոդվածըՀարութ Ուլոյան. Այդ երկու թեզերի նույնացումը հետևանք է կա՛մ անմեղսունակության, կա՛մ դիտավորության