Հարութ Ուլոյան. Այդ երկու թեզերի նույնացումը հետևանք է կա՛մ անմեղսունակության, կա՛մ դիտավորության

864

Հարութ Ուլոյանը Ֆեյսբուքում գրում է.

«Պետք է հստակ գիտակցել. մի բան էր «առաջին նախագահի խաղաղության թեզը», լրիվ այլ բան` կապիտուլյացիայից հետո շրջանառվող Փաշինյանի ներկայիս «խաղաղության» թեզը: Առաջին նախագահի թեզը հիմնված էր Ղարաբաղի հարցը Մինսկի խմբի առաջարկների հիման վրա հաղթողի դիրքերից խաղաղ ճանապարհով լուծելու գաղափարի վրա, իսկ Փաշինյանի ներկայիս թեզը հիմնված է պատերազմը պարտվածի, կապիտուլյացիայի ենթարկվածի, «ամեն ինչ՝ հանուն իշխանության պահելու» շարժառիթով առաջնորդվողի տրամադրություններով:

Առաջին նախագահի արժանապատիվ խաղաղության ու կապիտուլյացիայից հետո ներկայիս խաղաղության թեզերի տարբերությունն արձանագրել է նույն առաջին նախագահը դեռ 24 տարի առաջ, մասնավորապես նշելով հետևյալը. «Կապիտուլյացիայի ժամանակ դու ոչինչ չես զիջում, կամ եթե զիջում էլ ես՝ դրա դիմաց ոչինչ չես ստանում, այլ հլու հնազանդ ընդունում ես այն, ինչ փաթաթում են քո վզին»: Ավելին, նույն թեմայի վերաբերյալ առաջին նախագահը խոսել է նաև ամիսներ առաջ, պնդելով, որ կապիտուլյացիայից հետո արժանապատիվ խաղաղության մասին խոսակցությունը «լավագույն դեպքում կլինի ոչ թե արժանապատիվ խաղաղություն, այլ արժանապատիվ կապիտուլյացիա, ուրիշ ոչինչ»:Ներկայիս «խաղաղության» թեզը «ունենք այն, ինչ ունենք», «սա է իրավիճակը», «այլընտրանք չկա» ու նմանատիպ այլ ձևակերպումներով ներկայացնելու փորձերն ամենևին այդ թեզը չեն նույնացնում առաջին նախագահի թեզի հետ: Նույնիսկ եթե ներկայիս թեզը բացարաձակապես պարտադրված չէ և որևէ ճնշում չկա ներկայիս իշխանությունների վրա, միևնույնն է, ներկայիս թեզը որևէ առնչություն չունի ու չի կարող ունենալ առաջին նախագահի թեզի հետ: Շարունակաբար այդ երկու թեզերի նույնացումը հետևանք է կա´մ անմեղսունակության, կա՜մ դիտավորության»:

Նախորդ հոդվածըՉեչնիայի ղեկավարները սպառնում են «գլուխները պոկել»
Հաջորդ հոդվածըՍահմանադրության կոպտագույն խախտում առաջին իսկ օրը