‘Չեչնիա. Ընդհատակի առաջնորդը «ութերորդ անգամ» մահացած է’

1293

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հերթական անգամ հայտարարել է, թե հյուսիսկովկասյան ընդհատակի պարագլուխ Դոկու Ումարովը մահացել է: «Մենք արդեն վաղուց 99 %-ով համոզված էինք, որ Ումարովին ոչնչացրել են գործողություններից մեկի ժամանակ: Այժմ ունենք դրա ապացույցները, թեպետ մարմինը դեռ չի հայտնաբերվել»,- երեկ հայտարարել է Կադիրովը:

Սա արդեն ութերորդ անգամ է, որ Դոկու Ումարովին մեռած են հայտարարում: Ի դեպ, ռուսաստանյան հատուկ ծառայությունների աղբյուրը Интерфакс-ին հաղորդել է, որ Ումարովի մահվան վերաբերյալ իրենք տեղեկատվություն չունեն:

Մինչդեռ Չեչնիայի առաջնորդի խոսքերով՝ իրենց ձեռքում են Կաբարդինո-Բալկարիայի և Դաղստանի դաշտային հրամանատարների խոսակցության ձայնագրությունները, որտեղ նրանք քննարկում են Ումարովի մահվան կապակցությամբ նոր «էմիր» ընտրելու հարցը: Ըստ Կադիրովի՝ այդ պաշտոնին հավակնում են երկու դաշտային հրամանատարներ՝ Դաղստանից և Չեչնիայից, ընդ որում՝ Չեչնիայի թեկնածու Ասլամբեկ Վադալովին դեռ 2010 թ. Ումարովն անձամբ է նշանակել իր ժառանգորդը՝ իր մահվան դեպքում: «Նրանք հիմա Օլիմպիադայի հավեսը չունեն: Ուստի բոլոր խոսակցությունները Սոչիի Օլիմպիադայում ահաբեկչության մասին՝ անհիմն են», եզրակացրել է Կադիրովը: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Սուդանցին ցրտահարության հետևանքով մահացել է ռուսաստանա-էստոնական սահմանին’
Հաջորդ հոդվածը‘Մոսկվայի քաղաքապետարանը համաձայնեցրել է հակաֆաշիստների երթը՝ երեք ուղղություններով’