‘Չիբուռաշկան, Շապոկլյակը և Սերժ Սարգսյանը. Մամուլ’

2606

«Երեկ Դավիթաշենի 189 դպրոց տանող բոլոր ճանապարհները փակված էին ինչ-որ մասնավոր մեքենաներով: Այդ մասնավոր մեքենաները արգելում էին երթևեկն այդ հատվածում: Դպրոցում հանդիպում էր անցկացնում Սերժ Սարգսյանը:

Հանդիպման որակի և մթնոլորտի մասին ամբողջական պատկերացում կտա հետևյալ դրվագը: Երբ ճառ ասելուց հետո Սերժ Սարգսյանը տարակուսեց, որ էլ հարցեր չկան, խոսել ցանկացավ մի կին: Ակնհայտորեն գեղեցկության սալոնից նոր դուրս եկած, ճոխ սանրվածքով ու մակիյաժով կինը հայտարարեց. «Պարոն Սարգսյան, ես դասական քաղաքական գործիչ չեմ՝ ձեզ նման, հռետոր չեմ՝ ձեզ նման, որպեսզի կարողանամ ձեզ համարժեք խոսել (…): Բոլորս հիշում ենք մեր լեգենդար, մեր մանկության ֆիլմերից մեկը, երբ քաղաքի շինարարությունն ավարտվում է և Կրակադիլ Գենան ասում է՝ շյաս Չիբուռաշկա սկաժետ վամ ռեչ, ու Չիբուռաշկան ոգևորված ասում է՝ մի ստրոիլի, ստրոիլի ի նականեց պաստրոիլի, ուռա: Ուրեմն, ստրոիլի Արթուր Գևորգյան (խոսքը Դավիթաշենի նախկին թաղապետ, ներկայումս՝ Աժ պատգամավոր, ոստիկանապետ Վ. Գասպարյանի փեսա Ա. Գևորգյանի մասին է- խմբ), ստրոիլի Ռուսլան Բաղդասարյան (Դավիթաշենի վարչական շրջանի գործող ղեկավար-խմբ), դա տակ պաստրոիլի, որ մենք էլ հարցեր չունենք ձեզ տալու: Սա մեր մանկության մուլտֆիլմն է, որ մենք շատ ենք սիրում և բոլորս էլ մեր հոգու խորքում փափագում էինք՝ ունենալ այսպիսի քաղաք, մեր երազանքի քաղաքը, ապրել այսպիսի գեղեցիկ, հարմարավետ քաղաքում և խաղալ այսպիսի բակերում: Եվ օգտվելով առիթից, մեր կուսակցական ընկերների կողմից և Դավիթաշեն համայնքի բնակիչների կողմից, ցանկանում ենք շնորհակալություն հայտնել ձեզ, որ դուք մաթեմատիկական ճշգրտությամբ կարողացաք ընտրել մեզ համար այսպիսի ղեկավարության համակարգ, տաղանդավոր ղեկավարության համակարգ, հանձինս՝ Տարոն Մարգարյանի, Արթուր Գևորգյանի, Ռուսլան Բաղդասարյանի: Մենք հպարտ ենք, որ ունենք այսպիսի ղեկավարության արժեհամակարգ, հանձինս ձեզ» (բուռն ծափեր):

Այս բոցաշունչ ճառին Լեվ Չանդրը, էէ՜, կներեք, Սերժ Սարգսյանը պատասխանեց. «Շնորհակալ եմ, ես երևի կլինեի աշխարհի ամենաերջանիկ մարդը, եթե երևանցիների, գոնե կեսը այդպես մտածեր: Ես շատ երջանիկ կլինեի»,- ասաց նա:

«Փաստորեն, Սերժ Սարգսյանին, երջանիկ լինելու համար, հարկավոր է շրջապատված լինել քաղաքացիներով, ովքեր Չիբուռաշկայի ճառեր են ասում՝ անգիր արած: Սերժ Սարգսյանին հարատև դժբախտություն է սպասվում, որովհետև Երևանը չի եղել և երբեք չի լինի Չիբուռաշկաների քաղաք»,- գրում է «Հայկական ժամանակը»:

Նախորդ հոդվածը‘Արոնյանը շնորհիվ ինտրիգը պահպանվեց’
Հաջորդ հոդվածը‘Երևանում արագաչափերի և տեսախցիկների հայտնվելուց հետո՝ ընկել են ռայոնի ժողովրդի ջանին. Մամուլ’