‘Չինաստանը գրաքննության է ենթարկել Ջեյմս Բոնդի մասին պատմող նոր ֆիլմը’

1083

Հունվարի 21-ին Չինաստանի էկրաններին է դուրս գալիս Ջեյմս Բոնդի մասին պատմող ֆիլմաշարի «007. Սքայֆոլի կոորդինատները» նոր կինոնկարը, որը գրաքննության է ենթարկվել: Ֆիլմից հանվել են կամ «խմբագրվել» բոլոր այն դրվագները, որոնցում անուղղակի կերպով քննադատության են ենթարկվում Չինաստանի իշխանությունները, կամ որոնք կարող են վիրավորական թվալ չինացիներին:

Այդպես, օրինակ, նմանօրինակ բազմաթիվ  դրվագների թվում թարգմանությունից դուրս է մնացել այն հատվածը, որտեղ հերոսներից մեկը նկարագրում է չինական հակահետախուզական գործակալների կողմից իր կրած սոսկալի կտտանքները:

Չինական տարբերակում չի ընդգրկվել նաև այն դրվագը, որտեղ ֆրանսիացի վարձու մարդասպանը , հարձակման նախապատրաստվելիս, գնդակահարում է չինացի թիկնապահին:

Ջեյմս Բոնդի և Սևերին անունով հերոսուհու երկխոսությունը նույնպես գրաքննության է ենթարկվել: Չինարեն տարբերակում չի թարգմանվել այն հատվածը, որտեղ Սևերինը պատմում է, թե ինչպես են Չինաստանում իրեն ստիպել մարմնավաճառությամբ զբաղվել:

Հատկանշական է, որ Չինաստանի իշխանությունները պարբերաբար գրաքննության են ենթարկում արտասահմանյան ֆիլմերը՝ կրկնօրինակված տարբերակից կամայականորեն հանելով երկրում սահմանված չափանիշներին չհամապատասխանող բոլոր հատվածները:

Նախորդ հոդվածը‘Թուրքիայում ահաբեկչական կազմակերպությունների գործով ձերբակալվել են ինը փաստաբաններ’
Հաջորդ հոդվածը‘Գրոհ՝ Իրանի դիվանագիտական հաստատությունների համակարգչային ցանցի վրա ‘