‘Չմոռանանք՝ ինչի համար ենք հավաքվել’

5995

Ֆեյսբուքյան օգտատեր Հարութ Ուլոյանը գրում է.

«Որպեսզի ամբողջական պատկեր ստանան կոռուպցիոն բացահայտումները, նախևառաջ այդ ամենին պետք է քաղաքական գնահատական տրվի: Բոլորի կողմից «զարմանքի» ու «ապշանքի» տրամադրությունները լիովին տեղին կլինեին, եթե մենք լինեինք օրինական մի երկիր, որտեղ մի գեղեցիկ օր նման բացահայտում տեղի կունենար: Սակայն ողջ հարցն այն է, թե ինչպիսի՞ երկրում էինք մենք ապրում: Իհարկե, ես չեմ հավակնում «ողջ ճշմարտությունը» իմացողի դերին, սակայն այս տարիներին իմ կուտակած տեղեկություններն ու պատկերացումները ինձ թույլ են տալիս հստակ պատկերացնել, թե ինչ տիպի երկրում ենք մենք ապրել:

Ինձ անհասկանալի են այն խոսակցությունները, թե «զինվորի բաժինն է գողացել, ուրեմն աններելի է», «մտքով չպիտի անցներ թալանել մեր բոլորի սրբությունը» և այլն, և այլն: Հարգելիներս, մենք ապրում էինք մի երկրում, որտեղ հաստատված էր թալանի ու համակարգային կոռուպցիայի մի կազմակերպված բուրգ: Այդ բուրգում տեղի ունեցող բոլոր տիպի հարաբերությունները կարգավորվում և ուղղորդվում էին բուրգի գլխին կանգնած Սերժ Սարգսյանի և իր նեղ շրջապատի կողմից: Ոչ ոք չէր կարող առանց Սերժ Սարգսյանի իմացության պետությունից նման ահռելի թալան կազմակերպել:

Ոմանք բանակն են թալանել, մյուսները՝ առողջապահության ոլորտը: Ոմանք հաշմանդամների, սոցիալապես անապահով խավի, մանկատան երեխաների միջոցներն են թալանել, մյուսները հանքերն ու բնապահպանությանն ուղղված միջոցները: Ոմանք կրթությանն ուղղված գումարներն են թալանել, մյուսները՝ ներդրումներն ու բարեգործությունները: Եվ այլն, և այլն:

Ես իհարկե հասկանում եմ, որ արձագանքներն կախված են բացահայտված կոնկրետ փաստերի հետ, բայց և համոզված եմ, որ եթե նախապես չկա քաղաքական գնահատական այս ամենի մասին, ապա ցանկացած արձագանք սահմանափակվելու է զուտ զգացմունքային պոռթկումներով:

Քոչարյանասերժական իշխանություններն այդ քաղաքական գիտակցման սաղմերը վերացնելու, թալանածը պահելու և շարունակելու նպատակով 2008 թ.-ի մարտի 1-ին կրակել են ժողովրդի վրա, սպանել են մարդկանց: Տարիներ շարունակ ժողովրդին ցինիկ մանիպուլյացիաների են ենթարկել, կերակրել են դեմագոգիայով, պոպուլիզմով, ռազմահայրենասիրական ճառերով: Այս ամենի քաղաքական նպատակները պետք է պարզ գիտակցել, իսկ ներկայիս բացահայտումներին պետք է վերաբերվել, այո՛, խիստ դրական, բայց և չմոռանալ, թե մենք ինչի համար ենք հավաքվել:

 

Նախորդ հոդվածը‘Մունդիալ-2018. Քեյնի դուբլի շնորհիվ Անգլիան մեծ դժվարությամբ հաղթեց Թունիսին (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Աժ արտահերթ նիստ․ Ուղիղ’