Պակիստանը հրաժարվել է մասնակցել «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովին

219

Պակիստանը չի մասնակցի «Հանուն ժողովրդավարության» երկրորդ գագաթնաժողովին, քանի որ պատրաստ չէ «ստանձնելու որոշակի ազգային պարտավորություններ», որոնք ենթադրում է միջազգային երկխոսության տվյալ ձևաչափը։

Այդ մասին երեքշաբթի հաղորդել է իսլամական հանրապետության ԱԳՆ-ն։

«Պակիստանը չի մասնակցել գագաթնաժողովի աշխատանքներին, որն սկսել է գործել 2021 թ․ և երկրներից պահանջում է ստանձնել ազգային որոշակի պարտավորություններ։ Գագաթնաժողովի գործընթացը հիմա առաջընթաց փուլում է, ուստի Պակիստանը երկկողմանի հիմքով կհամագործակցի ԱՄՆ-ի և համանախագահող երկրների հետ՝ առաջ տանելու և ամրապնդելու դեմոկրատական արժեքներն ու սկզբունքները, ինչպես նաև առաջ մղելու մարդու իրավունքները և պայքարը կոռուպցիայի դեմ»,- ասվում է Պակիստանի արտգործնախարարության հայտարարության մեջ։

«Հանուն ժողովրդավարության» երկրորդ գագաթնաժողովը կանցկացվի 2023 թ․ մարտի 29-30-ին, վիրտուալ ձևաչափով, Զամբիայի, Կոստա Ռիկայի, Նիդեռլանդների, Կորեայի Հանրապետության և ԱՄՆ-ի համանախագահությամբ։

Առաջին գագաթնաժողովը ԱՄՆ-ը կազմակերպել էր 2021 թ․ դեկտեմբերին, տեսահամաժողովի ռեժիմով։ Միացյալ Նահանգները գագաթնաժողովին հրավիրել էր 110 պետությունների և տարածքների, այդ թվում՝ Թայվանին, բայց ո՛չ ՉԺՀ-ին, ինչպես նաև Ռուսաստանին, Թուրքիային, Եգիպտոսին և այլ երկրների։ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ միջոցառմանն առաջին հերթին հրավիրվել են այն երկրները, որոնք Վաշինգտոնի քաղաքականության ուղեգծին են հետևում, ինչպես նաև այն երկրները, որոնք միջազգաին կարգի սեփական տեսլականն ունեն, բայց ուզում են լավ հարաբերություններ պահպանել ԱՄՆ-ի հետ։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԵԱ․ Հայ շախմատիստուհիների արդյունքները 9-րդ տուրում
Հաջորդ հոդվածըԿեմերովոյի հրկիզված ապաստարանի սեփականատերն ընդունել է մեղքը