‘Պան Գի Մունը հանդես է եկել սեռական փոքրամասնությունների պաշտպանությամբ’

932

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը փետրվարի 6-ին կոչ է արել դադարեցնել հարձակումները սեռական փոքրամասնությունների վրա և խտրական վերաբերմունքը նրանց նկատմամբ: Ինչպես հաղորդել է Associated Press-ը, այդ մասին միջազգային կազմակերպության ղեկավարը հայտարարել է՝ հանդես գալով Սոչիում և դիմելով Միջազգային օլիմպիական կոմիտեին: «Մենք բոլորս պետք է հանդես գանք ընդդեմ  հարձակումների լեսբուհիների, գեյերի, բիսեքսուալների, տրանսսեքսուալների և ինտերսեքսուալների նկատմամբ,- հայտարարել է Պան Գի Մունը:- Մենք պետք է այնպես անենք, որ նրանց չձերբակալեն, բանտ չգցեն և չենթարկեն խտրական սահմանափակումների: Ատելության համար 21-րդ դարում տեղ չկա»:

Խոսելով Օլիմպիադայի մասին, որը փետրվարի 7-ին կմեկնարկի Սոչիում, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ընդգծել է Օլիմպիական խարտիայի վեցերորդ սկզբունքի պահպանման անհրաժեշտությունը: Այդ դրույթն արգելում է Օլիմպիական խաղերի ընթացքում խտրականության ցանկացած տեսակ, այդ թվում՝ ռասայական, սեռական և կրոնական դրդապատճառներով:

Պան Գի Մունի հայտարարությունն արվել է անչափահասների շրջանում գեյ-քարոզչությունն արգելող ռուսաստանյան օրենքի միջազգային քննադատության ֆոնին: Օլիմպիադան, որի մասնակիցների շարքերում կան սեռական փոքրամասնություններ, ավելի սրեց այդ օրենքի քննադատությունը: Հունվարին օրենքը փոխելու պահանջով հանդես եկան ավելի քան 200 գրողներ՝ ողջ աշխարհից, և Նոբելյան մրցանակի 27 դափնեկիրներ: Փետրվարի 5-ին նույնպիսի պահանջով ռուսաստանյան իշխանություններին է դիմել նաև  ՄԱԿ-ի երեխաների իրավունքների կոմիտեն: Ըստ կոմիտեի անդամների՝ երեխաներին պաշտպանելու փոխարեն՝ այդ օրենքը բռնություն և խտրականություն է հրահրում, փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Բակո Սահակյանը ընդունել է Անջեյ Կասպշիկին’
Հաջորդ հոդվածը‘Զենք-զինամթերք` մետրոպոլիտենի կայարանի աստիճանների տակ’