‘Պաշտոնական․ «Փյունիկը» չի անվանափոխվի’

2705

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որտեղ երկրպագուներին հայտնել է, որ ակումբը չի անվանափոխվի։

«Հարգելի ֆուտբոլասերներ,  «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի երկրպագուներ, ինչպես գիտեք, 2017 թվականի ամռանը փոխվեց «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը։ Նոր սեփականատեր Արթուր Սողոմոնյանի առաջնային ծրագրերից մեկն էր կառուցել ուժեղ թիմ՝ նոր փիլիսոփայությամբ և նպատակներով։ Որոշվեց նոր մրցաշրջանից փոխել նաև թիմի անունը: Բոլոր քննարկվող անվանումներից ընտրվեց «Երևան»-ը, քանի որ հետագա հաջողությունները կարող էին լավ գովազդ հանդիսանալ մեր քաղաքի համար, ինչպես նաև «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի անցյալի շատ էջեր կցանկանայինք, որ այլևս չհիշատակվեին ու չասոցացվեին թիմի ներկայի հետ:

Ինչպես գիտեք, մենք հայտարարեցինք անվանափոխման մասին, որից հետո, սակայն, շատ արագ կերպով վերաբացվեց «Երևան» ակումբը, և մենք չկարողացանք նոր մրցաշրջանը սկսել նոր անունով: Հետո եղան հաջող մրցելույթներ Եվրոպայի լիգայում, որտեղ մեր թիմը ձեռք բերեց բազմաթիվ նոր երկրագուներ ու վստահ ենք, որ կարողացավ ուրախացնել բազմաթիվ հայ ֆուտբոլասերների:

Եվ կրկին մեր առջև կանգնեց անվանափոխման հարցը: Մենք, իհարկե, հաշվի ենք առնում բոլոր կարծիքները, «այո»-ներն ու «ոչ»-երը: «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի մանկապատանեկան դպրոցը տվել է բազմաթիվ ֆուտբոլային աստղեր՝ Հենրիխ Մխիթարյան, Էդգար Մանուչարյան, Ռոբերտ Արզումայան և շատ այլ տաղանդավոր ֆուտբոլիստներ:

Մեր facebook-յան էջում անցկացված հարցման արդյունքում քվեարկողների 64 տոկոսը քվեարկեց «Փյունիկ» անունը պահպանելու, 36 տոկոսը` անվանափոխելու օգտին:

Քանի որ մենք խաղում ենք մեր երկրպագուների համար և անչափ գնահատում ձեր նվիրումն ու կարծիքները, ապա, հաշվի նստելով ձեր կարծիքների հետ, հայտարարում ենք, որ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը չի անվանափոխվի ու կպահպանի իր անվանումը և առասպելական փյունիկ թռչնի պես կվերածնվի ու կսկսի իր նոր պատմությունը»,- գրում է «Փյունիկի» ֆեյսբուքյան պաշտոնական էջը։

Նախորդ հոդվածը‘ԵՎՐՈ-2024-ը կընդունի Գերմանիան’
Հաջորդ հոդվածը‘«Ման. Յունայթեդ»-ը Մոուրինյոյին փոխարինելու երկու տարբերակ ունի’