‘Պատգամավոր Կարեն Կարապետյանը խորհուրդ է տալիս սակագների բարձրացման մեղքը «այլոց վրա չգցել»’

1737

Ազգային Ժողովի պատգամավոր (ՀՀԿ), ռուսաստանցի գործարար Սամվել Կարապետյանի եղբայր Կարեն Կարապետանի գրասենյակը հայտարարություն է տարածել, որում անդրադարձ է կատարվում էլեկտրաէներգիայի սակագնի կտրուկ թանկացման հեռանկարին:

Պատգամավորն ուշադրություն է հրավիրում մամուլում հրապարակվող տեղեկությունների վրա, ըստ որոնց, էլեկտրաէներգիայի թանկացումը կապվում է Սամվել Կարապետյանի կողմից Հայաստանի էլեկտրացանցերը գնելու մասին տեղեկություններին՝ դրանք համարելով տարօրինակ:

«Կարելի է, իհարկե, ենթադրել, թե որտեղից և ինչու է փորձ արվում առկա վիճակի համար իրական մեղավորներին ստվերում թողնել և պատասխանատվությունը գցել կառույցի ու անհատի վրա, ով նույնիսկ տարրական տրամաբանությամբ ոչ մի առնչություն չունի ստեղծված ծանր կացության հետ:

Նախ, հարկ ենք համարում նշել, որ թե «Տաշիր գրուպի», թե Կարապետյանների ընտանիքի համար, բնականաբար, անցանկալի է սակագների բարձրացումը, քանզի առանց այդ էլ մեր երկրում առկա է բավական ծանր սոցիալական վիճակ, որն ավելի է բարդանալու էլեկտրաէներգիայի թանկացման պատճառով, առավել ևս այն չափով, որքան ներկայացված է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ուղարկված հայտում: Սակայն մենք գործ ունենք մասնավոր կառույցի հետ, որն անցած տարիներին կուտակել է մոտ 250 մլն դոլարի պարտք՝ մեր կարծիքով մի շարք սուբյեկտիվ պատճառներով», — նշվում է հայտարարության մեջ:

Պարտքի կուտակման առաջին պատճառը, ըստ Կարապետյանի, ոչ ճիշտ մենեջմենթն է, այնուհետև սխալ գնային քաղաքականությունը, չարդարացված մեծ կորուստները, ապա և՝ էներգետիկ սխալ բալանսը:

Ինչ վերաբերում է ՀԷՑ-ի գնման հավանականությանն ու դրա հետ կապված իբր սակագների բարձրացման պարտադրանքին, ապա, ըստ հայտարարության,  «ուղղակի ծիծաղելի է որևէ անհատի կամ կազմակերպության կողմից մեկ այլ մասնավոր կառույցին, առավել ևս կառավարությանը քայլեր թելադրելու հնարավորությունը»: Կարապետյանը նշում է, որ ՀԷՑ-երի հնարավոր վաճառքի մասին տեղեկություններին տիրապետում է բացարձակապես լրատվամիջոցների հրապարակումներից:

«Այնպես որ, ՀԷՑ գնման կամ նույնիսկ ցանկության մասին այս պահին խոսակցություն անգամ լինել չի կարող: Կլինի հայտարարություն այդ կառույցի վաճառքի մասին, այդ դեպքում ցանկացած կազմակերպություն կամ անհատ, այդ թվում՝ գուցե նրանք, ովքեր նման լուրեր են նետում հրապարակ, կարող է ուսումնասիրել՝ հասկանալու՝ որքանով է տնտեսապես ձեռնտու գնել ահռելի պարտքեր ունեցող միավորը և որոշելու՝ գնել այն, թե ոչ: Եվ եթե իսկապես ՀԷՑ-ի վաճառքի մասին որոշում կայացվի, գնորդն ուղղակի գնալու է շատ ռիսկային գործարքի՝ հաշվի առնելով առկա ծանրագույն կացությունը, կուտակված ահռելի պարքերն ու առավել ևս այն հանգամանքը, որ Ատոմային էլեկտրակայանը 2017 թվականին մոտ կես տարի չի աշխատելու, ինչը էներգետիկ բալանսի վրա լուրջ ազդեցություն է թողնելու:

Հաշվի առնելով վերը նշվածը, ինչպես նաև հետգնման ժամկետների ու հավանականության չափազանց անորոշությունը, կառավարությունն ինքը պետք է շահագրգռված լինի գտնել այնպիսի գնորդ (կամ գնորդներ), որն ի վիճակի կլինի համակարգը դուրս բերել ճգնաժամից: Այնպես որ, առաջին հերթին հարկավոր է մտածել ցանկացած երկրի համար ստրատեգիական նշանակություն ունեցող ցանցի առողջացման մասին, այլ ոչ թե այլոց մեղքերը փորձել բարդել ոչ ուղղակի, ոչ անուղղակի այդ ամենի հետ որևէ կապ չունեցող մարդկանց վրա և շեղել հասարակության ուշադրությունը»,- ասվում է հայտարարության մեջ:

Նշենք, որ Կարեն Կարապետյանը վերջին մեկ տարվա ընթացքում մի քանի առիթներով հանդես է եկել կառավարությանը քննադատող հատարարություններով:

Նախորդ հոդվածը‘«Միայն փորի մասին չմտածող»-ների շարքից’
Հաջորդ հոդվածը‘ Դատարանի շենքի մոտ կարգադրիչները ծեծել են քաղաքացուն – Aravot.am’