‘«Միայն փորի մասին չմտածող»-ների շարքից’

24125

Ըստ «Ժողովուրդ» թերթի` Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը պատկառելի ունեցվածքի տեր պաշտոնյա է: Նրա դրամական միջոցները, ըստ 2014 թվականին ներկայացրած հայտարարագրի, կազմել են 10 մլն դրամ, 35 հազար դոլար և 15 հազար եվրո: Մինչդեռ մարզպետի տարեկան աշխատավարձը 3 մլն 303 հազար դրամ է: Մարզպետի կինն էլ չքավոր չէ. անցած տարեվերջի տվյալներով` ունի 15 մլն դրամ, 21 հազար դոլար և 16 հազար եվրո, իսկ տարեկան եկամուտը 25 հազար դոլար է: Թե ինչով է զբաղվում մարզպետի կինը, պարզ չէ, բայց որ եկամտաբեր զբաղմունք ունի, փաստ է:

Ի դեպ, մարզպետ Աբրահամյանի որդիների հարստության ծագումը ուշագրավ է եւ «ուսանելի»: Էմին Աբրահամյանին ինչ-որ մեկը հենց այնպես վերցրել ու 10 մլն դրամ է նվիրել: Նույն սկզբունքով էլ մարզպետի մյուս որդին է ունեցվածք դիզել: Ըստ պաշտոնական փաստաթղթերի՝ մարզպետի մյուս որդին՝ Գոռ Աբրահամյանը, 4 մլն դրամ և 11 հազար դոլար է նվեր ստացել: Այնպիսի տպավորություն է, որ Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի ընտանիքն անցած տարի ապրել է միմիայն նվիրատվությունների հաշվին, իսկ թե ովքեր են այդ շատ առատաձեռն նվիրատուները, Աբրահամյանները չեն գաղտնազերծել:

«Ժողովուրդ»-ը հիշեցնում է, որ Ռուբիկ Աբրահամյանը մարզպետ է նշանակվել անցած տարվա մայիսի 8-ին, եւ նա ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի մտերիմներից է։

Նախորդ հոդվածը‘Նեպալում ևս մի հզոր երկրաշարժ է տեղի ունեցել’
Հաջորդ հոդվածը‘Պատգամավոր Կարեն Կարապետյանը խորհուրդ է տալիս սակագների բարձրացման մեղքը «այլոց վրա չգցել»’