‘«Պատժի՛ր դպրոցի տնօրենին» շոու կառավարությունում (տեսանյութ)’

995

Վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ կառավարության նիստի օրակարգային հարցերին անցնելուց առաջ անդրադարձավ դպրոցներում տիրող իրավիճակին և այն մտահոգություններին, թե «ուսուցիչները կարող են ինչ-որ ձևով միջամտել փետրվարի 18-ին նախանշված նախագահական ընտրությունների նախընտրական գործընթացներին»: Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

«Պարոն Աշոտյան, Ձեզ հստակ հանձնարարվել է, որպեսզի խստագույն վերահսկողություն իրականացվի, և դպրոցները որևիցե առնչություն չունենան նախընտրական գործընթացներին։ Ինչպիսի՞ն է իրավիճակն այսօր», — կրթության և գիտության նախարարին հարցրեց վարչապետը:

Աշոտյանի խոսքով` իրենց հիմնական նպատակներից մեկն այն է, որ կրթական հաստատություններում որևէ քաղաքական գործունեություն չիրականացվի և ուսումնական հաստատություններում անխափան կազմակերպվի ուսումնական գործընթացը։

«Հիմնական խնդիրները հարթվել էին մինչև ընտրարշավ. բոլոր համապատասխան մարզպետներին և Երևանի քաղաքապետին գրություններ էին ուղարկվել, որպեսզի այս երկու խնդիրները մենք միասին լուծենք։ Փաստագրված երկու ահազանգ է եղել, պարոն վարչապետ, «Ազատություն» ռադիոկայանի կողմից վավերացված տեսանյութով. մեկը վերաբերել է Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի դպրոցին, մյուսը` Արարատի մարզի Մասիս քաղաքի մի շարք ուսումնական հաստատություններին», — ասաց նախարարը:

Հիշեցնենք, որ կրթության և գիտության նախարարի միջամտությամբ խիստ նկատողություն էր ստացել Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի դպրոցի տնօրենը:

Երեկ նախարարը նկատողություն է հայտարարել Մասիսի գյուղատնտեսական քոլեջի տնօրենին և համապատասխան գրությամբ Արարատի մարզպետին առաջարկել է նկատողություններ հայտարարել իր ենթակայության տակ գործող ուսումնական հաստատությունների տնօրեններին:

Մանրամասները՝ «Ազատություն» ռադիոկայանի տեսանյութում:

Նախորդ հոդվածը‘Դեմբա Բան հանդես կգա դիմակով’
Հաջորդ հոդվածը‘Օրվա աստղագուշակը’