Պատիվ էր Ձեր ժամանակակիցը լինելը. Ռաֆայել Թեյմուրազյան

943

Ռաֆայել Թեյմուրազյանը Ֆեյսբուքում գրել է.

«2000-ին եմ ընդունվել ԵՊՀ մաթեմատիկայի ֆակուլտետ։ Դիմումը ներկայացնելիս մտքովս չէր էլ անցնում, որ միջանցքներում պարբերաբար կտեսնեմ Բաբկեն Արարքցյանին. «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, ԱԺ առաջին նախագահ, մաթեմատիկոս Արարքցյանը հրաժարականից հետո վերադարձել էր բուհ՝ դաս տալու։ Երրորդ կուրսում էլ պարզվեց, որ մաթֆիզ հավասարումների դասագրքի համահեղինակներից է։

Նման բաներ եվրոպական երկրների մասին էի կարդացել, բայց Հայաստանի առաջին իշխանությունում բարձր պաշտոններ զբաղեցնողների մեջ, ինչպես պարզվեց, սա օրինաչափություն էր. Արարքցյանը վերադարձել էր բուհ, Տեր-Պետրոսյանը գիտական գործունեությունն էր շարունակում, Սիրադեղյանը գրում էր… Միայն այս փաստը ցույց է տալիս, թե ինչ նվիրումով ու պատվախնդրությամբ էին նրանք անում այն գործը, որն իրենց վստահվել էր։ Հարաբերությունների, խոսքի որակի ու (ան)բարոյականության այսօրվա դիրքերից Հայաստանի հիմնադիրների մասշտաբներն ավելի են ընդգծվում և, վստահաբար, դեռ արժևորվելու են։

Բաբկեն Արարքցյանի դերը շարժման ղեկավար կազմի կամ ԱԺ նախագահի պարտականությունների տիրույթից շատ անդին էր։ Արարքցյանն էր, որ 1997-ին հրաժարական տալու գնով արգելափակեց բոլորին բանակ զորակոչելու Վազգեն Սարգսյանի ձեռնարկը։ Շատերին դա մի անկարևոր բան էր թվում, բայց համակարգը պատկերացնող, բուհից եկած ԱԺ նախագահն իր հրաժարականով ցույց տվեց, թե ի՛նչ կարևորության հարցի մասին է խոսքը (կնճիռը հարթվեց երկրի նախագահի միջամտությունից հետո միայն)։

Պատասխանատվության, պատվախնդրության օրինակ ցույց տալուց զատ, Բ.Արարքցյանը նաև պարկեշտության տիպար էր։ Աստիճանաբար հեռանում է քաղաքական, մտավորական մի սերունդ, որի սահմանած նշաձողին հասնելը գալիքի նպատակ է դառնալու։

Գնաք խաղաղությամբ, պարոն Արարքցյան։ Պատիվ էր Ձեր ժամանակակիցը լինելը»։

Նախորդ հոդվածըՀայկ Մարտիրոսյանը՝ արագ շախմատի Եվրոպայի փոխչեմպիոն
Հաջորդ հոդվածը«Ինտերը» հաղթեց «Լացիոյին», Մխիթարյանը մասնակցեց խաղին(տեսանյութ)