‘Պարալիմպիադայի բացումը. Ուկրաինայի հավաքականի դեմարշը’

1191

Երեկ Ռուսաստանի պատմության ընթացքում առաջին Պարալիմպիական խաղերի բացումը Սոչիում տեղի է ունեցել «Կոտրելով սառույցը» անվանումը կրող արարողությամբ, որի ավարտին մարզադաշտով անցել է «Խաղաղություն» խորհրդանշական անունը կրող սառցահատը:

Խաղաղության կոչ էին արել նաև Ուկրաինայի հավաքականի անդամները, որոնք որոշել էին, այնուամենայնիվ, մասնակցել Խաղերին՝ չնայած Ղրիմում ռուսաստանյան զորքերի առկայությանը: Սակայն բացման արարողությունը չի անցել առանց բողոքի ակցիայի՝ ուկրաինացի մարզիկների կողմից: Հավաքականների ավանդական շքերթին Ուկրաինան ներկայացնելու համար դուրս է եկել երեսուն մարզիկներից ընդամենը մեկը՝ դրոշակակիր բիաթլոնիստ Միխայլո Տկաչենկոն: Մարզադաշտը բուռն օվացիայով է ընդունել նրան:

Ինչպես BBC-ի ռուսական ծառայությանը պատմել է Ուկրաինայի Պարալիմպիական կոմիտեի նախագահ Վալերի Սուշկևիչը, մարզիկներն ուզեցել են իրենց դիրքորոշումն արտահայտել բացման արարողության ժամանակ, սակայն Միջազգային պարալիմպիական կոմիտեն զգուշացրել է հնարավոր պատժամիջոցների մասին: Այնուհանդերձ, կոմիտեի ղեկավարը խոստովանել է, որ վախենում է, թե բողոքի ակցիաներ կարող են տեղի ունենալ բուն մրցույթի ժամանակ: «Վախենում եմ, քանի որ մարզիկները հուզական ծայրաստիճան լարված վիճակում են: Նրանք վրդովված են ռուսաստանյան լրատվամիջոցների տարածած համատարած ապատեղեկատվությունից: Մենք նույնիսկ մարզիչների հետ քննարկել ենք այն հարցը, որ ավելի լավ է՝ նրանք ընդհանրապես հեռուստացույց չմիացնեն: Եւ նրանք ուզում են ճշմարտությունը ասել»,- պատմել է Սուշկևիչը: Ուկրաինական պատվիրակությունը չի բացառում, որ եթե իրադրությունը Ղրիմում ավելի սրվի, ապա մարզիկները վաղաժամ կարող են դադարեցնել իրենց մասնակցությունը:

Ռուսաստանի նախագահ Պուտինը հույս է հայտնել, որ Պարալիմպիադան «գոնե մի քիչ կմեղմի կրքերն Ուկրաինայի շուրջ»: Փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Նախորդ հոդվածը‘Հրդեհ «ՍՎԱ» հյուրանոցում. այրվել է շոգեբաղնիքը’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանին չեն ընդունել եվրոպացի գործընկերները և ԵՄ ղեկավարությունը’